Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները Պատմության ֆակուլտետի դասախոսների և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակիցների հետ հանրությանը ներկայացրին միջազգային ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ ընթացող «Մետաքսի ճանապարհ Հայաստան. Վայոց ձոր» հետազոտական ծրագիրն ու արդյունքները:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեց ոչ միայն իտալացի գործընկերներին, այլև ԵՊՀ ղեկավարությանը՝ միջազգային հեղինակավոր ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:
«Մետաքսի ճանապարհ Հայաստան. Վայոց ձոր» հետազոտական ծրագրի ընթացքի ու ձեռքբերումների մասին խոսեց Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:
«Այս համագործակցության արդյունքում մենք ոչ միայն Մետաքսի ճանապարհն ուսումնասիրելու հնարավորություն ստացանք, այլև մեր ուսանողներից մի քանիսը Ֆլորենցիայի համալսարանում ծանոթացան և մասնակցեցին մշակութային ժառանգության պահպանման, հետազոտման և հանրահռչակման գործընթացներին»,- ասաց պրոֆեսորը և հավելեց, որ արդեն 7-րդ տարին է, ինչ իրենք համագործակցում են Ֆլորենցիայի համալսարանի հետ. «Մետաքսի ճանապարհ»-ի մշակութային-պատմական «կերպարի» հետազոտությունը սկսել են 4 տարի առաջ:
«Սկսել ենք «Մետաքսի ճանապարհ»-ի Վայոց ձորի հատվածից: Այն մշակութային առումով ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Մերօրյա բազմաթիվ միջազգային ծրագրերում «Մետաքսի ճանապարհ»-ի հետազոտության մեջ Հայաստանը ներառված չէ, որի պատճառներից մեկն էլ ծրագրում Հայաստանի մշակութային ժառանգության ոչ պատշաճ ներկայացումն է»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա հույս հայտնեց նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի հետազոտության առաջին հատորը. «Սրան զուգահեռ՝ որոշեցինք իրականացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր «Էրասմուս+» ծրագրի շրջանակում»:
Մշակութաբանության ամբիոնի վարիչն ընդգծեց, որ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում 3 հայ ուսանողներ երկու տարի սովորելու են Ֆլորենցիայի համալսարանում, իսկ այնտեղից 2 ուսանողներ եկել են Մշակութաբանության ամբիոն:
Այնուհետև ԵՊՀ միջազգային կապերին, գործընկեր բուհերի ընձեռած հնարավորություններին, համալսարանականների՝ կրթական ծրագրերին մասնակցության և արտասահմանյան բուհերի հետ փոխանակման ծրագրերի մասին խոսեց Միջազգային համագործակցության վարչության մասնագետ Նաիրա Մնացականյանը: Ֆլորենցիայի համալսարանի միջազգային համագործակցությունն էլ ներկայացրեց Լորելլա Պալլան:
Ելույթներից հետո իտալացի մասնագետները հայ գործընկերներին և ուսանողներին տեսապատկերների միջոցով պատմեցին Մետաքսի ճանապարհի հետազոտությանը վերաբերող որոշ տվյալների, Վայոց ձորի հատվածի փաստագրման աշխատանքների, փաստագրումից դեպի տեղական զարգացմանն ու հանրայնացմանն ուղղված գործընթացների մասին:
Հոկտեմբերի 12-ին էլ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ուսանողների հետ հանդիպեց միջնադարագետ Միքելե Նուչոտին:
Նա ներկայացրեց երկու դասախոսություն՝ «Միջերկրայքը և Իտալիան միջին դարերում. մշակութային ընդհանրացումներ» ու «Մշակութային ժառանգությունը և համայնքային հնագիտությունը» թեմաներով:
Մեզ հետ զրույցում Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսորը նշեց, որ Հայաստանում դա իր առաջին դասախոսությունն է ընդհանուր լսարանի, ուսանողների համար. «2014 թ.-ից Վայոց ձորում մեր հետազոտությունների արդյունքների հիման վրա սեմինարներ ենք անցկացնում իմ գործընկերներ Տատյանա Օգանեսովայի և Համլետ Պետրոսյանի հետ, բայց դա միայն արշավախմբի անդամների համար էր»:
Պրոֆեսորը կարևորեց նաև համատեղ կազմակերպվող միջոցառումների անցկացումը և ասաց, որ դրանք թույլ են տալիս իրականացնել ոչ միայն հետազոտությունների, այլև ուսուցանման փոխանակման ծրագրեր. «Կարծում եմ՝ ուսուցման տարբեր մեթոդները, «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների փոխանակումն իմ և Համլետ Պետրոսյանի աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում»:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 13-ին էլ Ֆլորենցիայի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Չեչիլյա Լուչին հանդես եկավ «Միջնադարյան Եվրոպայի վանական ճարտարապետությունը» և «Ռենեսանսի քաղաքային տարածքի կազմակերպումը Ֆլորենցիայի օրինակով» թեմաներով դասախոսությամբ:
Վարդուհի Զաքարյան,
Սլավա Բադալյան