27.10.2017
ԳԻՏԱՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ ԷՐ…
Հոկտեմբերի 27-ին Մայր բուհում տեղի ունեցավ «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը կազմակերպել էին աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «Ռուսալ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը:

Գիտափառատոնի բացման արարողությանը մասնակցում էին «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ և ուրիշներ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ով շրջեց տաղավարներով, զրուցեց ուսանողների և ցուցադրությունների մասնակիցների հետ, ինչպես նաև ներկա գտնվեց գիտափառատոնի շրջանակում անցկացվող դասախոսություններին և գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններին:

ԵՊՀ մեծ դահլիճում գիտափառատոնի պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Ադոլֆ Զալցմանը:

«Գիտափառատոնն ունի բնագիտական ուղղվածություն, սակայն վստահ եմ, որ հասարակական և հումանիտար թևի ուսանողները նույնպես հետաքրքրվածությամբ կհետևեն միջոցառման ընթացքին: Հայաստանյան բուհական համակարգում այս աննախադեպ փառատոնի անցկացման նպատակն է պատանիների շրջանում դեռևս աշակերտական նստարանից սեր արթնացնել դեպի գիտությունն ու նորարարությունը»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

«Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանն էլ ընդգծեց, որ գիտափառատոնի հիմնական նպատակը գիտության տարբեր ճյուղերի գործունեությունն ընկալելի ու մատչելի դարձնելն է հասարակության տարբեր շերտերի, հատկապես ուսանողների և աշակերտների համար:

Այնուհետև հեղուկ ազոտում սառեցված խորհրդանշական կարմիր ժապավենի կոտրմամբ ազդարարվեց միջոցառման մեկնարկը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի նախասրահում, դահլիճներում և գրադարանի մասնաշենքում տեղադրված տաղավարներում մասնակիցները սկսեցին իրենց ցուցադրությունները:

Կենտրոնական մասնաշենքում գործում էին «Գյուտարարություն», «Գիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ռոբոտաշինություն», «Ալյումինի արտադրություն» բնագավառները ներկայացնող տաղավարներ: «Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար անցկացվում էին միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր, իսկ «Գիտություն» հատվածում՝ տարաբնույթ փորձեր և ցուցադրություններ՝ մասնակիցներին մոլեկուլային խոհանոցի խորտիկները համտեսելու հնարավորություն ընձեռելով:

«Старт наука» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը, ով տաղավարի շուրջ խմբված աշակերտների և մյուս հետաքրքրասերների համար հեղուկ ազոտի միջոցով պաղպաղակ ու կոկտեյլներ էր պատրաստում, բարձր գնահատեց նախաձեռնությունը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մասնակցում ենք «Ռուսալ» ընկերության կողմից կազմակերպվող փառատոնին: Ուրախ եմ, որ մեզ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հենց Երևանում անցկացվող գիտափառատոնին, քանի որ աշունը Երևանում ուղղակի հիասքանչ ու գունեղ է՝ մեր փառատոնի նման: Հայկական գիտական ներուժը, հիրավի, մեծ ճանաչում ունի մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Հարկ է նշել նաև, որ հայ մասնակիցների տաղավարները նույնպես շատ հետաքրքիր են»,- ասաց Ալեքսեյ Իվանովը:

«Տեխնոլոգիաներ» ոլորտը ներկայացնող տաղավարում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կարողացան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով ստեղծել ծավալային կառուցվածքներ, սմարթֆոններն օգտագործել որպես մանրադիտակ, ինչպես նաև վարել գիրոսկուտերներ:

Մտքի ուժով կառավարվող «MindFlex» սարքը նույնպես մեծ հետաքրքրություն էր առաջացրել փառատոնի մասնակիցների շրջանում:

«Սարքի մի մասը կազմող հատուկ կցորդը լարերով ամրացվում է մարդու գլխին, ով պետք է նկարների միջոցով պատկերացնի սարքը և այն գնդակը, որը որոշակի տարածություն պետք է հաղթահարի նպատակակետին հասնելու համար: Որքան ակտիվ է ուղեղը, պարզ են պատկերները, հաշվարկները, այնքան գնդակն արագ ու ճիշտ ուղղությամբ է շարժվում, այսինքն՝ սարքը հաշվարկում է ուղեղի ազդակները»,- պատմում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մանվել Մանվելյանը:

«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները հեռակառավարման վահանակների միջոցով «կենդանացնում էին» ռոբոտներին և հետևում արհեստական ինտելեկտի զարմանահրաշ դրսևորումներին:

Իսկական իրարանցում էր «Ռուբիկ-կուբիկ» հավաքող փոքրիկ ռոբոտի շուրջը: Ծրագրավորած ռոբոտը նախ սկանավորում էր «Ռուբիկ-կուբիկ», մի քանի րոպե մտածում և րոպեների ընթացքում լուծում իր առջև դրված խնդիրը:

«Մենք հանրությանն ենք ներկայացնում եռաչափ տպագրիչներ և մանիպուլյացիոն ռոբոտներ, որոնց հանդեպ, ի դեպ, մեծ հետաքրքրություն կա: «Ռուբիկ-կուբիկ» հավաքող այս փոքրիկը նախօրոք ծրագրավորած է, ալգորիթմների շնորհիվ նա հեշտությամբ հաղթահարում է բոլոր փորձությունները: Պետք է նշեմ նաև, որ տպավորված եմ հայ մասնակիցների տաղավարներով, որտեղ ռոբոտները ցատկում են, քայլում և կոնկրետ առաջադրանքներ կատարում: Իսկապես շատ հաջողված միջոցառում է»,- ասում է «Ռոբոտաշինություն» հատվածի Ռոստովի հարավային դաշնային համալսարանի տաղավարում ժամանակակից սարքավորումներ ներկայացնող Ալեքսանդրա Լիսինան:

Նշենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Ցուցադրություններին մասնակցում էին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Ցուցահանդեսի աշխատանքներին զուգահեռ՝ ԵՊՀ մեծ դահլիճում անցկացվում էին դասախոսություններ և «Գիտություն 2.0» («Наука 2.0») հեռուստաալիքի գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններ:

Ապագայի բժշկության մասին փառատոնի մասնակիցներին պատմեց բարձրակարգ բժիշկ-թերապևտ, լրագրող Ալեքսեյ Վոդովոզովը. «Մեծ հաշվով բժշկության մեջ այսօր ստեղծվել և ստեղծվում են մեծ հեռանկարներ: Այս ոլորտում հիմա անհրաժեշտ են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ մաթեմատիկոսներ, հումանիտար գիտությունների մասնագետներ, գիտնականներ և այլն: Բժշկությունը կտրուկ զարգացում է ապրում, ուստի շատ կարևոր է նաև բժշկական էթիկայի մասնագետների դերը»:

Դասախոսության ունկնդիրները բանախոսին հարցեր ուղղեցին գիտության հետագա զարգացման և բժշկության ոլորտում նորարարությունների վերաբերյալ: Այն հարցին, թե հնարավոր է, որ մարդիկ ուղևորվեն դեպի Մարս և առանց կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքի խաթարման ոտք դնեն մոլորակ, բանախոսը պատասխանեց. «Մարդկանց այժմյան զարգացվածության մակարդակը և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս հասնել Մարս մոլորակ: Սակայն այլ հարց է, թե արդյոք ի վիճակի կլինեն մարդիկ գործել մոլորակի մակերևույթի վրա: Կան ազդեցություններ, որոնք բացասաբար կազդեն: Բացի դրանից՝ Մարս մեկնելու մասին մտածելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տիեզերագնացները, ովքեր տիեզերքում մնում են ավելի քան 1 տարի, վերականգնողական երկար շրջան են անցնում»:

Փառատոնի հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանի կողմից ներկայացված «Հետաքրքրաշարժ գիտություն» խորագրով ինտերակտիվ դասախոսությանը:

«Ընդհանրապես գիտական փորձերը շատ ուշագրավ ու տպավորիչ են լինում անգամ մասնագետների համար: Դրանք երբեմն զարմացնում են նույնիսկ ֆիզիկոսներին: Այս անգամ փորձերի ականատեսներն այնպիսի մարդիկ են, ովքեր առաջին անգամ են տեսնում այս ամենը»,- ասաց Հայկ Իշխանյանը և հավելեց, որ ցուցադրության համար ընտրվել են այնպիսի փորձեր, որոնք հնարավոր կլինեն ցուցադրել մեծ մասշտաբով՝ բեմից տեսանելի և հասկանալի լինելու համար:

Օգտակար մանրէների և բակտերիաների մասին դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գործող մանրէաբանական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Շեստակովը: Ալյումինի արտադրության տեխնոլոգիային և վերամշակմանն էլ անդրադարձավ տեխն. գիտ. թեկնածու, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտյոմ Անդրիասյանը:

 

Վարդուհի Զաքարյան,
Միլենա Մկրտչյան