27.10.2017
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԻՄՆԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿ
Ազգ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված հերթական ծրագրով ԵՊՀ-ականները կրկին Արցախում էին: Արդեն 8 տարի է, ինչ Մայր բուհի ուսանողներն Արցախի ազատագրված տարածքներում իրականացնում են ծառատունկ:

Հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի բակում տիրող աշխուժությունը մատնում էր համալսարանականների՝ Արցախ կատարելիք հերթական այցի մասին: Ռազմահայրենասիրական երգերի ու պարերի ուղեկցությամբ ավելի քան 90 ուսանողներ ուղևորվեցին՝ Արցախի ազատագրված տարածքներում ուսանողական հերթական ծրագիրն իրականացնելու:

«Այս այցելությունները շատ կարևոր են և՛ ուսանողների համար, ովքեր ավելի հայրենասեր են դառնում, որովհետև ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այսպիսի միջոցառումներով է տեղի ունենում, և՛ Արցախի համար, որ արցախցին իմանա՝ հասարակությունն իր կողքին է»,- նշեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Առաջին անգամը չէ, որ ԵՊՀ ՈՒԽ քարտուղար Գոհար Ջուլհակյանն Արցախում է, բայց ըստ նրա՝ յուրաքանչյուր այց իր պարգևած զգացումներով ու ապրումներով առանձնանում է նախորդներից. «Ես արդեն բազմիցս Արցախում մասնակցել եմ նմանօրինակ ծրագրերի: Ամեն անգամ տարբեր տպավորություններ եմ ունենում: Ուսանողների սերը, որ ես նկատում եմ, ծառատունկների միջոցով ամեն անգամ ամրացնում ենք ու ցույց տալիս, որ մենք պահանջատեր ենք մեր երկրի հանդեպ: Այսպիսի միջոցառումները, լինելով Ուսանողական խորհրդի ռազմավարության մի մասը, շարունակում են ապահովել Մայր բուհ-Արցախ կապը»:

Համալսարանականների հերթական այցը սկսվեց Արցախի հյուսիսից: Քարվաճառ համալսարանականները դատարկաձեռն չէին գնացել: Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին նրանք նվիրեցին ԵՊՀ-ի՝ վերջին տարիներին հրատարակած գրքեր, հիմնականում՝ հայագիտական աշխատություններ: Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նաև այլ գրքեր, որոնց կարիքը կա դպրոցում, նվիրելու պատրաստակամություն հայտնեց:

Քարվաճառում էլ ուսանողները հիմնեցին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված պուրակ:

«Մեզ համար այստեղ Մայր բուհի ներկայությունը մեծ նշանակություն ունի: Սա արդեն 3-րդ ծառատունկն է Քարվաճառում: Ժողովրդի համար էլ է մեծ ոգևորություն. նրանք զգում են, որ մենակ չեն, իսկ զինվորների բարոյահոգեբանական վիճակն ամրապնդվում է»,- փաստեց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը:

Արցախյան այցերի ընթացքում ուսանողները հաճախ են հանդիպումներ ունենում պետության ղեկավարների հետ: Այս անգամ ուսանողներին հյուրընկալեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: ԱԳՆ ղեկավարն անմիջական ու ջերմ հանդիպման ընթացքում ներկայացրեց Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։

Ուսանողների՝ արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին ուղղված հարցերի պատասխաններով էլ եզրափակվեց համալսարանականների այցն ԱՀ արտաքին գործերի նախարարություն։

Արցախ մեկնած ուսանողների մի մասը եղավ նաև ՊԲ զորամասերից մեկում: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի կողմից իրականացված բարեգործական նախաձեռնության արդյունքում գնված արևային մարտկոցը համալսարանականները նվիրեցին Արցախի հյուսիսում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի N մարտական դիրքին, որտեղ, ի դեպ, մարտական հերթապահություն են իրականացրել Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Մանուկյանը և Գոռ Դարմանյանը:

«Վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել այստեղ, ապրիլից հետո մի քանի ամիս էլ ծառայել եմ ու զորացրվել: Տպավորություններս շատ մեծ են, շատ հարազատ են ու կարոտած, եթե մի բանի համար ներդրել ես ամեն ինչ, որ դրա ամբողջականությունը չխախտվի, ուրեմն տպավորություններդ էլ պետք է ամբողջական լինեն, ինչը մի քանի բառով հնարավոր չէ նկարագրել»,- նշեց «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Գևորգ Մանուկյանը:

Արցախ կատարած այցի երրորդ օրն ուսանողները մասնակցեցին ավանդական ծառատունկին: Մի քանի տարի առաջ համալսարանականների հիմնած՝ Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը հրդեհի հետևանքով ամբողջովին ոչնչացել էր: Ամբողջ պուրակից կանգուն էր մնացել միայն մեկ ընկուզենի: Գուրգեն Մելիքյանի համոզմամբ՝ պուրակը, սակայն, ուսանողների շնորհիվ անպայման կվերականգնվի:

«Ինձ համար հայրենի հողի հետ կապվելն ամենաթանկ բանն է: Եթե կապվեցիր, հողը կսիրես, հողն էլ՝ քեզ: Շնորհակալ եմ Գևորգին, Գոռին, բոլոր ուսանողներին: Առանց ձեզ մենք քիչ բան կարող ենք անել, կանենք, բայց՝ քիչ»,- ասաց Գուրգեն Մելիքյանը:

Ինչ խոսք, Արցախ կատարվող այցերի ընթացքում համալսարանականները ներդրում են ունենում հայոց պատմական այդ տարածքի զարգացման ու շինության գործում: Իր ուսանողության տարիներին որպես ՈՒԳԸ նախագահ, իսկ այսօր արդեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հայոց պատմության դասախոս Միքայել Մալխասյանը նշեց, որ այժմ զգացողություններն այլ են. «Ապրիլյան պատերազմից հետո մենք վերաարժևորման զգացողություն ունենք: Այս ամենը ցույց է տալիս, որ Արցախի ընկալումը մեր երիտասարդների, համալսարանական ուսանողական ակտիվի շրջանում ոչ միայն պահանջատիրոջ, այլ հենց տիրոջ զգացումով է բնորոշվում, ինչը շատ կարևոր է հայրենիքի զարգացման համար»:

Ծառատունկի միջոցառումների միջոցով ուսանողները հավերժացնում են Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը, ովքեր այսօր կլինեին 50-51 տարեկան: Համալսարանականների հիմնած՝ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի անվան պուրակները հիմնվել են հենց նրանց 50-ամյակի, Ազգալդյանինը՝ 75-ամյակի առթիվ:

«Համալսարանականներն Արցախում տարբեր ծառեր են տնկում՝ դեկորատիվ և պտղատու: Տարիներ հետո շատերը կգան ու կտեսնեն, որ իրենց տնկած ծառերը հասակ են նետել, որ կարելի է հանգստանալ այդ ծառերի ստվերում,- ասաց Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը և հավելեց,- մեր ուսանողները եկել են իրենց ներկայությամբ զգալու հողի բույրը, արժևորելու այս հայրենիքը՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս: Մենք բարիք ենք սերմանում այս հողի վրա, այսպիսով՝ մեր արմատները տնկում այս հողի մեջ»:

Նշենք, որ այցի ընթացքում համալսարանականներն այցելեցին նաև Արցախի պատմամշակութային կոթողներ, եղան Գանձասարում, Տիգրանակերտում: Մասնակիցների համար ամենատպավորիչն էլ Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան կատարած այցելությունն էր:

«Այստեղ մեզ հույս էին տալիս՝ ապրելու ու պայքարելու հույս»,- նշեց մասնակիցներից մեկը:


Լաուրա Մարտիրոսյան,

Սոցիոլոգիայի ֆակուլտետ,
մագիստրատուրա, 1-ին կուրս