26.10.2017
«ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ
Հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2017 թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց բջջային հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահը:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

Մեզ հետ զրույցում «Լավագույն բակալավր» անվանակարգում հաղթող ճանաչված, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտ Սահակյանը փաստեց, որ մրցույթն անցկացվում է երկու փուլով. «Սկզբում ուսանողներն ուղարկում են իրենց բնութագիրը (գնահատականների հետ), որի մեջ նշված են արձանագրված հաջողությունները գիտական ոլորտում, օլիմպիադաներում կամ հասարակական գործունեությունն ու կամավորական աշխատանքները, ինչից հետո ընտրվում են նրանք, որոնց հարցազրույցի փուլին մասնակցելու հնարավորություն է տրվում»։

Ալբերտն ասաց նաև, որ իր գլխավոր նպատակը մրցանակը ստանալը չէր. «Ես ունեմ բազում մրցանակներ, և դժվար թե այդ մրցանակով փոխվի իմ կարիերայի ուղին, բայց ինձ հետաքրքիր էր մրցանակին հասնելու ընթացքը: Իհարկե, չեմ ժխտում, որ մրցանակն ավելի արժևորեց իմ անցած ճանապարհը և խթանեց ավելի ինտենսիվ աշխատել հետագա ծրագրերն իրագործելու ուղղությամբ»:

«Գրան-պրի» մրցանակին էլ արժանացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Թորգոմ Եզեկյանը: Նա մեզ հետ ունեցած զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ամենազարգացած ոլորտներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է. «Աշխարհի կտրվածքով էլ եթե վերցնենք, Հայաստանում ՏՏ ոլորտն իսկապես ցածր մակարդակի վրա չի գտնվում, հատկապես ծրագրային ապահովման առումով: Գուցե տեխնոլոգիաների առումով մի քիչ կաղում ենք, որովհետև դրանք հսկայական ներդրումներ են պահանջում»:

Հ.Գ.: «Երևանի համալսարան» թերթը շնորհավորում է մրցանակակիրներին, մաղթում հետագա հաջողություններ և ստորև ներկայացնում կրթական պարգևների արժանացած ԵՊՀ սովորողներին:

«Գրան-պրի»՝
Թորգոմ Եզեկյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

«Լավագույն բակալավր»՝
Ալբերտ Սահակյան - 1-ին կարգ (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)
Մհեր Դավթյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ)
Մանե Ավետիսյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ)

«Լավագույն մագիստրանտ»՝
Վարդան Ալոյան - 1-ին կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ)

«Լավագույն ասպիրանտ»՝
Սուսաննա Գագինյան - 2-րդ կարգ (Ֆիզիկայի ֆակուլտետ)
Տիգրան Հախվերդյան - 2-րդ կարգ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ)

«Լավագույն սփյուռքահայ ուսանող»՝
Ակոպ Կիրակոսյան - 2-րդ կարգ (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)


Պատրաստեց Քնար Միսակյանը