18.12.2017
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
ԵՊՀ ուսանողներն ամիսներ շարունակ մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական 18-րդ մարզական խաղերին ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջին անգամ անցկացված «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրին:

«Երևանի համալսարան» թերթի նախորդ համարներում պարբերաբար ներկայացրել ենք մարզական այդ խաղերի ընթացքը: Թեժ մրցակցությունը շարունակվել է նաև վերջին ստուգատեսների ժամանակ:


ՀՀ ուսանողական 18-րդ մարզական խաղերի ժամանակացույցում վերջին երկու մարզաձևերն էին բասկետբոլը և վոլեյբոլը:

Բասկետբոլ մարզաձևի առաջնությունը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ից 19-ը: Ենթախմբում ԵՊՀ թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ եզրափակիչ փուլում խաղալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմի հետ՝ 5-րդ հորիզոնականը:

ԵՊՀ բասկետբոլի տղաների թիմի մարզիչ Վլադիմիր Զաքոյանը մարզական այդ խաղերին մասնակցությունը և ուսանողների գրանցած արդյունքները գնահատելիս նշեց, որ մրցակիցները որոշվել են վիճակահանությամբ, որի ժամանակ ՀՀ բուհերի բասկետբոլի չորս ուժեղ ուսանողական թիմեր ընդգրկվել են մեկ ենթախմբում:

«Բնականաբար, այդ չորսի մեջ պայքարը թեժ է եղել: Սակայն, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը, որ մեզանից շատ թույլ էր, ենթախմբում գրավել է 1-ին տեղը, դուրս է եկել եզրափակիչ փուլ և գրավել 3-րդ տեղը, և դա այն դեպքում, երբ մենք 5-րդ տեղը զբաղեցրինք ուժեղ թիմերի հետ մրցելիս»,- ասում է Վլադիմիր Զաքոյանը:

ԵՊՀ-ն պարտություն է կրել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Գյումրու պետական մանկավարժական համալսարանի թիմերի հետ մրցավեճերում:

Մարզիչը նշեց, որ ԵՊՀ թիմում ընդգրկված են եղել տարբեր ֆակուլտետների 10 ուսանողներ. «Թիմում ունենք մի ասպիրանտ և 2 մագիստրոս: Եղել են ուսանողներ, որ զբաղվածության պատճառով չեն մասնակցել խաղերին, փոխարինողներն էլ եղել են 1-2-րդ կուրսերի սկսնակներ, որոնց հետ դեռ երկար պետք է աշխատել: Նրանք դեռ չունեն խաղային բարձր մակարդակ. սկսնակներ են, ինչի պատճառով էլ պարտվեցինք»:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն էլ 18-րդ ուսանողական խաղերի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզասրահում անցկացվեց վոլեյբոլի մրցաշարը: ԵՊՀ թիմը մրցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմերի հետ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

«Արդյունքներից, բնականաբար, այդքան էլ գոհ չեմ, սակայն պատճառն այն է, որ նոր խաղացողների համալրում չկա, հիմնական խաղացողները երկրորդ հերթի ուսանողներ են՝ առաջինից մինչև չորրորդ կուրս: Ուսանողներ ունենք նաև մագիստրատուրայից և հեռակա բաժնից: Կար ժամանակի խնդիր»,- նշեց ԵՊՀ վոլեյբոլի թիմի մարզիչ Կարեն Շահբազյանը:

Ինչպես նշեցինք, այս տարի առաջին անգամ անցկացվեց նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագիրը, որը բասկետբոլի եզրափակիչ խաղով եզրափակվեց դեկտեմբերի 1-ին: Այդ խաղը կայացավ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում:

Հանրապետական ուսանողական մարզական խաղերին ԵՊՀ-ն բասկետբոլ մարզաձևում ներկայացրել էր միայն աղջիկների թիմը, որը բաղկացած է եղել տասը մարզուհիներից: Թիմում ընդգրկված են եղել տարբեր ֆակուլտետներից առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողուհիներ:

Առաջին խաղում ԵՊՀ թիմը մրցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի հետ և պարտվել, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականների համար վճռորոշ խաղը կայացել է ԵՊՀ-ի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմերի միջև: Արդյունքում ԵՊՀ-ն զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը:

«Խաղերը լավ են անցել, գոհ եմ թիմի գրանցած արդյունքներից: Կարծում եմ, որ երրորդ հորիզոնականը զբաղեցնելու պատճառն առաջին խաղն էր, երբ մրցում էինք Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ, քանի որ, ցավոք, հանգամանքների բերումով հիմնական մարզուհիներից ոչ բոլորն էին ներկա այդ խաղին: Ճակատագրական այդ պարտությունը բերեց երրորդ հորիզոնականը»,- նշեց ԵՊՀ բասկետբոլի աղջիկների թիմի մարզիչ Լուսինե Մելքոնյանը:

Ուսանողական մարզական խաղերի՝ ԵՊՀ մարզադահլիճում կայացած փակման արարողությանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները: Հաղթող ու մրցանակակիր թիմերին շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

«Վստահ եմ, որ առաջին անգամ անցկացված հանրապետական ուսանողական խաղերը ծառայեցին իրենց նպատակին: Շուրջ 20 բուհերի մոտ 3000 ուսանողներ տարբեր մարզաձևերում պայքարեցին իրենց բուհի մարզական պատիվը բարձր պահելու համար»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:


Միլենա Մկրտչյան