Մարզիկների առաջարկով հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի ձևաչափով: Ներկաները հետաքրքրվեցին չեմպիոնների հաջողության պատմություններով, անձնական կյանքով, սպորտում նրանց մոտիվացիայով:
Ուսանողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչով է կարևոր սպորտից դուրս մասնագիտություն ունենալը:
«Վերջերս Լոզանում սեմինարներ էին անցկացվում, որտեղ քննարկվում էր, թե ինչպես համատեղել սպորտը և ուսումը: Կարծիք հնչեց, որ մարզիկին պատանի հասակից՝ 16-17 տարեկանից, պետք է համոզել, հավատացնել ու հասկացնել, որ պարտադիր է այլ մասնագիտություն ունենալը: Դա օգնում է, որ սպորտում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո մարզիկը կարողանա իրեն «գտնել կյանքում»»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ է:
Արսեն Ջուլֆալակյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ մարզիկները, անկախ սպորտաձևից, հոտառություն ունեն մյուս բոլոր բնագավառներում, սակայն նրանց ծանրաբեռնվածությունն է նաև պատճառը, որ շատերն իրենց չեն փորձում այլ ոլորտներում:
«Դեռ դպրոցական տարիներից ծնողներս մեծ ուշադրություն են դարձրել ուսմանս: Ինքս ինձ չեմ պատկերացնում առանց ընթերցանության, գիտության, բայց միևնույն ժամանակ, իհարկե, ուսումն ու սպորտը համադրելն ու համատեղելը բարդ գործ են: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց Ջուլֆալակյանը:
Ուսանողներից մեկն էլ Արթուր Ալեքսանյանին հարց ուղղեց սպորտում անհաջողությունների, պարտությունների ժամանակ մարզիկների տրամադրվածության փոփոխությունների ու դրանց հաղթահարման հնարավոր միջոցների վերաբերյալ:
«Եթե պրոֆեսիոնալ մարզիկ ես, ապա պետք է պատրաստ լինես ցանկացած դժվարության: Դրանցից խուսափելու լավագույն միջոցը շարունակական պարապմունքներն ու մարզումներն են»,- նշեց Արթուր Ալեքսանյանը:
Մարզիկների մոտիվացիայից խոսելիս Արթուր Ալեքսանյանն ասաց, որ իր համար ամենաոգևորիչը հայրենակիցների արձագանքն է. «Ինձ մոտիվացնում է այն, որ հաղթանակովս մի ամբողջ ազգ է ուրախանում, այսինքն՝ կարողանում եմ մարդկանց գոնե մի քանի րոպեով կտրել իրենց հոգսերից»:
Մաքսիմ Մանուկյանն էլ հավելեց, որ իր համար ամենաոգևորիչն իր հայրենակիցներին հպարտության զգացում պարգևելն է ու հաղթական տրամադրություն հաղորդելը:
Հանդիպման ընթացքում ընթերցվեց նաև Արթուր Ալեքսանյանին ուղղված նամակը, որտեղ երկրպագուհիներից մեկը հետաքրքրվում էր, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա նրա ընտրյալը:
Արթուր Ալեքսանյանը կատակեց՝ ասելով, թե այդ հարցի մասին կարող է ժամերով խոսել, բայց իր կարծիքով. «Ամենակարևորն այն է, որ նա լինի խելացի, հավատարիմ ու անպայման հայ»:
Հանդիպման վերջում ուսանողները լուսանկարվեցին չեմպիոնների հետ:
Սլավա Բադալյան