18.01.2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության նիստում Մայր բուհի ՈՒԽ նախագահ ընտրվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Դավիթ Ափոյանը:

ԵՊՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովի կողմից հունվարի 18-ին հրավիրված Ուսանողական խորհրդի նախագահության նիստում ՈՒԽ արդեն նախկին նախագահ Արմեն Խաչիկյանը տեղեկացրեց, որ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարական է ներկայացրել և ՈՒԽ նախագահի պաշտոնում առաջադրեց ՈՒԽ նախագահության անդամ, ՈԻԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանի թեկնածությունը:

ՈՒԽ նախագահության փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն նախագահ ընտրվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:

Նիստի ընթացքում ՈՒԽ նախագահությունն ընտրեց նաև ՈՒԽ փոխնախագահ: Փոխնախագահի ընտրության անցկացման համար առաջադրված երկու թեկնածուներից ընտրվեց ՈՒԽ նախագահության անդամ Դավիթ Մաթևոսյանը:

Տեղեկացնենք, որ ՈՒԽ նորընտիր նախագահն ուսանողական կառույցի կազմում ընդգրկված է եղել դեռևս 2012 թ.-ից: Բակալավրիատի 2-րդ կուրսից զորակոչվել է զինվորական պարտադիր ժամկետային ծառայության: 2013-2015 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իրականացրել մարտական հերթապահություն և բազմիցս խրախուսվել բարեխիղճ ծառայության համար: Զորացրվել է որպես ավագ սերժանտ և շարունակել ուսումը:

2015-2017 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր: 2016 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2016 թ. դեկտեմբեր ամսին ընտրվել է Ուսանողական խորհրդի փոխնախագահ:

Հ.Գ.: «Երևանի համալսարան» թերթը շնորհավորում է ԵՊՀ ՈՒԽ նորընտիր նախագահ Դավիթ Ափոյանին և մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ:


 

«ԵՊՀ ՈՒԽ հիմնական գործառույթը եղել և մնում է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը»

ԵՊՀ ՈՒԽ նորընտիր նախագահի հետ զրուցել ենք կառույցի գործունեության, նկատված բացերի և առաջիկա ծրագրերի մասին:


- Նախ շնորհավորում ենք նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթում:

- Շնորհակալություն:

- Դավի՛թ, Ձեր կարծիքով՝ ԵՊՀ ՈՒԽ գործառույթները վերանայելու հարկ կա՞:

- ԵՊՀ ՈՒԽ հիմնական գործառույթը եղել և մնում է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, որը դրսևորվելու է բուհի ղեկավարման գործում ակտիվ մասնակցությամբ: Այդ սկզբունքը հաստատվել է կառույցի ստեղծման առաջին իսկ օրվանից, և վստահ եմ՝ չի փոխվելու. առանցքը դա է լինելու: Միևնույն ժամանակ փորձելու ենք մեզ տրամադրվող ռեսուրսը ծառայեցնել ոչ միայն կրթությանը, այլև տարբեր ճյուղերի խթանմանը: Այն ուղղված կլինի սպորտային, մշակութային և այլ ոլորտների, ինչպես նաև ուսանողների շրջանում կազմակերպման, համակարգման և ղեկավարման հմտությունները զարգացնելուն:

- Որպես նորընտիր նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում Մայր բուհում ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ի՞նչ բացեր եք տեսնում:

- Բնականաբար, բացեր կան: Կարող եմ վստահաբար ասել, որ չի եղել ուսանող, ով դիմել է Ուսանողական խորհրդին, և նրա խնդրին առնվազն բավարար լուծում չտրվեր: Սակայն, հասկանալի է նաև, որ ուսանողները ոչ բոլոր դեպքերում են դիմում մեզ կամ երբ դիմում են, որևէ բան փոխելու համար արդեն ուշ է լինում: Այս պարագայում շատ կարևոր է ճիշտ ժամանակին համապատասխան մարմնին դիմելը, ինչին, ցավոք, միշտ չէ, որ հետևում են ուսանողները: Համոզված եմ, որ պատճառը տեղեկացվածության պակասն է: Հիմնական բացը կարող եմ համարել հենց դա՝ ուսանողների իրազեկվածության պակասը, ինչպես նաև որոշակի անտարբերությունը: Իհարկե, այլ բացեր ևս ունենք, որոնց շտկմանն ուղղված քայլեր անպայման կլինեն:

- Ձեր սահմանած նշանակետերին հասնելու համար կառուցվածքային փոփոխություններ լինելո՞ւ են:

- Եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, կկատարենք կառուցվածքային փոփոխություններ: Զարկ կտանք գործող համակարգի աշխատանքներին, իսկ ժամանակը ցույց կտա հետագա ընթացքը:

- Ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում իրականացնել առաջիկայում:

- Նախ նշեմ, որ ձմեռային քննաշրջանի ամբողջ ընթացքում Ուսանողական խորհրդի նախագահության անդամների կողմից իրականացվեց հերթապահություն, որի արդյունքում գրանցեցինք քննական գործընթացին առնչվող բազմաթիվ խնդիրներ և ձեռնարկեցինք դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլեր: Նոր կիսամյակի մեկնարկին զուգահեռ կսկսվեն ֆակուլտետային ուսանողական խորհուրդների և հանձնաժողովների պլանային աշխատանքները:

Առջևում է առաջին կուրսեցիների համար նախատեսված «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները ԵՊՀ-ում» ծրագիրը, որի շրջանակում մեր նորաթուխ համալսարանականներին կներկայացնենք Երևանի պետական համալսարանի և Ուսանողական խորհրդի կառուցվածքը, ինչպես նաև կծանոթացնենք իրենց իրավունքներին ու պարտականություններին: Առաջիկայում իրականացվելիք ծրագրերի շարքում նախատեսում ենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսխորհրդականների համար:


Քնար Միսակյան