30.01.2018
ԱՐԱՄ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՉՈՒՆԵՄ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՄ»
Արամ Դալլաքյանը սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 3-րդ կուրսում: Ապագայում նա ցանկանում է դիվանագիտությամբ զբաղվել և Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին լուծումներ տալ: Իր երազանքի հետևից գնացող Արամը մասնակցել է «Ամենախելացին» հեռուստանախագծին և հաղթող ճանաչվել «Կրոն» անվանակարգում:

Պատմում է ինքը՝ Արամը:

Արաբագիտության հետ ուզում եմ ողջ կյանքում առնչվել…

Դեռևս դպրոցական տարիներին և հատկապես ավագ դպրոցում ակտիվորեն հետաքրքրվել եմ արաբական մշակույթով: Արաբական աշխարհը, հատկապես Մերձավոր Արևելքն իր քաղաքական գործընթացներով հրապուրել են ինձ, ու հենց այդ ժամանակ էլ որոշեցի արաբագետ դառնալ: Բուհի ընտրությունը միանշանակ է եղել: Ուսումս հետագայում նույնպես կշարունակեմ ԵՊՀ-ում, բայց հավանաբար Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ «Կոնֆլիկտաբանություն» մագիստրոսական ծրագրով:

Ապագայում ինձ ուզում եմ տեսնել դիվանագիտության ոլորտում

Հետաքրքրվում եմ քաղաքականությամբ: Փորձում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերլուծել ու հասկանալ, թե ես ինչ ռազմավարություն կընտրեի ու ինչ կփոխեի: Կոնկրետ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ես այլ կերպ եմ պատկերացնում ու կփոխեի ամեն ինչ: Մասնավորապես Արցախյան հիմնախնդրի դեպքում, իմ կարծիքով, հաստատ պետք է փոխել: Ըստ իս՝ մենք սխալ սկզբունքների հիման վրա ենք բանակցում: Սկզբունքները, որոնք հենց սկզբում դրվել են բանակցային գործընթացի հիմքում, մասնավորապես փոխզիջումները, տարածքային զիջումները և այլն, պետք է վերանայվեն: Արցախի տարածքային ամբողջականության հարցում տարանջատումը սխալ եմ համարում: Արցախը մենք պետք է ընդունենք որպես մեկ միասնական քաղաքական միավոր ու միջազգային հանրությանն էլ պետք է ստիպենք Արցախն ընդունել հենց այդպիսին: Պետք է տարածքային ամբողջականությունն ամրագրենք ու բանակցենք այդ տարածքի քաղաքական կարգավիճակի շուրջ: Ես սխալ եմ համարում նաև այն, որ շատերը գտնում են, թե հարցը պետք է կարգավորվի մեկ պայմանագրով կամ բանակցային գործընթացով, որի հիմքում մեկ ասպեկտ է: Պետք է հարցը բաժանել բազմաթիվ միավորների ու կարգավորել:

2018 թ.-ին երկշաբաթյա ուխտագնացության կմեկնեմ Երուսաղեմ

Մրցանակը սահմանել է Արարատյան Հայրապետական թեմը՝ «Ամենախելացի» հեռուստանախագծում «Կրոն» անվանակարգում հաղթելու համար: Առաջին անգամ, երբ հեռուստախաղն անցկացվեց ուսանողների շրջանում, հարազատներս ու ընկերներս շատ էին համոզում, որ ես էլ մասնակցեմ, բայց այդ ժամանակ չցանկացա: Երկրորդ անգամ արդեն համոզվեցի ու որոշեցի ուժերս փորձել: Կարելի է ասել՝ հաղթեցի, քանի որ հենց այդ նպատակով էլ որոշել էի մասնակցել մրցույթին ու հաղթել «Կրոն» անվանակարգում: Իհարկե, վատ չէր լինի, եթե ավելի առաջ գնայի մրցույթում, բայց ես գոհ եմ արդյունքներից: Ընդհանրապես ինչ-որ բանի ձգտելիս և դրան հասնելու ընթացքում ես ինչ-որ բան սովորում եմ կամ հասկանում: Վերջնական հաղթանակը գուցե ամրապնդում է շատ բաներ, բայց դա ամենակարևորը չէ: Ըստ իս՝ հաճույք պետք է ստանալ հենց ընթացքից: Մինչ այս հեռուստախաղը մրցույթների չեմ մասնակցել, բայց մասնակցել եմ առարկայական օլիմպիադաների, որոնք ավելի շատ ինքդ քեզ ստուգելու հնարավորություն են տալիս:

Նախասիրություններս բազմազան են ու բազմաժանր

Սիրում եմ ֆիլմեր նայել, հիմնականում պատմական կամ դետեկտիվ ժանրում: Գրքեր կարդալիս էլ հիմնականում նախապատվությունը տալիս եմ այդ ժանրերին: Ստեղծագործություններ շատ կան, որոնցում կուզենայի հայտնվել, բայց ամենաշատը՝ «Գահերի տիրակալը» («Games of thrones») սերիալում, որպեսզի այդ իրադարձությունների մասնակիցը դառնայի: Դետեկտիվ ժանրի գրողներից ավելի շատ սիրում եմ Ագաթա Քրիստիին: Ժամանակակից գրողներից էլ նախընտրում եմ Դեն Բրաունին: Հայ գրականությունից Մուրացանին եմ սիրում: Արաբական գրականություն էլ եմ ուսումնասիրում, ճիշտ է, դեռ բնօրինակով չեմ կարդում, բայց շատ հետաքրքիր է, թե ինչ միջոցներով են կարողանում սոցիալական տարբեր խնդիրներ արտահայտել: Երաժշտական նախասիրությունս էլ ռոքն է: Հայկական ռոք խմբերից սիրում եմ «Դորիանս»-ին, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբերից՝ «Scorpions»-ին և «Nirvana»-յին: Ներգրավված եմ նաև ներհամալսարանական կյանքին: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ եմ: Մասնակցում եմ սեմինարների, հանդես եմ եկել նաև որպես սեմինարավար: Պատրաստվում եմ մասնակցել ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանին ու հանդես գալ զեկուցմամբ:


Հստակ սկզբունք ունեմ. չեմ հավատում տարածված կարգախոսներին

Կարծում եմ, որ եթե մի բանի շատերն են հավատում, ապա ինչ-որ բան այն չէ: Չունեմ կարգախոսներ, որոնցով ամբողջ կյանքում կառաջնորդվեմ: Հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ նաև աշխարհի կրոնները: Տարածված կարծիքին հակառակ՝ գտնում եմ, որ մեր դարում դրանք չեն կորցրել իրենց դերը և նույնիսկ ավելին: Կրոնները բոլոր ժամանակներում էլ ծառայել և հիմա էլ որպես քող են ծառայում քաղաքական ու տնտեսական խմորումների համար, և հիմա էլ մենք պետք է ուսումնասիրենք քողի բնույթը, որ հասկանանք ավելի խորքային հարցերը:

Բոլորիս կյանքում էլ լինում են հիասթափություններ…

Ես շատ հաճախ հիասթափվում եմ մարդկանց ոչ ճիշտ վերաբերմունքից: Ես իմ բնավորության դրական հատկանիշներից եմ համարում այն, որ մի բանի վրա շատ չեմ կենտրոնանում: Երբ հիասթափվում եմ, այդ զգացումը շուտ է անցնում: Ընթացքում, այո՛, գուցե վերադառնամ այդ հարցին, բայց այն արդեն ցավալի չի լինի ինձ համար ու չի խանգարի իմ առօրյա կյանքին:

Ես քայլում եմ դեպի երազանքս…

Ինձ թվում է, որ բոլորս էլ ունենք մեկ նպատակ կամ երազանք, որի մասին չենք բարձրաձայնում: Եթե ես էլ պատմեմ երազանքիս մասին, գուցե չկատարվի (ծիծաղում է): Ես գնում եմ այդ երազանքի հետևից, այսինքն՝ քայլում այն ճանապարհով, որը կհասցնի նպատակակետին:

Քնար Միսակյան