19.01.2018
ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ՄԻՏՔԸ
Եթե ուզում եք փորձել ձեր ուժերը և բարձրանալ ժայռամագլցման հատուկ պատը, մարզադահլիճում առաջինը, որ պետք է անեք, նախավարժանքն է:

Այնուհետև մարզչի օգնությամբ հագնում եք հատուկ ժայռամագլցման համար նախատեսված գոտին, ամրացնում եք կապերը, ձեռքերի ափերին քսում եք հատուկ նյութ՝ մագնեզիում (որպեսզի ձեռքերը չսահեն), լսում եք մարզչի ցուցումները և ողջ ուժերն ու միտքը կենտրոնացնում եք ճիշտ դիրքեր ընտրելու և ամենաբարձր կետին հասնելու վրա…

Հենց նշված հրահանգներով են առաջնորդվում ԵՊՀ ժայռամագլցման «Ապառաժ» խմբակի մարզիկները: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սարգիս Վարդերեսյանը հենց մարզման պահին մեզ մանրամասն պատմում էր այդ ամենի մասին՝ կարևորելով անվտանգության կանոնները, որոնց առանձնակի ուշադրություն են հատկացնում մարզումների ընթացքում: Սարգիսը խմբակում սկսել է մարզվել հենց հիմնադրման պահից և տարիների ընթացքում հմտանալով՝ արդեն խմբակի նոր անդամներին որպես ավագ ընկեր սիրով օգնում է իր խորհուրդներով ու փորձով:

«Բազմաթիվ մագլցողների սխալն այն է, որ բարձրանալու ընթացքում ողջ ծանրությունը կենտրոնացնում են ձեռքերի վրա, արդյունքում առաջանում է դող: Դժվարանում են այնքան ժամանակ, մինչև սովորում են հենվել ոտքերի վրա: Մի քանի պարապմունք հետո արդեն կարողանում են լավ մագլցել: Մագլցելիս մեծ էներգիա ենք վատնում, բայց եթե սիրով ես դա անում, չես հոգնում և կարող ես օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանալ»,- նշում է Սարգիս Վարդերեսյանը:

Վերանորոգումից հետո ԵՊՀ մարզադահլիճը համալրվեց ժայռամագլցման պատով: Այն ԵՊՀ ուսանողներին «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի շրջանակում նաև ժայռամագլցման գործում հմտանալու հնարավորություն ընձեռեց: Տասնյակ ուսանողներ անդամագրվում և մասնակցում են ԵՊՀ սպորտային ժայռամագլցման ակումբում իրականացվող մարզումներին: Ժայռամագլցման պատը կառուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակում: Այն համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Ժայռամագլցումը մարզաձև է, որով առանց տարիքային սահմանափակման զբաղվում են և՛ աղջիկները, և՛ տղաները: Անհրաժեշտ է միայն ֆիզիկական որոշակի պատրաստվածություն և բարձունքներ նվաճելու ցանկություն:

ԵՊՀ ժայռամագլցման «Ապառաժ» խմբակում է մարզվում նաև ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Վարդանյանը, ով նախկինում զբաղվում էր պարարվեստով: Սակայն, երբ ընկերները պատմում են ԵՊՀ ժայռամագլցման խմբակում իրենց մարզումների մասին և խորհուրդ են տալիս միանալ, նա նույնպես որոշում է անդամակցել: Շուրջ հինգ ամիս է, ինչ Մարիան մասնակցում է ժայռամագլցման մարզումներին: Նա պատմում է, որ ոչ միայն արդարացել են իր սպասելիքները, այլև այնքան հոգեհարազատ են դարձել մարզաձևը, միջավայրը, մարզիչն ու խմբակի ընկերները, որ ոչ մի մարզում բաց չի թողնում: Մեզ հետ զրույցում Մարիա Վարդանյանը ոգևորությամբ մարզչի խոսքն է մեջբերում, որը հաճախ է կրկնում. «Ժայռամագլցումն ասես կախվածություն լինի. մեկ անգամ բարձրանում ես, և վերջ, էլ չես կարողանում կտրվել, ուզում ես ավելի բարձրանալ և հասնել նորանոր վերելքների»:

Բավականաչափ ուժ, ֆիզիկական պատրաստվածություն, ճկունություն, դիմացկունություն, հավասարակշռություն և կայունություն ունենալուց զատ՝ ժայռամագլցմամբ զբաղվողները պետք է նաև հոգեբանորեն նախապատրաստվեն, լինեն ուժեղ կամքի տեր և ճկուն մտածողության շնորհիվ գտնեն առավել հարմար տարբերակներ և հնարքներ՝ քայլ առ քայլ նպատակակետին հասնելու համար:

«Մինչ խմբակ հաճախելը բարձրությունից վախենում էի, իսկ հիմա դա հաղթահարել եմ: Բարձրանում եմ 12 մետրանոց պատը և վերևից հանգիստ նայում եմ ներքև: Հույսդ դնում ես ներքևում կանգնած ընկերոջդ վրա: Չնայած դեռ հաշված ամիսներ եմ զբաղվում ժայռամագլցմամբ, բայց կարող եմ ասել, որ այն շատ բան է փոխել իմ կյանքում: Ես արդեն ապրում եմ ժայռամագլցմամբ, այն ամեն ինչ է դարձել ինձ համար: Ուսման հետագա 2 տարիների ընթացքում միանշանակ շարունակելու եմ մարզումները, իսկ հետո ժամանակը ցույց կտա»,- ասում է Մարիա Վարդանյանը:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Սուրեն Ստեփանյանը ԵՊՀ ժայռամագլցման «Ապառաժ» խմբակի մարզիչն է: Նա նշում է, որ խմբակի «Ապառաժ» անվանումը որոշվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ խորհրդակցությունների արդյունքում, քանի որ այն և՛ հայկական է, և՛ գեղեցիկ է հնչում:

Խմբակի անդամները պարբերաբար մարզումներ են անցկացնում նաև բնության գրկում: Որքան էլ տարբեր վարժություններ են կատարում մարզադահլիճում, այնուամենայնիվ ուսանողները մեծ բավականություն են ստանում իրական ժայռ մագլցելու ժամանակ:

«Սա այն մարզաձևն է, որի պարապմունքների ժամանակ աշխատում են մարմնի բոլոր մկանները՝ պարանոցից մինչև մատներ: Այս սպորտաձևն ունի ևս մեկ յուրահատկություն՝ մագլցելիս մեկը մյուսին է վստահում իր կյանքը: Ասես թիմային ընտանիք լինենք, հարազատ մթնոլորտ է մեր թիմում»,- նշում է Սուրեն Ստեփանյանը:

ԵՊՀ ուսանողների՝ Արցախ կատարած այցելություններից մեկին մասնակցել են նաև «Ապառաժ» խմբակի անդամները, ովքեր երկօրյա ծրագրի ընթացքում ժայռամագլցման մարզումներ են իրականացրել արցախցի երիտասարդների հետ: Նախատեսվում է շարունակել համագործակցությունը և Արցախում այլ միջոցառումներ ևս իրականացնել:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ մարզիչը նշում է, որ հետաքրքիր գաղափարներ կան, օրինակ՝ սառցամագլցման մարզումներ իրականացնելը: Շարունակվում է նաև համագործակցությունը Իրանի Ալպինիզմի ֆեդերացիայի հետ: Իրանում ամեն տարի՝ օգոստոսին, կայանում են Համահայկական մարզական խաղեր: Մարզիչը նշում է՝ հրավերն արդեն ստացել են և պատրաստվում են հավուր պատշաճի ներկայանալ:

Հ.Գ: Ի դեպ, մոտ մեկ տարի է, ինչ ԵՊՀ-ում հիմնադրվել է նաև Ալպինիզմի և արտակարգ իրավիճակների ակումբը: Այն երիտասարդների շրջանում նույնպես զարգացնում է լեռնագնացության հմտությունները և ավելի խորացված դասընթացների միջոցով օգնում է հասկանալ, թե լեռնագնացությունն ինչ կարևոր դեր է խաղում փրկարարության կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:


Միլենա Մկրտչյան