27.01.2018
«ՀՈԳԵԲԱՂՁ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ Է, ՈՐ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՇԽԱՏԱՎՈՐ… ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ «ՄԵԾ ՄՈՐԸ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Ընթացիկ ուստարվանից արդեն միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Վարդանյանը 2017 թ. հոկտեմբերին ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ արժանացավ ԵՊՀ քի, համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

Իր կյանքի ավելի քան հինգ տասնամյակը Մայր բուհում անցկացրած հոբելյարի հետ զրուցել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մակարյանը:


- Պարո՛ն Վարդանյան, գրականությունը Ձեզ ուղեկցել է ամբողջ կյանքում` դառնալով և´ Ձեր սիրած զբաղմունքը, և´ մասնագիտությունը: Ե՞րբ և ինչպե՞ս ծագեց գրականության հանդեպ սերը:

- Շատ տարօրինակ կերպով… Հինգերորդ տարվան դեռ չհասած մանուկ կպչուն համառությամբ մայրիկիս հետ հասնում եմ գրախանութ և այնտեղ տիրանում «իմ» գրքին՝ Հայ գրականության դպրոցական քրեստոմատիային: Սիրելի հորեղբորս ձեռքի գիրքն էր, և այն ճանաչում էի ոչ միայն արտաքինից, այլև հորեղբորիցս լսած ընդարձակ հատվածներ էի սերտել: Եվ երբ գրախանութում կատակում են կարդալ չգիտենալուս թեմայով, անմիջապես բացում եմ գրքի այն էջը, որտեղ պատկերված էր իմ սիրելի բանաստեղծը, և սկսում ոգևորված «կարդալ» նրա նկարի ներքևում եղած տողերը. «Բազմած լուսնի նուրբ շողերին…»:
Ավարտում եմ «Անուշի» նախերգանքը և գրախանութից ելնում` երազներիս գիրքը կրծքիս սեղմած: Երջանկության մեջ եմ եղել… Իրականում ո՛չ բանաստեղծի անունն եմ իմացել, ո՛չ երկի և ո՛չ էլ «կարդացածս» բառերի ու պատկերների իմաստը:

Ըստ երևույթին, այդ մոլեռանդ սերը վաղ տարիքում արտահայտված նախասիրության դրսևորում է եղել, որ այս կամ այն չափով բնորոշ է բոլոր մանուկներին:

Շատ տարիներ անց պետք է խորը հուզմունքով կարդայի բանասեր սերունդների շրջանում գրական ճաշակ դաստիարակող ուսուցչապետի՝ Մկրտիչ Մկրյանի ընծայագիրն իր հեղինակած «Մովսես Խորենացի» գրքի վրա. «Սիրելի՛ Խաչատուրին, գրական նուրբ ու ազնիվ ճաշակի տեր իմ ասպիրանտին՝ լավագույն ցանկություններով» (2.V.70թ.):

Ես այդ ընծայագրի ու հեռավոր մանկական իմ անգետ հափշտակության միջև կապ եմ տեսնում: Առաջին «ընծայագրողը» հայ մանուկների հոգևոր կնքահայրն է եղել՝ «Ամենայն հայոց բանաստեղծը»...


- Համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանելու տարիներին եղել եք ֆակուլտետի ՈՒԳԸ գործուն անդամ, ապա` նախագահ: Ի՞նչ իրադարձություններ կհիշեք, որ վճռորոշ են եղել Ձեր ապագայի ձևավորման գործում:

- Ուսանողական մեր սերնդի աշխույժ կյանքը սնվում էր խրուշչովյան դարաշրջանից, որ ամենքի համար էր սնուցիչ, իսկ բանասեր ուսանողների դեպքում՝ նաև մեր գիտական ղեկավարից` եռանդուն բնավորությամբ, կուսակցական կաղապարներից դուրս, տակավին 30-ամյակը չբոլորած Հրանտ Թամրազյանից, որ կրակոտ քննադատի համբավ էր վայելում և ուսանողների սիրելին էր:

ՈՒԳԸ աշխատանքներում ես աչքի ընկա 2-րդ կուրսից, երբ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի քննարկմանը զեկուցողի պարտավորություն ստանձնեցի: Մեր այդ քննարկումը որոշ իմաստով բախտորոշ եղավ մեծ բանաստեղծի համար: Բանն այն է, որ Պ. Սևակին «վերևից» բանադրանք էր սպառնում, և «Գրական թերթ»-ի անստորագիր խմբագրականում արդեն ձևակերպվել էր հավատաքննական մեղադրանքը, որ իբր «Անլռելի»-ի մեջ առկա են նացիոնալիզմի և ազգային բացառիկության գաղափարի դրսևորումներ… Օրերը հղի էին «Անլռելի»-ի և նրա հեղինակի համար ծանր հետևանքներով:

Մեր քննարկումը կայացավ 1959 թ.-ի դեկտեմբերի 12-ին՝ հիշյալ խմբագրականից մի քանի օր անց: Մեր հույսերն արդարացան: Համալսարանական քննարկումը ոչ միայն ցրեց սխրանք-ստեղծագործության գլխին կուտակված ամպերը, այլև նրա առջև կատարյալ հաղթարշավի ուղիներ բացեց:

Պ. Սևակի մեծ պոեմից հետո մեր քննարկումների շարքից ամենահետաքրքիրը եղավ Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպին նվիրված միջոցառումը` հիմնականում ուսանողության գործուն դերով: «Մխիթար սպարապետ» վեպի քննարկման օրերին էր, որ Հր. Թամրազյանը դրսից (հավանաբար հենց Գրողների միությունից) ֆակուլտետ մտնելիս, լեռնեցու անմիջականությամբ հեռվից ձեռքն իմ կողմն ուղղելով, ասաց. «Ա՛յ տղա, գիտե՞ս, որ Գրողների միությունը հաշվի է նստում համալսարանի ձեր կազմակերպության հետ»: Եղածը, իհարկե, պատիվ էր բերում մեր հոգևոր ստնտուին` Մայր բուհին, ու նաև անձամբ իրեն` Հր. Թամրազյանին:


- Համալսարան ընդունվելուց հետո Ձեր հետագա ամբողջ կյանքը կապված է եղել Մայր բուհի հետ: Եղել եք նախ «Բանբեր Երևանի համալսարանի» գիտական պարբերականի հիմնադիր կազմում, այնուհետև խմբագրել եք «Երևանի համալսարան» թերթը և նկատելի հաջողություններ եք ունեցել այդ գործում: Ի՞նչ է Ձեզ տվել խմբագրի աշխատանքը, և ինչո՞ւ, այնուամենայնիվ, նախընտրեցիք դասախոս աշխատել:


- Նախ կցանկանայի գուրգուրանքով հիշել «Բանբեր»-ի հիմնադրի անունը՝ ռեկտոր Մկրտիչ Ներսիսյանի, ապա հիմնադիր կազմից այժմ բացակա երեք անբասիր, ինձ հավետ սիրելի դեմքերին՝ միմյանցից վաստակով այնքան տարբեր, բայց մարդ արժեքով լիովին հոգեհարազատ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանին, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Ֆելեքյանին և եղերաբախտ, բայց լուսեղեն հոգի Ալլա Ամիրբեկյանին: «Բանբեր»-ն այն ժամանակ ԵՊՀ հասարակագիտական մեծերի «տունն» էր… Այդ «տան» տերերի՝ համալսարանի խոշոր հասարակագետների հավաքները (խմբագրական կազմի խորհրդակցությունները՝ ակադեմիկոս Մ. Ներսիսյանի նախագահությամբ) գիտական բարձր դպրոց էին բարձրագույն կրթությամբ ու հեռակա ուսուցմամբ ասպիրանտ գրական աշխատողիս համար, թեկուզ և՝ սոսկական ունկնդրմամբ:

Ինչ վերաբերում է «Երևանի համալսարան» թերթում իմ աշխատանքին, ապա դա ևս սիրով ու նվիրումով է եղել: Հարցի ամփոփիչ մասի վերաբերյալ կասեմ, որ «Բանբեր»-ի ու թերթի տարիներին նախապատրաստվել եմ իմ ամենասիրելի գործին՝ դասախոսական աշխատանքին: Այսօր էլ, երբ շարունակում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում աշխատել (կարոտով եմ բաժանվել Երևանի ուսանողներիցս) սիրով ու երկյուղածությամբ եմ վերապրում հանճարեղ Ֆրիկի սահմանած ստեղծագործական ոգեշնչման բանաձևը, որ վերաբերում է նաև դասախոսական աշխատանքին. «Երբ կու ծաղկի միտքս ու հոգիս, լեզուն իմ հանց պտուղ կուտայ»:


- Դուք սովորել, հասակ եք առել երևելի բազմաթիվ գիտնականների՝ Մկրտիչ Մկրյանի, Էդուարդ Ջրբաշյանի, Էդուարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Վաչե Նալբանդյանի, Հրանտ Թամրազյանի, Ալբերտ Շարուրյանի և այլոց միջավայրում, նրանց հետ կողք կողքի տևական աշխատել: Այդ գիտնականներից հատկապես ովքե՞ր են Ձեզ հոգեհարազատ եղել:


- Ինձ համար միանգամայն հոգեմոտ էին ոչ միայն Ձեր թվարկած հայագետները, այլև մի քանի այլ դեմքեր՝ Համազասպ Համբարձումյան, Սեդա Ավետիսյան, Ռաֆիկ Հարությունյան, Վազգեն Գևորգյան, Աշոտ Սուքիասյան, Հրանտ Պետրոսյան, Ռաֆայել Իշխանյան, Հովհաննես Բարսեղյան, Մանվել Ասատրյան, Պողոս Պողոսյան, Սերգեյ Գալստյան, որոնցից ոչ բոլորի ուսանողն եմ եղել: Սակայն, երբ արդեն զուտ գրականագետներին ենք առանձնացնում, ապա իմ կյանքում բացառիկ դեր ունեն նրանցից երեքը միայն` Մ. Մկրյանը, Էդ. Ջրբաշյանը և Հր. Թամրազյանը` ոճով, ոգով ու մարդկային նկարագրով միմյանցից բոլորովին տարբեր մարդիկ, եթե ոչ՝ հակադիր: Դա ինձ չի խանգարել, սակայն, որ ես նույն ջերմ ու մեծարող վերաբերմունքով հավասարապես նրանց հետ առողջ հարաբերություն պահպանեմ:

Մկրյանն ինձ համար եղավ գեղագիտական վերլուծության մեջ լավագույնը, յուրօրինակն ու նրբամիտը: Գրականության մեջ արտահայտված գեղեցիկը ոչ ոք նրա պես չբնութագրեց: Նա մեծագույն վայելքի էր հասցնում հատկապես հոգեբանորեն խորունկ գրական դրվագների վերլուծությունը:

Ջրբաշյանն իր բարեխղճությամբ նմանը չունեցող գրականագետ էր և կարող էր չափանիշ ծառայել փաստերի հետ բարեխիղճ վերաբերվելու գործում: Նրա ասելիքն ամբողջանում էր փաստերի խիստ տրամաբանությամբ: Նա իր հետևողականությամբ ուղղակի սպառում էր հերթական թեմայի պատասխանը:

Թամրազյանը զգացմունքի մարդ էր, կարող էր զեղումների դիմել, անգամ մի տեսակ հեռանալ նյութից, բայց և միաժամանակ հանգել անզուգական ու իմաստուն ընդհանրացման: Կարելի է տարբեր հեղինակների վերաբերյալ նրա ընդհանրացրած գնահատականներից իր տեսակի մեջ մի յուրօրինակ քրեստոմատիա կազմել: Նա ընդհանրացնող մտքի ճկուն ու կարող մի բնածին տրվածք ուներ:

- Ձեր հարուստ գրադարանը շատերի, այդ թվում՝ իմ հիացմունքին է արժանացել: Գիտենք, որ հազվագյուտ գրքեր ունեք: Ինչպե՞ս եք դրանք ձեռք բերել:

- Հազվագյուտ գրքերի ձեռքբերումը, պարզ է, նյութական զոհաբերություն է պահանջում: Մի բան, որ ինձ համար ոչ մի նախադրյալ չուներ. «սևագործ» բանվորի որդի էի: Սակայն իմ գրադարանը, բուն իմաստով, սկսվեց թանկ գրքով՝ Մխիթարյանների «Գեղունի» հանդեսի մի հավաքածուով (1901-1906 թթ.): Մեկ ամբողջ տարի ես մի կողմից սակարկում էի այդ հավաքածուն վաճառողի հետ, իսկ մյուս կողմից՝ օրապահիկի ու թոշակի խնայողություններ կուտակում: Ի վերջո, ես այդ հավաքածուն գնեցի ուսանողական 400 ռուբլիով: Իմ գրադարանի հարստացման բուն աղբյուրն այն օրերի Երևանի միակ «Բուկինիստ» խանութն էր՝ նույն տեղում, ինչպես հիմա՝ Մաշտոցի պողոտայում: Այն ժամանակվա անձուկ խանութի ամենամոլի հաճախորդն էի, և քիչ էր պատահում, որ վարիչի մոտից վաճառասրահ բերվող գրականության առաջին ընտրողը ես չլինեի:

Դժվար ճանապարհով ձեռք բերած գրքի մեկ օրինակ նշեմ՝ Գ. Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մեջ», երեք մասերից` տարբեր ժամանակ ու տարբեր երկրներում տպված, որոնք ունենալու համար ես մի քանի տարի «հերթապահել եմ» այդ խանութի մոտ:

Գրադարանի հարստացման աղբյուրները շատ են, այդ թվում՝ նաև նվիրատվություններ: Բերեմ ևս մեկ օրինակ, որն ինձ այնպես հուզում է և ուրախություն պատճառում առ այսօր: Հայտնի է, որ Կոմիտասի չորս տաղանդավոր աշակերտներից մեկը` Միհրան Թումաճյանը, Սփյուռքից Հայաստան եկավ իր երաժշտական ֆոլկլորի ողջ ձեռքբերումները հրատարակելու համար և մի քանի պրակ տպագրելուց հետո մահացավ: Նրա եղբորորդին մեր ուսանողն էր, և հորեղբոր գրադարանը Մատենադարանին հանձնելուց և արտասահման մեկնելուց առաջ ինձ արտոնեց այդ գրադարանից մի գիրք ընտրել: Ես, պատկերացում չունենալով այդ գրադարանի մասին, ապրիորի նախընտրեցի Մ. Մեծարենցի «Ծիածան»-ի առաջին հրատարակությունը, որը, պարզվեց, Թումաճյանը հարստացրել էր ժամանակի մամուլի` այդ կապակցությամբ եղած արձագանքների կտրածոներով: Հետագայում այդ կտրածոներից մեկը, որը պակասել էր Հայաստանում պահվող մամուլի հավաքածուներում և պարունակել էր Մեծարենցի մասին մի հուշադրվագ, Ա. Շարուրյանն օգտագործեց իր կազմած «Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում» գրքում` որպես աղբյուր հղելով իմ գրադարանում պահվող «Ծիածան»-ի օրինակը: Ընդ որում՝ այդպիսի դեպքեր էլի կան… Ինձ համար շռայլ նվեր եղավ նաև հայրենադարձ ամուսնական մի զույգից ստացած Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր»-ի առաջին հրատարակությունը (հիանալի վիճակում):


- Գիտական Ձեր նախասիրությունները հիմնականում վերաբերում են 20-րդ դարասկզբի արևմտահայ գրականության խնդիրներին` Դանիել Վարուժան, Լևոն Շանթ… Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես այդ շրջանը:

- Պետք է ասեմ, որ գրականագիտական խնդիրը, որն աշխատել եմ հիմնովին հասկանալ ու ճանաչել, եղել է Վարուժանի «գրական հեթանոսությունը»: Հիմնական աշխատանքս էլ՝ «Դանիել Վարուժանը և «գրական հեթանոսությունը»», քերթողի բանաստեղծական վիթխարի մեծությունը ներկայացնող ուսումնասիրությունն է, որի ելակետային դրույթներն ու գիտական եզրահանգումները, համոզված եմ, վարուժանագիտությունը ի վերջո կընդունի:


- Բնության հանդեպ Ձեր բացառիկ սիրո մասին Ձեր բոլոր ծանոթ-մտերիմները գիտեն: Շատերն են հիացել Ձեր աճեցրած անծանոթ, երբեմն տարաշխարհիկ բազմազան ծաղիկներով: Ինչո՞վ է պայմանավորված գրականագետի այդպիսի նախասիրությունը:

- Բնության հետ կապի իմ նախասիրությունը ոչ միայն խորթ չէ գրական մարդուն, այլև անխուսափելի է:

Ձեր հարցին պատասխանելու համար պետք է ողջ կյանքս ետ շրջեմ՝ հասնելու այն հեռավոր հասակին… Մայրիկիս` գարնանային անտառից յուրաքանչյուր վերադարձ անհուն ցնծություն է պարգևել ինձ: Ընդառաջ եմ վազել, թևատակից հափշտակել անտառային ջանգյուլումի հսկա փունջը և դեմքս թաղել դրա մեջ: Շնչել եմ բնության այդ կախարդանքը ու չեմ հագեցել…

Մնացածն արդեն Դուք ասացիք: Այժմ ձգտում եմ վարդի բոլոր գույներն ու երանգներն ունենալ իմ այգում ու… նվիրել:


- ԵՊՀ Հր. Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնում դասախոսական աշխատանքին զուգահեռ՝ արդեն երկար տարիներ աշխատել եք նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որտեղ վարել եք նաև ամբիոնի վարիչի պաշտոնը: Եվ այսօր էլ, չնայած առաջացած տարիքին, շարունակում եք սիրով մեկնել Իջևան` գրականություն դասավանդելու Տավուշի մարզի ուսանողներին: Կենսական ի՞նչ աղբյուրներից են ծնվում այդ ավյունն ու նվիրումը:

- Ես ցանկանում էի Իջևանի մասնաճյուղում համատեղությամբ աշխատել, և առիթն ինքնին ներկայացավ: Լուսահոգի Շավարշ Մարգարյանն ինձ առաջարկեց համատեղությամբ աշխատել մասնաճյուղում ու նաև ղեկավարել Հայոց լեզվի ու գրականության ամբիոնը: Երևանի գործընկերներս և մանավանդ ուսանողներս միշտ հետաքրքրվում էին մասնաճյուղով, նրա ուսանողական կազմով… Եվ ես անփոփոխ իմ համոզմունքն էի արտահայտում, որ որևէ տարբերություն չկա Մայր բուհի և նրա մասնաճյուղի ուսանողների միջև: Նրանց մոտավոր շերտավորումն էլ, ասում էի, նույնական է. գերազանց ունակությունների տեր, միջակ կարողություններով սովորող և պարզապես թույլեր, բայց եթե ինձ հարցնեին, թե Ձեզ համար ինչ է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ես կասեի, որ այն բացառիկ հիմունքի ու արժեքի մի կրթօջախ է համալսարանի կազմում, որը մեր հայրենիքի այդ «անհանգիստ» շրջանում մեծիմաստ ծառայություն է մատուցում մեր ժողովրդին: Շ. Մարգարյանին փոխարինած նոր տնօրենը` Սամվել Առաքելյանը, գործի անցավ՝ իր հետ բերելով նախապես կազմած ծրագրեր. մասնաճյուղն ընդարձակվեց շենքային, գույքային, իսկ ամենակարևորը՝ նոր մասնագիտացումների հավելումներով և էլ ավելի մեծացավ նրա կենսական նշանակությունը տարածաշրջանի համար:

- Հայոց լեզուն անաղարտ պահելու Ձեր նախանձախնդրության մասին նույնպես գիտեն Ձեր գրեթե բոլոր ծանոթները, որոնցից շատերն են ժամանակ առ ժամանակ արժանացել Ձեր հայրական մեղմ, բայց աններող դիտողություններին` օտարաբանություններով մտածելու վերաբերյալ: Առօրյա կյանքում խոսքի նկատմամբ Ձեր այդ վերաբերմունքն ինչո՞ւ չեք տեղափոխել մամուլ, փորձել հոդվածներով հանդես գալ:


- Անկեղծ ասած, այդ թեման շատ ընդարձակ զրույցի նյութ է: Չթվարկեմ այն գործոնները, որոնց հետևանքով մեր արքայական լեզուն հայտնվել է նոր միայն քաղաքակրթվել ցանկացող ժողովուրդների արտահայտչական կարողությունների վիճակում: Ասեմ միայն, որ յուրաքանչյուր օրվա բացթողմամբ մենք ավելի ենք ծանրացնում մեր լեզվի վիճակը: Պետք է հսկա բանակ կազմող մեր լեզվաբանները, ինչպես նաև բոլոր հայագետները և հասարակագետները գործի անցնեն: Ինչ-որ աշխատանք պետք է տարվի եթեր տրվող խոսքի հետ, առնվազն պետք է ձայնագրումից կամ տեսագրումից առաջ հիշեցվի խոսքի մշակույթի նկատմամբ պատասխանատվության մասին, մինչև որ հասարակությունը տարիների ընթացքում կորցրածը ետ բերի: Կարծես հասել ենք աբովյանական օրերին, երբ մեծ լուսավորիչը խորը ցավով խոստովանում էր, թե հայոց լեզուն փախչում է իր առջևից…
Որպես միջոց՝ ես անձամբ որևէ հեռուստաընկերությունում գեղեցիկ ու կարճատև հաղորդաշար վարելու ցանկություն եմ հայտնում (ընդ որում՝ անվճար):


- Ձեր 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայ բանասիրության ֆակուլտետի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Ձեզ և առույգ ու աշխատունակ կյանքի նորանոր տարիներ ցանկանում: Ի՞նչ կմաղթեք մերօրյա և գալիքի համալսարանականին:


- Որքան էլ համեստ դեմք եմ եղել Մայր բուհի կյանքում, բայց երկարակեցությունն ինձ բարոյական իրավունք է տալիս ասելու, որ բոլոր մեծերը` համալսարանի սյուներ ու ոգի ներկայացնող, համալսարանն «alma mater» են կոչել, սնուցիչ մայր: Հոգեբաղձ ցանկությունս է, որ Մայր բուհի յուրաքանչյուր աշխատավոր՝ լինի ամենաբարձր կոչմամբ գիտամանկավարժ, թե նույն աշխատանքի համեստ սպասավոր, անմնացորդ նվիրվի մեր հոգևոր «Մեծ մորը»՝ Երևանի պետական համալսարանին, և այդ նվիրման մեջ տեսնի հայ քաղաքացու իր երջանկությունը: