22.01.2018
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Այս տարի նույնպես շարունակվում են Երևանի մի շարք ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցերը Երևանի պետական համալսարան:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական բաց դռների օրերը տեղի ունեցան ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, հայ բանասիրության և աստվածաբանության ֆակուլտետներում:

Հունվարի 22-ին Երևանի համար 170 ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Նրանք հանդիպեցին Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հարությունյանի հետ: Դպրոցականները ծանոթացան նաև ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին:

«Բյուրակն» կրթահամալիրի աշակերտների՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ կատարած ճանաչողական այցը տեղի ունեցավ հունվարի 25-ին: Նրանք հանդիպեցին ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի հետ, այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս Էմիլյա Կարապետյանը:

«Զեկուցում ներկայացրինք աստղագիտության և բնագիտության վերաբերյալ: Աստղագիտության դերը շատ մեծ է մարդու աշխարհաճանաչման գործում: Աշակերտները հետաքրքրված էին, թեմայի վերաբերյալ նաև որոշակի իմացություն ցուցաբերեցին»,- նշեց ԵՊՀ դասախոսը:

Հունվարի 30-ին էլ Հայ բանասիրության ֆակուլտետում Երևանի հ. 114, հ. 139, հ. 94, հ. 184, հ. 198, հ. 195, հ. 170, հ. 54, հ. 159, հ. 182, հ. 103, «Բյուրակն» և «Հերացի» ավագ դպրոցների աշակերտները ներկա գտնվեցին Լևոն Շանթի «Հին աստվածներ» ծրագրային թեմայով դասախոսությանը, որը ներկայացնում էր Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Հ. 170 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Դանիելյանը հումանիտար թեքումով իր դասարանի հետ առաջին անգամ էր այցելում Մայր բուհ. «Երեխաների համար շատ կարևոր է ուսուցչի խոսքից հետո լսել ավելի բարձր խոսք: Սա շատ լավ առիթ է աշակերտի համար, քանի որ նա միանգամից մեկ ուրիշ, իր համար երազային աշխարհում է հայտնվում: Նմանօրինակ շփումները շատ կարևոր են»:

Նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Մանուչարյանը նշեց, որ հստակ որոշել է՝ ուզում է ընդունվել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ և դառնալ թարգմանչուհի. «Մեծ սպասումներով և սիրով եմ եկել, շատ էի ուզում ներսից տեսնել և ծանոթանալ ապագա համալսարանիս հետ: Դպրոցում վերջերս ենք անցել Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման, շատ հետաքրքիր է լսել նաև այդ թեմայով դասախոսությունը»:

Զրուցելով աշակերտների հետ՝ նկատեցինք, որ մեր բոլոր զրուցակիցները ԵՊՀ կատարած ճանաչողական այցերը կարևորում են հատկապես այն պատճառով, որ մինչև ընդունվելը հնարավորություն են ունենում լինելու այն մասնաշենքերում, որտեղ իրենց ուսումը շարունակելու են դպրոցն ավարտելուց հետո, հաղորդակից լինելու համալսարանական միջավայրին, ինչպես նաև հանդիպելու և լսելու այն դասախոսների դասախոսությունները, ովքեր իրենց դասավանդելու են հետագայում:

Հ. 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկն ասաց. «Վաղուց եմ որոշել, որ դիմելու եմ ԵՊՀ և ուսումնասիրելու եմ տեղեկատվական անվտանգությունը: Այսպիսի ճանաչողական այցերի մասնակցել եմ նաև այլ համալսարաններում, բայց վերջնական ընտրությունս կանգ առավ ԵՊՀ-ի վրա: Այսօր եկել եմ ավելի շատ տեղեկություններ ստանալու: ԵՊՀ-ում սովորող ընկերներս ասացին, որ այստեղ կարող եմ լավ ծրագրավորող դառնալ: Ինձ հենց դա էլ պետք է: Ուզում եմ իմ ապագա բուհում ինձ լավ մասնագետ դարձնեն»:

Հ. 97 ավագ դպրոցի փոխտնօրեն Փառանձեմ Խաչատրյանն էլ նշում է, որ ողջունելի է բուհի այս նախաձեռնությունը, որի միջոցով աշակերտներին տրվում է ճիշտ կողմնորոշվելու և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն. «Այցելությունների միջոցով ստեղծվում է աշակերտ-բուհ կապը: Մենք միշտ պատրաստակամ ենք, մասնակցում և մասնակցելու ենք այցերին: Դպրոց վերադառնալուց հետո մեր տպավորությունների մասին պատմում ենք մյուս աշակերտներին, քանի որ այսօր սահմանափակ թվով դպրոցականներ կարողացան ներկա գտնվել»:

Երևանի հ. 114, հ. 105, հ. 94, հ. 184, հ. 182, հ. 54, հ. 159, հ. 29, հ. 195, հ. 170 և «Բյուրակն» ավագ դպրոցների աշակերտների և համալսարանականների հերթական հանդիպումը հունվարի 31-ին տեղի ունեցավ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում: Ֆակուլտետի դասախոսները ներկայացրին «Քրիստոնեական բարոյագիտություն» թեմայով դասախոսություն: Այնուհետև դպրոցականները շրջեցին ֆակուլտետում, եղան գրադարանում և որպես նվեր ստացան գրքեր:

«Հանդիպումը կարելի է կոչել «գեղեցիկ զրույց» դպրոցականի և համալսարանականի միջև: Նայելով այս երիտասարդների ուսումնատենչ և լուսահամբույր աչքերին՝ մենք կարող ենք ասել, որ նրանք իսկապես գիտեն՝ ուր են եկել, ինչ են փնտրում և ինչ են վաղը սովորելու»,- նշեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության ամբիոնի դասախոս Նարինե Միրզոյանը:

Հավելենք, որ շարունակվելու են ոչ միայն Մայր բուհ կատարվող ճանաչողական այցելությունները, այլև համալսարանականների այցերը Երևանի և մարզերի ավագ դպրոցներ:


Միլենա Մկրտչյան