- Ծննդյան թիվը և վայրը…
- Ծնվել եմ 1987 թվականի ապրիլի 25-ին Երևանում:
- Ծնողները…
- Մայրս դպրոցում է դասավանդում, քիմիայի ուսուցչուհի է, հայրս մասնագիտությամբ տնտեսագետ է, գործարար է:
- Կրթությունը…
- Ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը: Վերջերս պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս և արդեն գիտությունների թեկնածու եմ:
- Աշխատանքային փորձը…
- 2009 թվականից աշխատում եմ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս եմ: Գրեթե 2 տարի էլ դասավանդել եմ Մայր բուհի Իջևանի մասնաճյուղում:
- Ձեր երկրորդ կեսը…
- Տաղանդավոր, յուրօրինակ, հետաքրքիր անձնավորություն է, ում հետ վերջերս ենք օրինականացրել մեր հարաբերությունները։
- Փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ:
- Ցանկացել եմ պարուհի դառնալ, բայց հետագայում որոշակի խնդիրներ առաջացան, ու դա այդպես էլ մնաց երազանք…
- Ամենահիշարժան հաջողությունը…
- «Մաթևոսյան» կրթավճարի ստացումն էր: Երբ ընդունվեցի համալսարան, ունեինք ֆինանսական խնդիրներ: Դիմելով Հայ օգնության ֆոնդին՝ 4 տարի շարունակ ստացա այդ կրթավճարը:
- Ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
- Ամենաթանկ խորհուրդը ստացել եմ իմ ավագ ընկերոջից: Նա ինձ մի բանաստեղծություն տվեց կարդալու… Տյուչևից էր… «Silentium»-ը («Молчи, скрывайся и таи…»): Իմաստն այն էր, որ պետք է ապրես քո մտքերի մեջ և ինչ երազում ես ու ցանկանում, հարկավոր է «ներսում» պահել և ապրել դրանցով:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- «Երբեք» բառը սովորաբար չեմ օգտագործում…
- Ինչի՞ց եք վախենում:
- Աստիճաններից: Երազներում անընդհատ ընկնում եմ աստիճաններից, ու այդպես ինձ մոտ ֆոբիա է առաջացել:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Ափսոսում եմ, որ երաժիշտ չդարձա: Դաշնամուրի բաժինն էի ավարտել, բայց եկավ մի պահ, երբ հասկացա՝ այդ գործիքն ինձ համար չէ: Մայրս ցանկանում էր՝ երգեհոնահարուհի դառնամ: Հետո սկսեցի թավջութակով տարվել… Եվ եթե այդ գործիքը փորձեի, ապա երաժիշտ կդառնայի, չնայած դեռ չեմ հրաժարվել ցանկությունիցս (ծիծաղում է)…
- Զգացողություն, որ կուզենայիք ապրել:
- Կուզենայի ինքնաթիռից պարաշյուտով թռչել ու թռիչքի այդ զգացողությունն ապրել…
- Սիրած գիրքը…
- Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Մտքեր կան, որոնք տպավորել են ինձ: Օրինակ՝ իրերն էլ են շնչավոր. պետք է արթնացնես նրանց հոգիները…
- Կարդացած վերջին գիրքը…
- Հիմա կարդում եմ Կաֆկայի «Դղյակը»:
- Տարվա սիրած եղանակը…
- Աշուն… Սիրում եմ այդ եղանակի գույները…
- Սիրած մարզաձևը…
- Գեղասահք: Երևի նրա համար, որ պարի հետ է կապված:
- Սիրած տոնը…
- Նոր տարի: Այդ տոնին ինչ-որ հրաշքի ես սպասում…
- Սիրած երգը, երաժշտությունը…
- Սիրում եմ դասական երաժշտություն և հատկապես Բախի գործերը: Բացի դրանից՝ լսում եմ ռոք երաժշտություն: Ամեն ինչ կախված է տրամադրությունից, սակայն դասական երաժշտության քաղց հաճախ եմ զգում:
- Սիրած ուտեստը և հատկապես ո՞ւմ պատրաստածը…
- Ժուլիեն: Սիրում եմ մայրիկիս պատրաստած կերակուրները:
- Ինչո՞վ կամ ումո՞վ եք այսօր հպարտանում:
- Հպարտանում եմ մայրիկովս… Անընդհատ ուզում եմ նրան ճանաչել: Զարմանում եմ, թե «սառույցի փոքր կտորի» մեջ նա ինչ կարող է տեսնել: Նա մշտապես ինձ համար օրինակ է:
- Ամենաշատ գործածվող արտահայտությունը Ձեր խոսքում…
- «Եսիմ»…
- Նախընտրած հանգստի վայրը և ձևը…
- Սիրում եմ շրջագայել, նոր տեղեր գնալ ու բացահայտումներ անել: Բացի դրանից՝ նախընտրում եմ հանգստանալ՝ գիրք կարդալով:
- Սիրած քաղաքը…
- Երևանն է:
- Սիրած կառույցը Հայաստանում և Հայաստանից դուրս…
- Հայաստանում Գեղարդն է: Շատ սիրեցի նաև Վիեննայի օպերայի շենքը:
- Սիրած կենդանին…
- Շուն:
- Ի՞նչ սեփականություն ունեք:
- Սեփականությունս գիտելիքս է…
- Նախընտրած փոխադրամիջոցը…
- Մետրո:
- Նախընտրած հագուստի ոճը…
- Սիրում եմ համադրել:
- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:
- «Սիրով Վինսենթը» («Loving Vincent»): Վան Գոգի մասին է: Հետաքրքիր էր հատկապես այն, որ առանցքում Գոգի լուսանկարներն էին: Կարելի է ասել, որ ֆիլմը նրա կտավների անիմացիան էր: Ֆիլմի ստեղծման համար աշխատել էին 100 նկարիչներ:
- Խոստովանություն, որ երբևէ չեք արել:
- Եթե ինչ-որ բան ուզում եմ անել կամ ասել, անկեղծ եմ լինում, և հետո խոստովանելու կարիք չի լինում…
- Եթե Աստծուն հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կհարցնեիք:
- Մեր հարցերի պատասխանները կարող ենք գտնել ինքներս՝ Աստծո միջոցով: Աստված կարծես մեզ տանում է դեպի մեր հարցերի պատասխանները:
- Բոլոր ժամանակների նկարիչներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը:
- Պիկասոյին: Նա տարբեր ժանրերով է ստեղծագործել, այդ պատճառով հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կպատկերեր դիմանկարս:
- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
- Երջանկությունը նախևառաջ ինքդ քեզ ճանաչելն է: Կարծում եմ՝ ինքս ինձ ամբողջությամբ դեռ չեմ բացահայտել:
Սլավա Բադալյան