23.01.2018
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ
Հունվարի 23-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Էմիրությունների անվան լսարանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ ալ Կասիմին:

ԱՄԷ արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ (17.000 ԱՄՆ դոլար) վերազինված լսարանի բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարևորեց ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության հետ համագործակցությունը և աջակցության համար շնորհակալություն հայտնեց դեսպանին:

«Այս լսարանի բացումը փոքր օգնություն է մեր եղբայրական հայ ժողովրդին: Հայ-արաբական համագործակցությունը խորը արմատներ ունի: Ուրախ ենք, որ Մայր բուհում դասավանդվում և ուսումնասիրվում է արաբական մշակույթը»,- նշեց Ջասիմ Մուհհամադ ալ Կասիմին և հավելեց, որ շարունակելու են աջակցել Հայաստանի կրթական և առողջական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ ժամանակակից տեխնիկայով, գույքով, ինչպես նաև աուդիո, վիդեո ծրագրերով հագեցած լսարանն ուսանողներին արաբական լեզուն ու մշակույթն ավելի լավ ուսումնասիրելու հնարավորություն կընձեռի:

«Արդեն 50 տարի է, ինչ Արևելագիտության ֆակուլտետում բարձր մակարդակով արաբերեն է դասավանդվում: Ուստի վստահ եմ, որ այս լսարանը թույլ կտա էլ ավելի բարձրակարգ արևելագետներ և մասնավորապես արաբագետներ պատրաստել: Հարկ է նշել նաև, որ ֆակուլտետի ու դեսպանության համագործակցությունը բարձր մակարդակով է իրականացվում և շարունակական բնույթ կրում: Սա փոխգործակցության վառ օրինակ է, որը յուրահատուկ կրոնական երկխոսության մի հարթակ է դառնում իսլամ և քրիստոնեություն դավանող ժողովուրդների բարեկամության համար»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը:


Վարդուհի Զաքարյան