26.01.2018
ԳԱՅԱՆԵ ԹԱԴԵՒՈՍՅԱՆ. «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՆԵՆԱԼ ՔՈ ԱՇԽԱՐՀԸ…»
Գայանե Թադևոսյանը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսում, բայց ինչպես ինքն է ասում, համալսարանն իր համար սկսվում և ավարտվում է Մշակույթի կենտրոնով, որտեղ մեներգչուհի է ու հանդես է գալիս հեղինակային երգերով:

Բացի երաժշտությունից՝ Գայանեն հեղինակ է նաև չափածո և արձակ ստեղծագործությունների, որոնք, իր իսկ հավաստմամբ, ծնվում են առանց մտածելու: Գայանեի հետ զրուցել ենք նրա ստեղծագործական աշխարհի, անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին:

- Գայանե՛, ինչպե՞ս մուտք գործեցիք ստեղծագործական աշխարհ:

- Այնպես, ինչպես լույս աշխարհ եկա՝ պատահական, առանց ավելորդ աղմուկի։ Գուցե ստեղծագործելուս միակ պատճառը  ծուլությունս էր. հիշում եմ՝ դաշնամուրի դասերին նոտաները չկարդալու  համար ինքս էի շարունակությունը հորինում։ Ինձ համար հազար անգամ ավելի հեշտ էր նորը ստեղծել, քան սովորել արդեն իսկ եղածը։ Նոտաներ հիմա էլ չեմ սիրում. դրանք տաքուկ տեղավորվում են իրենց թղթե տնակներում և մեզ թելադրում՝  ինչպես պետք է ճիշտ նվագել։ 


Ութ տարեկանում գրածս առաջին երգը սոված գայլի և վախվորած նապաստակի մասին էր, որը վերջում գայլի բաժին է դառնում։  Հետաքրքրականն այն է, որ իմ կարծիքով՝ դրանից ավելի լավ ավարտ չէի էլ կարող մտածել։ Չէ՞ որ գայլն արդեն կուշտ է։ Ես էլ չգիտեմ՝ որտեղից ութ տարեկան երեխային այդպիսի  «մտքի թռիչք»։


- Կպատմե՞ք Ձեր անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին:


- Որպես ստեղծագործող՝ առաջին հաջողությունն արձանագրել եմ դպրոցական տարիներին, երբ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հավատո՛ւմ եմ քեզ, զինվո՛ր» շարադրության մրցույթը։ Ի զարմանս ինձ՝ ճանաչվեցի հաղթողներից մեկը։ Շարադրությունն էլ տպագրվեց «Կանթեղ» թերթում։ Ստեղծագործող մարդուն թևեր են հարկավոր, որոնցից ես  զուրկ եմ եղել մինչ այն պահը, երբ Արծվիկ Քոչարյանի ղեկավարությամբ ստեղծվեց «Բազիլիկ» երաժշտական խումբը։ Վերջինս թույլ էր տալիս ինքնուրույն գործիքավորել երգերս. գրում էի ջութակի, դաշնամուրի, կիթառի պարտիաներ։ Հետո երգերս դարձնում էի երկձայն, եռաձայն։  Լուսահոգի Արծվիկ Քոչարյանն ինձ թթվածին ներարկեց, որ շնչեի։ Մինչև հիմա աչքերիս առաջ է այն պահը, երբ գոհունակության ժպիտը դեմքին՝ կրկնում էր «ճուտոն դառնալ կոմպոզիտոր»  հայտնի արտահայտությունն ու քթի տակ ծիծաղում։ Հիմա երևի  ժպտում է երկնքից...


Ես սովորում եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն համալսարանն ինձ համար սկսվում և ավարտվում է ԵՊՀ մշակույթի կենտրոնով։ Այդտեղ կա մեկը, ով արդեն չորս տարի է՝ թռչելու արվեստն է ինձ սովորեցնում։ Խոսքն իմ թանկագին Կարինե Դավթյանի մասին է։ Մեկը, ով կողքիս է եղել թե՛ ուրախության և թե՛ հիասթափությունների պահերին։


2016 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած «Անկախության սերնդի ձայնը» հեղինակային երգի մրցույթ-փառատոնին հեղինակածս «Քնի՛ր, սի՛րտ իմ» երգը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից ճանաչվեց լավագույն զուգերգ: Ի դեպ, այս տարի տեղի կունենա մեր հեղինակային երգարանի շնորհանդեսը։


2017 թ.-ին ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի հովանու ներքո տեղի ունեցավ իմ, Գաբրիել Փանոսյանի և Մերի Բադալյանի  հեղինակած «Լույսը խավարում» գրքի շնորհանդեսը։ Գրքում ընդգրկված է չափածո և արձակ ստեղծագործություններիս մի մասը։ Լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի հետ ես և ընկերուհիս՝ Մերին, հենց համալսարանում ենք ծանոթացել՝ նրա ցուցահանդեսներից մեկի ժամանակ։ Այնպես էինք տպավորվել նրա լուսանկարներով, որ սկսեցինք մեր տպավորությունները  հանձնել թղթին։ Գաբրիել ամոն (հորեղբայր է նշանակում. այդպես ենք դիմում նրան) ինձ սովորեցրեց, որ լույս և արև տեսնելու համար ամենևին էլ պարտադիր չէ ցերեկ փնտրել, քանի որ դրանք իրականում մեր հոգիներում են։ Մշակույթի կենտրոնի համերգներին սկսեցի հանդես գալ իմ հեղինակային երգերով, ինչը նույնպես մեծ ձեռքբերում եմ համարում։


- Ի՞նչ է նշանակում ստեղծագործել: Արդյո՞ք ստեղծագործական աշխատանքների հիմքում հեղինակի սիրտն ու հոգին են:

- Ստեղծագործել նշանակում է բոլոր աշխարհներից դուրս ունենալ քո աշխարհը, որտեղ ինքդ քեզ հետ անկեղծանալու, ինքդ քո ընկերն ու թշնամին դառնալու, քեզ ատողն ու քեզ սիրողը լինելու հնարավորություն կունենաս։

Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց ես երբեք մտածելով չեմ ստեղծագործել։ Ստեղծագործելիս աչքերս գրեթե միշտ թաց են եղել։ Ես ապրում եմ ստեղծված ցանկացած հնչյունի հետ։ Տասնինը տարեկանից բոլոր երգերիս բառերն ու մեղեդիները երազումս եմ տեսնում ու լսում։


Հիշում եմ՝ մի անգամ էլ գիշերվա 3-ին «շաշ Կարոն, լիրբ Ծաղոն ու արդար դատավորն» էին ինձ հյուր եկել։ Ստիպում էին իրենց գրի առնել թղթի վրա, քանի դեռ չեմ մոռացել։ Ու այդպես էլ խինդ ու ծիծաղով չորսով լուսացրինք։ Հաջորդ օրն արդեն գրվել էր «Ա՜յ քեզ արդար դատավոր»  բանաստեղծությունը։ Իմ հերոսներն ապրում են, նրանք իրական են, որովհետև նրանց սիրտ ու հոգի են ներարկվել։ 


- Ստեղծագործելու շնորհը պե՞տք է զարգացնել, և եթե այո՛, ապա ինչպե՞ս:

- Ստեղծագործելու շնորհը երեխայի նման է. պետք է խնամքով մեծացնես ու լավ դաստիարակես, որպեսզի արժեք ներկայացնի, հակառակ դեպքում պետք է գլխացավանք դառնա շրջապատի և առաջին հերթին քեզ համար։ Ստեղծագործելու շնորհը զարգացնելու համար կյանքը կարդացող աչքեր են պետք: 


- Կա՞ ստեղծագործություն, որն առանձնահատուկ է Ձեզ համար:

- Բանաստեղծություններիցս մեկը՝ «Ես-ը չկորցնելու մի բանաձև», գրել եմ այն ժամանակ, երբ ապրելն այլևս անիմաստ էր դարձել ինձ համար։ Այնպես ստացվեց, որ գրելուց հետո հասկացա, որ «ապաքինվել եմ»։


Վերջերս այդ բանաստեղծությունը մեծ արձագանք ստացավ համացանցում, նույնիսկ ֆեյսբուքյան գրական կայքերից մեկը  խնամքով կտրել էր ավելորդ թվացող անուն-ազգանունս և հրապարակել։


Ինչ վերաբերում է երգերիս, ապա նրանցից յուրաքանչյուրն իր հասցեն, պատմությունն ու մուսան ունի։ Դրա համար էլ ոչ մի երգ չեմ առանձնացնի։


- Ինչպե՞ս եք արձագանքում քննադատություններին: Կա՞ն հեղինակություններ, որոնց կարծիքները և գնահատականները կարևոր են Ձեզ համար: 


- Եթե մի օր ինձ ասեն, որ ստեղծածս աղբ է, կորոշեմ այլևս չստեղծագործել, բայց խոստումս միայն մեկ ժամ կպահեմ։  Ինձ համար կարևոր են բոլորի կարծիքները՝ լուրջ մասնագետից մինչև ինչ-որ գումար հավաքողը։

Հետաքրքիր է, բայց մինչ օրս որևէ լուրջ քննադատության չեմ արժանացել։ Առաջին հերթին կարևոր են մայրիկիս ու քրոջս  կարծիքները։ Ընկերներս անգիր գիտեն բոլոր երգերս։ Ասում են՝ դժվար պահերին լսում ու հանգստանում են։ Վերջերս էլ ազգությամբ գերմանացի մի աղջիկ այնքան էր հավանել երգերիցս մեկը, որ համերգներից մեկի ժամանակ խնդրեց երգել։ Դա ամենաարժեքավոր գնահատականն է ինձ համար։


- Ի՞նչ բարդություններ կամ դժվարություններ են ի հայտ գալիս ստեղծագործելու ընթացքում: Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

- Ներկայումս համալսարանին նվիրված  հեղինակային երգի մրցույթի համար երգ եմ գրում։ Միակ դժվարությունը, որ առաջացավ, առնչվում էր բառերին։ Մտածում էի՝ եթե կրկնվող և ծեծված տողեր պետք է լինեն, լավ է՝ չգրվի։ Չորս ամսում վերջապես գրեցի։ Գրվել է երգչախմբի համար։ Հուսամ՝ արդյունքը լավ կլինի։


Չափազանց վատ է, երբ այդ դժվարություններն ու բարդությունները մարդկանց տեսքով են գալիս։ Մյուս դեպքերում հենց ստեղծագործելով եմ պայքարում դժվարությունների և բարդությունների դեմ։ 


- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նույնպես ցանկանում են ստեղծագործել: 

- Բա՛րև ձեզ, սիրելի՛ ճաղատներ, ցմփորներ, կոլոտներ, բոյովներ և այլք։ Եթե դուք ուզում եք ստեղծագործել, ապա ես ձեզ չեմ ասի՝ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև սովորաբար այդ նախադասությունից հետո ոչինչ էլ չի լինում։


Առաջին հերթին դուք պարտավոր եք ձեզ սիրել այնպիսին, ինչպիսին որ կաք՝ առավելություն դարձնելով ձեր բոլոր թերությունները։ Երբ սկսեք ձեզ սիրել, կսկսեք սիրել նաև մարդկանց, իսկ երբ ճանաչեք աշխարհը, ամեն տարօրինակ բան գրի՛ առեք։ Գրե՛ք ձեր չստացված առաջին սիրո, հարևան Ցողիկի մեծ քթի, կեղտոտ փողոցների, ձեզ շուտափույթ ամուսնացնել ցանկացող բարեկամների և ձեր բարդ բնավորության մասին։ Նշանակություն չունի՝ ինչ կգրեք, բայց ես խոստանում եմ լինել այն առաջինը, ով կկարդա նույնիսկ ամենաանհասկանալի ձեռագրերը։

Նվագե՜ք, շա՜տ նվագեք, բայց՝ ձեր մեղեդիները։ Մի՛ գողացեք ուրիշի բառերն ու նոտաները, որովհետև գրագողությունը քո իսկ անձի նկատմամբ ամենազզվելի խարդախությունն է։ 


Ես չեմ ասում՝ լավ կլինի, բայց դրա փոխարեն ասում եմ, որ անհնարին ոչինչ չկա, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը կարող է մկրատի պես կտրել անհնարինի պոչն ու դարձնել  հնարավորի ստրուկը։ Լա՜վ մնացեք...

 

Քնար Միսակյան