31.01.2018
21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ
«Կլիմայի գլոբալ փոփոխություն է տեղի ունենում…». այս մասին գիտնականներն ահազանգում են տասնամյակներ շարունակ և զգուշացնում, որ եթե մարդկությունը շարունակի իր ներկայիս վերաբերմունքը բնության նկատմամբ, ապա շրջակա միջավայրն այնպես կփոխվի, որ մարդն այլևս չի կարողանա ապրել մոլորակի վրա:

Գրեթե ամբողջ աշխարհում 2018 թ.-ը սկսվեց եղանակային ծայրահեղ պայմաններով, ինչը վկայում է, որ էկոլոգիական խնդիրն անխուսափելի է լինելու նաև այս տարի։ 2018 թ.-ի հունվարին կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks Report»-ում նշված են մարդկանց անվտանգությանը և առողջությանը սպառնացող ամենավտանգավոր և հավանական ռիսկերը։ Առաջին անգամ այդ զեկույցում ներառված են շրջակա միջավայրին առնչվող գլոբալ ռիսկերը՝ կլիմայական փոփոխություններ, ջրային ռեսուրսների ճգնաժամ, բիոբազմազանության կորուստ, էկոհամակարգերի քայքայում և այլն (www.zurich.com

Աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ շնչում են աղտոտված օդ, որոշ տեղերում էլ՝ թունավորված։ Աշխարհի բնակչության 90%-ն այսօր ապրում է օդի աղտոտվածության անթույլատրելի մակարդակ ունեցող վայրերում, ինչը լուրջ վտանգ է առողջության համար։ Դելիի բժիշկները նոյեմբերին անգամ արտակարգ դրություն հայտարարեցին առողջապահության ոլորտում, քանի որ օդի աղտոտվածության աստիճանը 30 անգամ գերազանցել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի աղտոտվածության թույլատրելի սահմանը։

Բացի դրանից՝ յուրաքանչյուր տարի օվկիանոս է թափվում 8 մլն տոննա պլաստմասանման զանգված, որը թռչունների, ձկների և այլ ջրային կենդանիների միջոցով (սննդի տեսքով) մտնում է մարդու օրգանիզմ։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մանկական մահացության դեպքերի շուրջ 1/4-ը (տարեկան մոտ 1.7 մլն երեխա) պայմանավորված է էկոլոգիական խնդիրներով, իսկ միջազգային բժշկական «Lancet» կազմակերպության ամսագրի տվյալներով` օդի, հողի և ջրի աղտոտվածությունը տարեկան մոտ 9 մլն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում։

Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ազդում է ոչ միայն առողջության, այլև տնտեսության վրա, քանի որ տարեկան շուրջ 4.6 տրիլիոն դոլար է ծախսվում ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատման համար, ինչը կազմում է համաշխարհային տնտեսական արտադրանքի 6.2%-ը:

Կլիմայական փոփոխությունների դեմ ընթացող պայքարի աշխատանքները կառուցվում են «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիման վրա: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 50 տարվա ընթացքում աղետների քանակը եռապատկվել է: Կլիմայական փոփոխությունները հատկապես նկատելի են գյուղատնտեսությամբ զբաղվող չոր և տաք կլիմա ունեցող երկրներում:

Հայաստանում այս տարի նույնպես նկատվում են եղանակային անոմալիաներ: 2018 թ.-ը դիմավորեցինք անսովոր եղանակային պայմաններում՝ արևային ու տաք եղանակով։ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գլոբալ փոփոխությունների պատճառով չէ, որ Հայաստանում և տարածաշրջանում այս տարի տաք ձմեռ է. դա պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկություններով:

«Հունվար ամսվա ընթացքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6, իսկ առանձին օրերին՝ 12-13 աստիճանով: Փետրվարին ջերմաստիճանը նույնպես սովորականից բարձր կլինի, սակայն այս պահի դրությամբ կոնկրետ մեր երկրում ոչ մի վտանգավոր երևույթ չի նկատվում»,- վստահեցնում է Գագիկ Սուրենյանը և հավելում, որ Հայաստանում այսպիսի տաք ձմեռներ են եղել 1961, 1966, 1999, 2010 թվականներին:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության և մասնավորապես խմելու ջրի քանակի վրա ձյան շերտի բացակայության ազդեցությանը, ապա մասնագետը նշում է. «Ձնածածկույթի պակաս իսկապես կա, սակայն գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի նվազում, այսինքն՝ վտանգավոր երևույթներ առանձնապես չեն սպառնում: Ինչ վերաբերում է ջրի պակասին, ապա դրա մասին դեռ վաղ է խոսել. ամեն ինչ կախված է գարնանը սպասվող անձրևների քանակից»:


Վարդուհի Զաքարյան