13.02.2018
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Փետրվարի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

Հյուրերին ողջունեց ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Ուրախալի է, որ մրցույթի արդյունքներն ամփոփվում են Մայր բուհում: Անկասկած, մենք ունենք հուսալի, առաջադեմ և խելացի ուսանողություն: Ուսանող, ով մեր պետության վստահության գրավականն է: Ազգի ճակատագիրը երիտասարդ քաղաքացու ձեռքում է, ու մենք պարտավոր ենք սատարել և խրախուսել նրան»:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան էլ նախ անդրադարձավ միջազգային կրթական ոլորտի արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև կրթության բնագավառում ներկայումս իրականացվող փոփոխություններին:

«Արդեն շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել այս մրցույթը: Շնորհակալություն եմ հայտնում բուհերի ղեկավար մարմիններին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, քանի որ նրանց ջանքերով ձևավորվում է ոչ միայն գիտելիք ունեցող սերունդ, այլև կազմավորվում են պետության իսկական քաղաքացու հատկանիշներով օժտված անհատներ»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը փաստեց նաև, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարևոր փուլում. «Ներկայումս ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության վերաիմաստավորում է կատարվում, և մենք իրավունք չունենք ու չենք կարող այդ գործընթացից դուրս մնալ: Եվ այսօր շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել և ստանալ իրեն անհրաժեշտ գիտելիքները: Պետությունը որդեգրել է ուսանողակենտրոն քաղաքականություն, և մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները»:

Ելույթներից հետո Լևոն Մկրտչյանը հավաստագրեր հանձնեց մրցանակակիր ուսանողներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և հաղթանակներ:

Լավագույնները պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ ԿԳ նախարարի կողմից սահմանված մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ՝ 400.000 դրամ, 2-րդ տեղ՝ 270.000 դրամ և 3-րդ տեղ՝ 200.000 դրամ:

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվել է: Շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներին, քանի որ մրցանակը ոչ միայն խրախուսող է, այլև պարտավորեցնող»,- ասում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության բաժնի 2-րդ կուրսի մագիստրանտ Մարիամ Մարտիրոսյանը:

Արդեն 5-րդ անգամ կազմակերպված «Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթի 2017 թ.-ի հաղթողներն են ՀՀ 16 բուհ ներկայացնող 7 տարբեր ոլորտների 41 ուսանողներ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Հովհաննիսյանը մրցույթի բժշկության ոլորտում առաջին տեղն է զբաղեցրել: Ապագա ուռուցքաբանը վստահ է, որ նմանաբնույթ միջոցառումները խթանում են ուսանողի ինքնակրթվելու և կատարելագործվելու մղումը. «Ցանկացած մասնագետ ձգտում է լավագույնը լինել իր ասպարեզում: Ես՝ որպես ուսանող, փորձում եմ առավելագույնը վերցնել ուսումնական գործընթացից, քանի որ այսօրվա գիտելիքից է կախված իմ՝ ապագայում լավ մասնագետ լինելը»:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է 2 փուլով՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական իրականացվող): Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում Կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ու ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը:

Ուսանողները բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մրցել են հետևյալ ոլորտներում՝ բնագիտական (այդ թվում՝ մաթեմատիկական-տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Հավելենք նաև, որ մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, մրցույթի հանձնաժողովի կողմից հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ գնահատվում են ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ և այլն), ինչպես նաև հասարակական ակտիվությունը:

Հ.Գ.: «Երևանի համալսարան» թերթը, ջերմորեն շնորհավորելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներին և մաղթելով նորանոր հաջողություններ, ստորև ներկայացնում է այդ մրցույթի համալսարանական մրցանակակիրներին:


Վարդուհի Զաքարյան


«Լավագույն ուսանող-2017» հանրապետական մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներն են.

Մարգարիտա Հայկի Բաղդասարյան - ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բժշկության ոլորտի 2-րդ տեղի մրցանակակիր
Գրիգոր Սոսի Քերոբյան - ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր
Նարեկ Ավետիքի Ավագյան - ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ճարտարագիտության ոլորտի 2-րդ տեղի մրցանակակիր
Արշակ Անդրանիկի Պողոսյան - ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտության ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր
Տիգրան Սպարտակի Քարամյան - ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր
Վանատուր Արմենի Շերենց - ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր


Մագիստրոսներ

Էմմա Մակարի Ղազարյան - ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բժշկության ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր
Սևակ Վիգենի Գրիգորյան - ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր
Տիգրան Կարենի Դադունց - ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր
Մարիամ Գուրգենի Մարտիրոսյան - ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր