08.02.2018
«ՍՊԻՏԱԿ ՏԱՃԱՐԸ»՝ ՎՐԱՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի հիմնադրման, անցած ուղու, զարգացման ներկայիս փուլի, ինչպես նաև այդ բուհում գործող Հայագիտության ամբիոնի և ԵՊՀ-ի հետ համագործակցության վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Հրաչյա Բայրամյանի հետ:

 

- Պարո՛ն Բայրամյան, նախ անդրադառնանք Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման պատմությանը: Ինչպե՞ս ստեղծվեց այն, և ովքե՞ր էին կանգնած բուհի հիմնադրման ակունքներում:

 

- Ազգային բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնադրելու համար վրաց առաջադեմ մտավորականությունը պայքարը սկսել էր 19-րդ դարի 70-80-ական թթ., բայց ցարական կառավարության համապատասխան մարմինները տասնամյակներ շարունակ մերժում էին` պատճառաբանելով, թե Վրաստանը պատրաստ չէ այդպիսի բուհ ունենալու համար: Այդուհանդերձ, 1910-ական թթ. Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի համալսարաններում ու առաջատար գիտական կենտրոններում աշխատող վրացի մի խումբ հայրենասեր գիտնականներ (Իվանե Ջավախիշվիլի, Ակակի Շանիձե, Շալվա Նուցուբիձե, Պետրե Մելիքիշվիլի, Առնոլդ Չիքոբավա և այլք) կազմակերպչական լայն գործունեություն ծավալեցին և, ի վերջո, կարողացան իրականացնել տարիների իրենց փայփայած բաղձանքը:

1917 թ.-ի դեկտեմբերի 15-ին Անդրկովկասի կոմիսարիատը հաստատեց համալսարանի հիմնական կանոնադրությունը։ Համալսարանն իր դռները բացեց 1918 թ. հունվարի 26-ին (նոր տոմարով՝ փետրվարի 8-ին)՝ վրաց արքա Դավիթ Շինարարի (1089-1125) հիշատակի օրը։ Առաջին դասախոսությունը 1918 թ. հունվարի 30-ին (նոր տոմարով՝ փետրվարի 12-ին) կարդացել է համալսարանի հիմնադիրներից մեկը՝ պատմաբան Իվանե Ջավախիշվիլին։

1918 թ.-ին համալսարանն ուներ ընդամենը մեկ` իմաստասիրության ‎ֆակուլտետ` 460 ուսանողով և 90 ազատ ունկնդիրներով:

Ի դեպ, բուհի հիմնադրման գաղափարն ակտիվորեն պաշտպանեցին նաև հայ մտավորականները, և նրանք անմասն չմնացին այդ հանրաշահ գործի հաջողությունից։ Առաջինը, թերևս, Հովհաննես Թումանյանն էր, որ սկզբունքային, մարդասիրական մոտեցում ցուցաբերեց և իրավաբանական որոշումից ընդամենը երկու օր անց՝ 1917 թ. հոկտեմբերի 17-ին, համալսարանի վարչության նախագահ Գրիգոլ Դիասամիձեին դիմեց ջերմաշունչ նամակով և նվիրեց հարյուր ռուբլի (ոսկով)։ Ահա մի քանի տող մեծ բանաստեղծի ողջույնի խոսքից. «Միայն գիտությունը և գրականությունն ու արվեստն են լցնում ժողովուրդներին բաժանող վիհը, և միայն դրանք կարող են ստեղծել գալիք լավագույն կյանքն ու ճշմարիտ մարդուն։ Ուստի Ձեզ հասկանալի պետք է լինի այն ուրախությունը, որ զգացի ես, երբ իմացա վրացական համալսարան բացելու լուրը։

Ես հիացմունքով եմ պատկերացնում հպարտ և ազնիվ վրացուն, ով մայրենի լեզվով է ստանալու բարձրագույն կրթությունը։

…Խնդրում եմ Ձեզ՝ ում հարկն է՝ հաղորդե՛ք իմ ջերմագին ողջույնը այդ առթիվ և ընդունե՛ք իմ համեստ լուման, որը թերևս վրաց ծաղկող մշակույթի մեծ շենքի աղյուսներից մեկը դառնա»։


- Հայտնի է, որ ԹՊՀ-ի գործունեության հենց սկզբից դասավանդվել են հայագիտական առարկաներ, ստեղծվել է Հայագիտության ամբիոն…

- Այո՛, Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից նրա ուսումնական ծրագրերում մտցվել են հայագիտական առարկաներ` գրաբար (դասավանդել է Ակակի Շանիձեն), աշխարհաբար (Դիմիտրի Ղիփշիձե) և հայ հին պատմական գրականություն (Իվանե Ջավախիշվիլի): 1918 թ. աշնանն Օդեսայից Թբիլիսի է հրավիրվում երիտասարդ, բայց արդեն ճանաչված գիտնականի համբավ վայելող Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890-1963): Համալսարանի ղեկավարությունը, չբավարարվելով հայագիտական առարկաների դասավանդմամբ, 1922 թ. ստեղծում է Հայագիտության ամբիոն, որը մինչև մահն անփոփոխ ղեկավարում է պրո‎ֆեսոր, հետագայում ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Լ. Մելիքսեթ-Բեկը:

1945 թ. Արևելագիտության ‎ֆակուլտետում բացվում է նաև Հայագիտության բաժանմունք, որտեղ ընդունվում և ուսանում են վրացական կրթություն ունեցող վրացի, հայ և այլազգի պատանիներ ու աղջիկներ. նրանք իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Վրաստանի հայաբնակ վայրերում և Հայաստանի շրջաններում: Այդ բաժնի շրջանավարտներից շատերը Վրաստանում և Հայաստանում ճանաչված հայագետներ են, վրացագետներ, գիտության ու մշակույթի գործիչներ, դիվանագետներ, գեղարվեստական գրականության (հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն) թարգմանիչներ, դասախոսներ, ուսուցիչներ և այլ բնագավառների աշխատողներ:

Հայագետներ պատրաստելուց, հայոց լեզվի, հայ գրականության պատմության դասագրքեր, ձեռնարկներ, քրեստոմատիաներ, բառարաններ և ուղեցույցներ հրատարակելուց բացի՝ Հայագիտության ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում հետևյալ ուղղություններով` հայ-վրացական լեզվական-տեքստաբանական հարաբերություններ, հայ-վրացական համեմատական աղբյուրագիտություն, ազգագրագիտություն, տեքստաբանություն, հայ-վրացական գրական-մշակութային առնչություններ:

Հայագիտության ամբիոնը (այժմ՝ Հայագիտական ուղղություն) կոչված է անաչառ լուսաբանելու հայ-վրացական գիտամշակութային կապերի հանգուցային հարցերը, նպաստելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ու հարաբերությունների ամրապնդմանը, շարունակելու հարյուրամյակների ընթացքում ստեղծված ուսուցման ու գիտության բարի ավանդույթները:

Վրաստանի մայր բուհում հայագիտության զարգացման գործում իրենց վաստակն ունեն ականավոր գիտնականներ Լեոն (Առաքել Բաբախանյան), Ստեփան Լիսիցյանը, Գևորգ Ասատուրը, Հակոբ Մանանդյանը, Հայկ Ազատյանը, Արսեն Տերտերյանը, Արարատ Ղարիբյանը, Գուրգեն Սևակը (Գրիգորյան), Էդվարդ Ջրբաշյանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ:

Ի դեպ, Թբիլիսիի պետական համալսարանը Հայաստանից դուրս կրթական միակ օջախն է, որտեղ գործում է հայագիտության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ: Հայագիտության բնագավառի առաջին ատենախոսությունը, ընդ որում՝ դոկտորական, պաշտպանվել է հենց այդ խորհրդում (ատենախոս՝ Լ. Մելիքսեթ-Բեկ, 4-ը նոյեմբերի, 1928 թ.):

Հարկ է շեշտել նաև, որ գործունեության սկզբից ի վեր համալսարանը հոգեհարազատ է եղել վիրահայ հանրությանը ոչ միայն ուսումնական ծրագրերում հայագիտական առարկաներ ապահովելու համար, այլև այն առումով, որ վրացիների հետ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք է վերապահվել նաև վիրահայ երիտասարդությանը, և բուհը ժամանակի ընթացքում կյանք է գործուղել տասնյակ պատանիների ու աղջիկների։

Գիտության տարբեր բնագավառների գծով (1966 թ.-ին ԵՊՀ-ի և ԹՊՀ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում) այնտեղ ասպիրանտական ուսումնառություն են անցկացրել նաև Երևանի պետական համալսարանի շրջանավարտներ և պաշտպանության արդյունքում ստացել թեկնածուական աստիճաններ։ Ի դեպ, ԹՀՊ-ում ասպիրանտական ուսումնառություն անցած ԵՊՀ շրջանավարտների թվում է նաև Ձեր զրուցակիցը:


- Պարո՛ն Բայրամյան, անցնելով հարյուրամյա ճանապարհ՝ այսօր զարգացման ի՞նչ փուլում է գտնվում Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը:

- Նախ նշեմ, որ համալսարանի 100-ամյակի հանդիսությունները տեղի են ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Բարեկամ երկրների աջակցությամբ որոշումը Փարիզում կայացած 39-րդ գագաթնաժողովում ընդունել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը։

Ինչ վերաբերում է ԹՊՀ-ի զարգացման ներկա փուլին, ապա այժմ առկա և հեռակա ուսուցմամբ 22/16 ֆակուլտետներում սովորում են ավելի քան 22 հազար վրացի և 600 օտարերկրացի ուսանողներ: Դասախոսների թիվը հասնում է 3275-ի, որոնցից 55-ն ակադեմիկոս և ակադեմիայի թղթակից անդամ են, 595-ը՝ պրոֆեսոր և գիտությունների դոկտոր, 1246-ը՝ դոցենտ և գիտությունների թեկնածու: Ուսումնական գործընթացը սպասարկում են 60 լաբորատորիաներ և կաբինետներ: Գործում են վերապատրաստման երեք ‎ֆակուլտետներ, նախապատրաստական ֆակուլտետ արտասահմանյան քաղաքացիների համար: 139 ամբիոններում կադրեր են պատրաստվում գրեթե 50 մասնագիտությունների գծով:

Դեռևս խորհրդային տարիներին համալսարանում ծնունդ առել, զարգացել և համաշխարհային ճանաչման են արժանացել մի շարք դպրոցներ, ինչպես` մաթեմատիկականը, հոգեբանականը, իսկ վրացագիտությունը դարձել է միջազգային գիտական դիսցիպլին: Հատկանշական են նաև պատմագիտական (հիմնադիր՝ Իվանե Ջավախիշվիլի), գրականագիտական (Կորնելի Կեկելիձե), իբերակովկասյան լեզվաբանության (Արնոլդ Չիքոբավա, Գիորգի Ախվլեդիանի), դասական բանասիրության (Սիմոն Ղաուխչիշվիլի), արևելագիտության (Գիորգի Ծերեթելի) դպրոցները:

Վրաստանի մայր բուհը համաշխարհային համալսարանների վարկանիշով Եվրոպայի 400 համալսարանների ցանկում է և զբաղեցնում է 301-րդ տեղը, Համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ է, գիտական սերտ համագործակցության մեջ է 50 երկրների ավելի քան 175 համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ:

Միջազգային համագործակցության շրջանակում հատկապես նշանակալից են համալսարանական ֆիզիկոսների մասնակցությունը ATLAS ծրագրում, որն իրականացվում է Միջազգային հետազոտության եվրոպական կենտրոնում (Ժնև), FAIR ծրագրում (Facility for Antiproton and lon Researah), որի կենսագործումը ծրագրված է Դարմշտատդի (Գերմանիա) հետազոտությունների բազայի հիման վրա։

Հարկ է նշել, որ ATLAS գիտափորձը մարդկության պատմության մեջ ամենամասշտաբայինը և ամենաթանկարժեքն է. արդյունքը մեծագույն նշանակություն կունենա տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին գիտելիքների կատարելագործման համար։

Հետխորհրդային շրջանում համալսարանի գործունեության մեջ նշանակալից վերափոխման սկիզբ կարելի է համարել 1994 թ.-ի ապրիլի 25-ը, երբ գիտական մեծ խորհուրդն ընդունեց «Համահամալսարանական կրթության ռեֆորմի հայեցակարգը», որի հիման վրա 1994 թ. համալսարանը լիովին անցավ կրթության երկաստիճան ձևին (1992 թ.-ից արդեն անցել էր փուլային տարբերակին) և հիմք դրեց համաեվրոպական կրթության տարածքում ինտեգրվելուն:

Համալսարանն ունի հրատարակչություն (գործում է 1933 թ.-ից), տպարան (1923 թ.-ից), գրադարան՝ 8 միլիոն միավոր գրքով, ըստ ճյուղերի (1919 թ.-ից) լույս է տեսնում «Թբիլիսիի համալսարանի աշխատություններ» ժողովածուն, 1933 թ.-ին ստեղծվել է համալսարանի արխիվը, ունի հանրակացարան՝ 5 մասնաշենքով: 1999 թ.-ին հիմնադրվել է Կովկասի բիզնեսի դպրոցը։

1994 թ.-ին՝ 64 տարվա ընդմիջումից հետո, վերականգնվել է բժշկական բարձրագույն կրթության ավանդույթը. նախ Կենսաբանության ֆակուլտետում բացվել է բժշկի մասնագիտություն, իսկ 2000 թ.-ին ձևավորվել է Բժշկական անկախ ֆակուլտետը, ստեղծվել է համահամալսարանական կլինիկաների ասամբլեա՝ նյութատեխնիկական հարուստ բազայով և բարձրորակ մասնագետներով, որոնց տրամադրության ներքո է համալսարանի դիագնոստիկայի կենտրոնը:

1996 թ.-ից գործում է «Դասագրքեր ուսանողների համար» ծրագիրը։ Լույս է տեսնում երկու լրագիր՝ «Թբիլիսիի համալսարան» (1927 թ.-ից) և «Վրացական համալսարան» (1998 թ.-ից):
Համալսարանում գործում են մի քանի թանգարաններ՝ պատմության և վրացական արտագաղթի, հանքաբանության, երկրաբանության և հնէաբանության, աշխարհագրության, կենդանաբանության, բուսաբանության:

Համալսարանում ամեն տարի անց են կացվում ուսանողների գիտական կոնֆերանսներ: Երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են գեղարվեստական ինքնագործունեության խմբերին: Ստեղծվել են կամերային երաժշտության նվագախումբ, միավորյալ երգչախումբ, ժողովրդական թատրոն, տղաների և օրիորդաց ժամանակակից պարերի համույթներ, մեկ դերասանի և մնջախաղի թատրոն, «Մերմիսի» թատրոն ստուդիա, երիտասարդների շրջանում առանձնահատուկ հեղինակություն է վայելում Ուրախների և հնարամիտների ակումբը:

Ակնհայտ են համալսարանականների մարզական հաջողությունները. ուսանողներն ակտիվորեն մրցույթների են մասնակցում ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում՝ հաջողությամբ պաշտպանելով համալսարանի ու երկրի մարզական պատիվը:

Հավելեմ նաև, որ վրաց ժողովուրդն իր մայր բուհը սիրով ու պատկառանքով կոչում է «Սպիտակ տաճար»:


- Երևանի և Թբիլիսիի մայր բուհերի միջև խորհրդային տարիներին սերտ համագործակցություն է ծավալվել: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

- Խորհրդային համակարգի կազմալուծումից անմիջապես հետո օտարվելու շունչ էր զգացվում բարեկամ համալսարանների միջև: Այդ բացը լրացնելու առաջին քայլը կատարվեց 2006 թ. մայիսի կեսերին, երբ ԵՊՀ-ում կազմակերպվեց վրացական պոեզիայի փառատոն՝ ԵՊՀ նորընտիր ղեկավարության, Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ակտիվ մասնակցությամբ:

Անցկացվեց հայ-վրացական գրական-մշակութային առնչություններին նվիրված գիտական նստաշրջան: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեի հետ, ինչին հաջորդեց ԵՊՀ պատվիրակության այցը Բաթումի պետական համալսարան, որտեղ կնքվեց համագործակցության ու բարեկամության պայմանագիր: Այնուհետև Արամ Սիմոնյանը և ԹՊՀ ռեկտոր Գիորգի Խուբուան ստորագրեցին կրթական, գիտական և մշակութային համագործակցության պայմանագիր:

2007 թ.-ին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց վրացագիտության հայկական կենտրոն (այժմ՝ ԵՊՀ ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժին):

Վերընձյուղված համագործակցության իրողություն էր կենտրոնի նախաձեռնությամբ 2008 թ. ապրիլի 8-11-ը հրավիրված գիտաժողովը, որը բավականին ընդգրկուն էր. զեկուցումներով հանդես եկան նաև Թբիլիսիի համալսարանի հայագիտության ուղղության դասախոսներ և գիտաշխատողներ: Այդ միջոցառումը դարձավ գիտակրթական առնչությունների տպավորիչ էջերից մեկը և լայնորեն լուսաբանվեց Հայաստանի ու Վրաստանի զանգվածային լրատվական միջոցներով:

2010 թ. մայիսի 3-ին ԵՊՀ-ում հյուրընկալվեց Ախալցխայի պետական համալսարանի պատվիրակությունը: Ստորագրվեց համագործակցության ևս մեկ հուշագիր, իսկ հոկտեմբերին ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ալեքսանդր Կվիտաշվիլիի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև տեղի ունեցավ համընդհանուր խնդիրների երկկողմանի քննարկում:

2012 թ. հոկտեմբերի 6-ին Թբիլիսիի համալսարանում անցկացվեց Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գիտական համատեղ կոնֆերանս, որտեղ զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ մի շարք դասախոսներ: Բարեկամական կապերն ու համատեղ միջոցառումները շարունակվում են:

Պատրաստեց

Գեղամ Մելիքբեկյանը