20.02.2018
ՍԱՐԳԻՍ ՔԵԼՅԱՆ. «…ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՅԱՆՔԸ»
«Լսարանից դուրս» խորագրի մեր հերթական զրուցակիցը՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոս Սարգիս Քելյանը, երջանկության իր բանաձևն ունի՝ լավ ընտանիք, ընկերներ ու անձնական ձեռքբերումներ: Նրա կարծիքով՝ հաճելի հիշողություններ ու պահեր ինքներս ենք ստեղծում…

- Ծննդյան թիվը և վայրը…

- Ծնվել եմ 1986 թ.-ի օգոստոսի 27-ին Երևանում: Բնիկ երևանցի եմ:

- Ծնողները…

- Հայրս մասնագիտությամբ զինվորական էր, մայրս՝ մանկավարժ: Ցավոք, երկուսն էլ կյանքից վաղաժամ հեռացել են…

- Կրթությունը…


- Ավարտել եմ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Տեխնիկական գիտությունների թեկնածու եմ, դոցենտ:

- Աշխատանքային փորձը…

- Որպես տեսուչ աշխատել եմ «Արմենիա» («Զվարթնոց») միջազգային օդանավակայանում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո սկսեցի աշխատել ԵՊՀ-ում…

- Ձեր երկրորդ կեսը…

- Երկրորդ կեսս մասնագիտությամբ նույնպես երկրաբան է, սակայն ներկայումս երևանյան բուժհաստատություններից մեկում աշխատում է որպես հաշվապահ:

- Ձեր զավակները…

- Ունեմ մի հրաշք աղջիկ՝ Աննան: Նա արդեն մեկ տարեկան յոթ ամսական է…

- Փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ:

- Մասնագիտության առումով հստակ երազանքներ չեմ ունեցել: Եվ եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, ապա ինչ-որ բան կփոխեի: Երևի թե կընտրեի իրավաբանությունը…

- Ամենահիշարժան հաջողությունը…

- Դա ինձ համար աղջկաս ծնունդն էր: Ընդհանրապես մարդն իր կյանքի ընթացքում ինքն է փորձում ստեղծել հաճելի պահեր, հիշողություններ: Ինձ համար մի մեծ աշխարհ էր, երբ ուսանողական տարիներին կարողացա իմ ուժերով մեքենա գնել: Դա համեմատելի չէ ավելի մեծ տարիքում մեքենա գնելու զգացողության հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ 18-20 տարեկան երիտասարդն իր քրտնաջան աշխատանքով ինչ-որ մի բան է ստեղծում… Դա մի այլ աշխարհ էր:

- Ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:

- Խորհուրդներ շատ եմ ստացել ու հաճախ եմ ընդունում դրանք: Կդժվարանամ որևէ խորհուրդ մեջբերել:

- Զգացողություն, որ կուզենայիք ապրել:

- Երևի վերապրել աղջկաս ծննդի ու հայր դառնալու բերկրանքը: Կցանկանամ՝ դա զգան բոլորը…

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Կյանքում լինում են սխալներ, բացթողումներ, որ հետ ես նայում, հասկանում ես, որ կարելի էր շտկել: Կան բաներ, ինչի համար ափսոսում եմ և հնի դառը փորձը հաշվի առնելով՝ հետագա կյանքս փորձում եմ այնպես դասավորել, որ սխալներ թույլ չտամ ու ափսոսալու կարիք էլ չլինի…

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Ցանկացած պարագայում երբեք չեմ դավաճանի:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախենում եմ բարձրությունից ու միջատներից:

- Սիրած գիրքը…

- Արդեն չեմ հիշում, թե «Փոքրիկ իշխանը» քանի անգամ եմ կարդացել, որովհետև ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ բացահայտում ինձ համար: Այդպիսի գիրք դեռ չեմ հանդիպել:

- Կարդացած վերջին գիրքը…

- Ժամանակի սղության պատճառով գեղարվեստական գրքեր չեմ հասցնում շատ կարդալ: Վերջին գիրքը մասնագիտական էր՝ Ջոն Շոուլի «Իդեալական սերվիս»-ը:

- Սիրած աֆորիզմը…

- Նժդեհն ասում էր՝ «Ծնվում, ապրում, մեռնում ես շղթայված, ուրեմն դու ես մեղավոր, քանի որ թույլ ես»: Առհասարակ ինքս թույլ մարդկանց չեմ ընդունում:

- Տարվա սիրած եղանակը…

- Աշնան սկիզբը…

- Սիրած մարզաձևը…

- Շատ եմ սիրում լող մարզաձևը և պրոֆեսիոնալ զբաղվել եմ դրանով: Մինչ համալսարան ընդունվելս պատրաստվում էի այդ ուղղությամբ գնալ, սակայն վերջին պահին փոխեցի որոշումս:

- Սիրած տոնը…

- Մինչ չափահաս դառնալը սիրում էի Նոր տարին: Հետո, երբ ֆինանսական հոգսերն ու բեռն ընկան ինձ վրա, արդեն չեմ սիրում (ծիծաղում է): Հունիսի 23-ը՝ աղջկաս ծննդյան օրը, ինձ համար իսկական տոն է…

- Սիրած երգը, երաժշտությունը…

- Ցանկացած գրագետ, ականջի համար հաճելի երգ սիրում եմ…

- Սիրած ուտեստը և հատկապես ո՞ւմ պատրաստածը…

- Շատ եմ կարոտել մայրիկիս պատրաստած տոլման… Փա՛ռք Աստծո, կինս իրեն արդարացնում է և բավականին համեղ է պատրաստում: Ինքս էլ եմ մեկ-մեկ պատրաստում:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Իմ փոքրիկ ընտանիքն ու իմ ընկերները…

- Ի՞նչն եք ամենաշատը գնահատում կյանքում:

- Առհասարակ գնահատում եմ հենց կյանքն այն օրերով, որոնք շնորհվում են յուրաքանչյուրիս, և իհարկե ընտանիքս:

- Ինչո՞վ կամ ումո՞վ եք այսօր հպարտանում:

- Իմ անցած ճանապարհով, ընկերներով, շրջապատով…

- Եթե Աստծուն հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կհարցնեիք:

- Երևի պարզապես կլռեի. Աստծո գործերն անքննելի են…

- Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:

- Գնահատում եմ ուժեղությունը, բարությունն ու անկեղծությունը…

- Սիրած անեկդոտը…


- Կարծում եմ՝ անեկդոտ պատմելն էլ հատուկ շնորհ է, որով ոչ բոլորն են օժտված: Երբ ինձ անեկդոտ են պատմում, չեմ փորձում հիշել. հնարավոր է՝ այնպես չպատմեմ, ինչպես լսել եմ: Այնուամենայնիվ պատմեմ լսածս վերջին անեկդոտը. «Քյավառցին անցնում է ճանապարհով, որտեղ մի մարդ մեքենայի անիվն է փորձում փոխել: Հարցնում է՝ ի՞նչ ես անում: Ասում է՝ չեմ կարողանում բոլտը քանդել: Քյավառցին ասում է՝ մի բաժակ օղի լցրո՛ւ, ինքն իրեն կքանդվի, ու գնում, պտտվում, հետ է գալիս և տեսնում, որ բոլտը դեռ չի քանդել: Հարցնում է՝ չքանդվե՞ց: Ասում է՝ չէ՛: Քյավառցին էլ ասում է. «Ա՛յ մարդ, էդ անտեր արաղն իմ տունը քանդեց, ախպորս տունը քանդեց, էդ մի բոլտն ի՞նչ ա, որ չքանդի…»:

- Նախընտրած հանգստի վայրը և ձևը…

- Ակտիվ հանգիստ եմ սիրում: Բացի դրանից՝ կարևորում եմ ոչ թե վայրը, այլ ում հետ եմ հանգստանում: Եթե հանգիստը կազմակերպվի նույնիսկ մի հյուղակում, այդ դեպքում նույնպես այն կարելի է դարձնել իդեալական ու անմոռանալի: Միայնակ հանգիստ էլ չեմ պատկերացնում: Ծով եմ սիրում…

- Սիրած քաղաքը…

- Երևանս…

- Սիրած կառույցը Հայաստանում և Հայաստանից դուրս…

- ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը: Ամեն առավոտյան՝ համալսարան գալիս, չեմ հիշում մի օր, երբ կառույցի կողքով անցնելիս չնայեմ ու չհպարտանամ, որ դրա մի մասնիկն եմ… Ճարտարապետական ու հոգևոր գեղեցկություն ունի շենքը: Փոքր ժամանակ ինձ բախտ է վիճակվել Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեսնել Քրիստոսի արձանը…

- Սիրած կենդանին…

- Շուն… Երկար տարիներ պահում եմ:

- Ի՞նչ սեփականություն ունեք:

- Ունեմ ծնողներիցս ժառանգություն ստացած բնակարան և մեկն էլ ինքս եմ ձեռք բերել:

- Նախընտրած փոխադրամիջոցը…

- Մեքենա. երբեք չեմ հոգնում մեքենա վարելուց…

- Նախընտրած հագուստի ոճը…

- Հիմնականում դասական, ու եթե գույնը հարցնեք, ապա՝ սև (ծիծաղում է)…

- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:

- «Դատարկ կրակոց»:

- Սիրած հեռուստահաղորդումը…

- Հումորային ու ինտելեկտուալ հաղորդումներ եմ սիրում: Օրինակ՝ «Կարգին հաղորդումն» ու «Ամենախելացին»: Վերջինս դիտելիս չես կարող չհպարտանալ, որ այդպիսի գրագետ ու բանիմաց սերունդ է մեծանում:

- Ամենահետաքրքիր փիլիսոփան, ումից հաճախ մեջբերում եք անում:

- Սխալ կլինի ասել, թե մեջբերում եմ: Վերջերս Սոկրատեսի մտքերից կարդացի: Մի երիտասարդ նրան հարցնում է. «Իմաստո՛ւն, ճիշտը ո՞րն է՝ ամուսնանա՞լը, թե՞ չամուսնանալը»: Փիլիսոփան պատասխանում է. «Ինչպես ուզում ես, վարվի՛ր. միևնույնն է, երկու դեպքում էլ զղջալու ես»:

- Խոստովանություն, որ երբևէ չեք արել:

- Խոստովանություն չեմ սիրում անել, քանի որ այդ դեպքում դրա նկատմամբ սպառում ես հետաքրքրությունը:

- Բոլոր ժամանակների նկարիչներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը:

- Մեր հարևանությամբ մի նկարիչ կար՝ Միքայել Ավետիսյանը: Նա մահացել է արդեն: Փոքր ժամանակ նա է պատկերել դիմանկարս: Ամեն ինչ կտայի, որ հիմա էլ դիմանկարս աներ: Հետաքրքիր կլիներ այս տարիքում նրա պատկերած դիմանկարի միջոցով ինքս ինձ հասկանալը:

- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

- Իմ կարծիքով՝ երջանիկ լինում են օրերը, այլ ոչ թե կյանքը: Ցանկացած մարդ պետք է իր օրերն այնպես կազմակերպի, որ դրանց հանրագումարը երջանիկ կյանք ստացվի: Երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք, շրջապատ, լավ աշխատանք: Իհարկե, երջանիկ եմ…


Սլավա Բադալյան