21.02.2018
ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՈԼՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ղեկավարությունը ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում երկրորդ օտար լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնելու որոշում է կայացրել: Արդյունքում քննարկվում է որոշ առարկաների, այդ թվում՝ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողության հարցը:

Հայաստանյան տարբեր բուհերի մասնագետներից կազմված աշխատանքային խումբը ներկայումս շարունակում է նախագծի քննարկման աշխատանքները:

«Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողության հնարավոր փոփոխությանն առնչվող հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար փետրվարի 21-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ թեմայի քննարկումներին նվիրված ասուլիս:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում առարկայի դասավանդման տևողության, ինչպես նաև մեթոդական փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը և ամբիոնների վարիչները: Մասնավորապես Ս. Աբրահամյանն ընդգծեց, որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Փորձագիտական խմբերի աշխատանքները կամփոփվեն մարտին, որից հետո միայն առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատմանը: Ի դեպ, փոփոխությունները կընդգրկվեն նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա ծրագրում:

«Ֆակուլտետի գիտխորհրդի անդամների կողմից ուսումնասիրվել են ոլորտը, աշխատաշուկան և պահանջված մասնագիտությունները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բարեփոխումների փաթեթ: Վստահեցնում ենք, որ դասավանդվող մի շարք առարկաների ժամաքանակի փոփոխությունը չի անդրադառնա դրանց որակական հատկությունների վրա: «Արտասահմանյան գրականություն» առարկան միշտ եղել է և շարունակելու է լինել մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց դեկանը:

Ֆակուլտետի ղեկավարությունը վերանայել է նաև դասավանդման մեթոդները՝ կարևորելով հատկապես պրակտիկ ուսուցումը: Մասնավորապես ֆակուլտետում երկու օտար լեզուներն արդեն ուսուցանվելու են հավասարապես:

«Երկու օտար լեզուների՝ հավասար սկզբունքով դասավանդման որոշումը նախևառաջ ուսանողի համար է արվում: Ներկայումս մեկ օտար լեզվի տիրապետելը բավարար չէ միջազգային շուկայում մրցունակ լինելու համար: Ուստի մյուս առարկաների, այդ թվում՝ «Արտասահմանյան գրականություն» առարկայի խտացումն անհրաժեշտ ու բնականոն գործընթաց է»,- փաստեց ֆակուլտետի ղեկավարը:

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ա. Առաքելյանը հանգամանալից հիմնավորեց ամբիոնում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«Իհարկե, հնարավոր է քանակական փոփոխությունների ենթարկվի մեծ գրողների ստեղծագործությունների ուսումնասիրությունը, սակայն դա չի ազդի դասավանդման որակի վրա: Մենք կգտնենք այն ուղիները, որոնց միջոցով ուսանողներին կմղենք ինքնակրթման: Արտասահմանյան գրականության ամբիոնը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր փայլուն տիրապետում են ոչ միայն օտար լեզվին, այլև տվյալ երկրի գրականությանը: Մենք, անկասկած, պետք է և կարող ենք մասնակցել ֆակուլտետում իրականացվող ընդհանուր բարեփոխումներին: Ամեն դեպքում դեռ վաղ է վերջնական եզրակացություն անելը»,- ասաց Ա. Առաքելյանը։

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանն ընդգծեց, որ ֆակուլտետը նախատեսում է ունենալ նոր ու ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտություններ՝ պահպանելով նախկին մասնագիտական ուղղվածությունները:

«Ուսումնասիրելով աշխատաշուկան և միջազգային փորձը՝ մենք հասկացանք, որ բավականին անելիքներ ունենք եվրոպական համալսարանների հետ ոտք մեկնելու համար: Կան մասնագիտություններ, որոնք ընդգրկված չեն ԿԳ նախարարության ցանկում, ինչն էլ ենթադրում է ծրագրային և մեթոդական փոփոխություններ»,- ասաց Զ. Հարությունյանը և հավելեց, որ ֆակուլտետը ներկայումս աշխատում է բակալավրիատում «Արտասահմանյան գրականություն և գեղարվեստական թարգմանություն» նոր մասնագիտացման համար կրթական ծրագրի մշակման և ԿԳ նախարարություն հայտ ներկայացնելու ուղղությամբ:

Ֆակուլտետի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ակադեմիական հանրության մտահոգության պատճառ են դարձել տեղեկատվության պակասն ու որոշ լրատվամիջոցների կողմից տարածված չճշտված տվյալները: Դեկան Ս. Աբրահամյանը հավաստիացրեց՝ ֆակուլտետում կատարվող բոլոր բարեփոխումները բխում են ուսանողների շահերից:


Վարդուհի Զաքարյան