14.02.2018
ԵՊՀ ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՆՎԱՆԱՓՈԽՎԻ
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 6 և ընթացիկ հարցերով:

Նիստի սկզբում ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի անդամներին պատմեց Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված տոնակատարության մասին և նշեց, որ միջոցառումները բավականին լավ էին կազմակերպվել, ինչից կարելի է հետևություններ անել Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ:

Գիտխորհրդի կազմը, հաստատելով 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, քննարկեց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն անվանափոխելու հարցը:

Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը նշեց, որ ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է հարցը և մեծամասնության համաձայնությամբ որոշվել է անվանափոխել ֆակուլտետը. «Հաշվի առնելով շուկայական ժամանակակից պահանջները, ինչպես նաև ծրագրային փոփոխությունները՝ ցանկանում ենք ֆակուլտետը վերանվանել Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետ, որտեղ շեշտը դնելու ենք պրակտիկ ուսուցման վրա: Երկու օտար լեզուներ արդեն ուսուցանվելու են հավասարապես»:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման, ինչպես նաև մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգերում լրացումներ անելու մասին հարցերը:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը փաստեց, որ լրացումները պայմանավորված են ՀՀ կրթության և գիտության կողմից ընդունված ամփոփիչ ատեստավորման նոր կարգով. «Լրացումների համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի այն անդամները իրավունք կունենան գնահատելու, ովքեր սկզբից մինչև վերջ ներկա են եղել տվյալ ուսանողի ավարտական աշխատանքի պաշտպանությանը»:

«Ավարտական աշխատանքի գնահատականը պետք է հրապարակվի ամփոփումից անմիջապես հետո ուսանողի ներկայությամբ, դրանից էլ բխելու են գնահատման արդյունքների բողոքարկման դրույթները: Սկզբում հանձնաժողովի նախագահը հարցնում է բողոքարկման մասին, որից հետո ուսանողն անմիջապես դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին: Բողոքարկումն ընդունվում է, եթե առկա է հաստատված կարգի ընթացակարգային դրույթների խախտումներ: Այսինքն՝ բովանդակային առումով քննարկումներ չեն լինելու»,- փաստեց Հրանտ Ժամհարյանը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեց և հաստատվեց նաև 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը: Նշվեց, որ 55 կրթաթոշակներից միայն 9-ի դեպքում են փոփոխություններ եղել, որոնց համապատասխան փաստաթղթերն արդեն առկա են:

Իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադևոսյանը ներկայացրեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի կանոնադրությունները, որոնք ևս արժանացան գիտխորհրդի հաստատմանը:

Ընթացիկ հարցերի քննարկման արդյունքում հաստատվեց նաև «ԵՊՀ կադրերի բաժին» և «ԵՊՀ իրավաբանական բաժին» կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու և «ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու առաջարկը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնելու հարցը: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ ԵՊՀ կադրերի բաժինն արդեն չի համապատասխանում այսօրվա պահանջներին. «Պարտականությունների մեծ մասն արդեն չի կատարվում Կադրերի բաժնի կողմից: Այսօր ոչ միայն կադրերի հաշվառումն է պետք, այլև կա կադրերի ուսուցման, կադրերի տեղաշարժին հետևելու, ինչպես նաև կադրերի ընտրության համապատասխան ընթացակարգեր ստեղծելու և դրանք գործնականում իրականացնելու անհրաժեշտություն»:

Նիստի ավարտին «Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումը և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» խորագրով գիտական համազեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Գոհար Իսկանդարյանը և նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:


Քնար Միսակյան