27.02.2018
ԵՊՀ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵԶԱԿԻ ԵՆ ՈՂՋ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Փետրվարի 27-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Կենտրոնի ստեղծման հիմքերը դրվել են դեռևս 2015 թ.-ի դեկտեմբերին, երբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որի ֆինանսավորումը տրամադրվել էր Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի կողմից:

Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն է եղել, համակարգողը՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանը: «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագրի նպատակն էր բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել: Նախագծի իրականացման ընթացքում մշտադիտարկումներ են կատարվել բուհի, կոնսորցիումի անդամների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից:

Կենտրոնի բացման արարողության սկզբում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանն ուրախությամբ փաստեց, որ ֆակուլտետում դա արդեն երկրորդ նորարարական կենտրոնն է. «Նմանօրինակ կենտրոնների նշանակությունը դժվար է գերագնահատել հատկապես մեր օրերում, երբ բնական գիտությունների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն: Ուրախալի փաստ է, որ այս կենտրոնը բացվել է մեր երիտասարդ գիտնականի շնորհիվ, և համոզված եմ, որ հենց երիտասարդ կադրերն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում ավելի էական արդյունքներ կգրանցեն, ինչն էլ կնպաստի մեր ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ այդ կենտրոնի բացումը համալսարանի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է. «Մեր նպատակներից է ստեղծել գերազանցության կենտրոններ և այդ կենտրոններում կուտակել մարդկային լավագույն ռեսուրսներ, լավագույն սարքավորումներ, լավագույն տեխնոլոգիաներ և կիրառել լավագույն մեթոդներ: Ամենակարևոր փաստն այն է, որ այսպիսի կենտրոնների շուրջը հավաքվում են երիտասարդ ուժեր: Այդ կենտրոններն են, որ լուծում են նրանց աշխատանքի, գիտական հետաքրքրությունների բավարարման խնդիրները, ինչն անչափ կարևոր է այսօրվա դժվարին պայմաններում»:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որոնք նորարարական մտքի համար ապահովում են անհրաժեշտ զինանոցի առկայությունը Հայաստանում. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել մեր Մայր բուհին, որն այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է քայլ առ քայլ ոտքի կանգնեցնել գիտությունը ինչպես իր, այնպես էլ Հայաստանի տարածքում: Սա շատ կարևոր ծրագիր է մեզ համար, քանի որ այն ճանապարհ է հարթում երիտասարդ սերնդի համար»:

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ փաստեց, որ այդ ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Երևանի գարեջուր» գործարանին, «Չանախ» ընկերությանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին: Մեր համագործակցության արդյունքում ստեղծվել է կենտրոն, որը պետք է ապահովի կրթության, գիտության և արտադրության կապը»:

Գեղամ Գևորգյանը հավելեց նաև, որ ծրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն իսկ կատարվել են հսկայական աշխատանքներ. «Կենտրոնն արդեն հյուրընկալել է մեծ թվով գիտնականների, կենտրոնի կողմից ներդրվել է երկու առարկայական ծրագիր, ինչպես նաև մշակվել է մագիստրոսական ծրագիր, որը կգործի եկող ուսումնական տարվանից»:

Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակում ստեղծված կենտրոնի համար ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը ծանոթացան նոր կենտրոնին:


Քնար Միսակյան