Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերն ազատագրեցին Մոսուլը:
Քաղաքի՝ կարևոր նշանակություն ունեցող շատ հաստատություններ ավերվել և թալանվել էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելած Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է:
«Վստահ ենք, որ Իրաքի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի և ոտքի կանգնելով՝ կվերականգնի ոչ միայն քաղաքը, այլև գեղեցիկ ավանդույթներն ու մարտական ոգին: Համալսարանական աշխարհն անբաժանելի է: Մենք այդ աշխարհի մի մասն ենք և կողք կողքի ամուր կանգնած՝ համալսարանական աշխարհի ամբողջությունն ենք ապահովում»,- նշեց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Մայր բուհը պատրաստակամ է Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով շարունակական միջոցառումներ իրականացնել:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Սալմանը, ով ներկայացրեց գրադարանի պատմությունը և շնորհակալություն հայտնեց աջակցության համար:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Մայր բուհում: Հաճելի է, երբ համալսարանական հանրությունը ձեռք է մեկնում ծանր կացության մեջ հայտնված մեր ժողովրդին: Ուստի և՛ գրադարանի վերականգնման, և՛ նրան իր երբեմնի գիտական նշանակությունը վերադարձնելուն ուղղված այս նախաձեռնությանը ձեր մասնակցությունը վկայությունն է այն կուռ միասնականության, որով մարդկությունը պայքարում է իր ներկա ու ապագա գոյությանը սպառնացող չարիքների դեմ»,- ասաց տիկին Սալմանը:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ ընդգծեց, որ հայ ժողովուրդը, ավելի քան որևէ ազգ, հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմի ժամանակ գրականության ու մշակութային այլ արժեքների փրկման ու պահպանման գործը:
Ելույթներից հետո Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը հավատարմատարին ներկայացրեց գրքերը:
Հանդիպման ավարտին ներկայացվեց Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից պատրաստված՝ Մոսուլ քաղաքին և Մոսուլի համալսարանի գրադարանին նվիրված հոլովակ:
Վարդուհի Զաքարյան