01.02.2018
ԿԱՅԱՑԱՆ «ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԳԱՎԱԹ-2018» ԽԱՂԵՐԸ
ԵՊՀ-ում սպորտով զբաղվում և հաջողություններ են գրանցում ոչ միայն ուսանողները: Ասվածի վառ ապացույցներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա «Դասախոսական գավաթ» մարզական խաղերում ԵՊՀ դասախոսների ակտիվ մասնակցությունը և զբաղեցրած հորիզոնականները: «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերի ժամանակ ևս ԵՊՀ մարզիկ-դասախոսները շարունակեցին առաջ ընթանալ նույն ոգով և հաղթական տրամադրվածությամբ:

«Դասախոսական գավաթ-2018»-ին մասնակցում էին հայաստանյան 13 առաջատար համալսարաններ (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՃՇԱՀ, ԵՊԼՀ, ՀՌՀ, ԵՊԲՀ, ՀՊՄՀ և այլն): Ըստ մրցումների կանոնակարգի՝ թիմերում ընդգրկվում են բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսներ և աշխատակիցներ: Թույլատրվում է նաև յուրաքանչյուր մարզաձևի առաջնությունում ներգրավել մեկ տղամարդ և մեկ կին աշխատակցի ոչ ֆիզդաստիարակության ամբիոնից:

Մարզական խաղերը հունվարի 29-ին մեկնարկեցին ԵՊՀ հրաձգարանում: Մասնակից 13 թիմերի շարքում ԵՊՀ-ն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ 150 միավորից հավաքելով 140 միավոր: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը գրավեց 2-րդ, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 3-րդ հորիզոնականը: ԵՊՀ թիմում էին դասախոս-հրաձիգներ Արարատ Հարությունյանը, Լուսինե Մելքոնյանը և Դավիթ Կարապետյանը: Մասնակիցները կանգնած դիրքից՝ տասը մետր հեռավորությունից, երեք փորձնական և հինգ հաշվարկային կրակ են արձակել:

«Մեր թիմի անդամներն ուսանողների հետ մարզվում էին մինչ մրցումները: Մեր հրաձգարանը համապատասխանում է օլիմպիական չափանիշներին, այդ իսկ պատճառով այդտեղ էլ կայացավ հրաձգության մրցույթը, որը բավականին հետաքրքիր էր: Դե՛, մենք էլ զբաղեցրինք առաջին հորիզոնականը. ԵՊՀ-ի պատիվը միշտ բարձր ենք պահում»,- նշեց ԵՊՀ հրաձգության խմբակի մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցը:

Հունվարի 31-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շախմատի թանգարանում տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր 8 թիմ: ԵՊՀ-ն ներկայացնում էին Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Ավետիսյանը, նույն ֆակուլտետի աշխատակցուհի Ջեմմա Սարգսյանը և ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Սարգիս Սանթրոսյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, երկրորդ հորիզոնականը՝ ԵՊՀ թիմը, իսկ երրորդը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:

«Արագ շախմատի ակտիվ մարզումներ մշտապես իրականացրել և իրականացնում ենք: Մեր դասախոս-մարզիկները, ովքեր մասնակցել են մրցաշարին, նույնպես խաղում են ազատ ժամերին»,- նշեց ԵՊՀ շախմատի ակումբի պատասխանատու Վրեժ Օրդյանը:

Սեղանի թենիս մարզաձևի մրցույթը, որին մասնակցում էին 12 թիմեր, փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ-ի մարզադահլիճում: ԵՊՀ-ի՝ երեք դասախոս-մարզիկներից բաղկացած թիմը, որում ընդգրկված էին Նարեկ Ղուկասյանը, Լուսինե Մելքոնյանը և Արթուր Պողոսյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Առաջին տարին չէ, որ ԵՊՀ սեղանի թենիսի խմբակի ավագ մարզիչ, սպորտի վարպետ Արթուր Պողոսյանը մասնակցում է «Դասախոսական գավաթ» մարզական խաղերին: Նա նշում է, որ 2018 թվականի խաղերում թեև հիմնականում արդարացան սպասելիքները, այնուամենայնիվ սեղանի թենիսի մրցումների կանոնադրության մեջ անհրաժեշտ է անել որոշ փոփոխություններ. խոսքը մրցակիցներին ընտրելու կարգի մասին է:

«Որպես սեղանի թենիսի մարզիչ՝ չեմ կարող չնշել շատ կարևոր մի հանգամանքի մասին. խաղերի ժամանակ ուժեղ, պրոֆեսիոնալ մարզիկները մրցում էին թույլ, սիրողական մասնակիցների հետ: Այստեղ բախվում էինք ուժերի անհավասարության խնդրին: Այնուամենայնիվ, շատ ոգևորիչ է, որ դասախոսները նույնպես մարզվում և մասնակցում են մարզական այս խաղերին»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Մարզական խաղերի ժամանակացույցով վերջին մարզաձևը վոլեյբոլն էր: ՀՊՏՀ-ի մարզադահլիճում վոլեյբոլի խաղերը մեկնարկեցին փետրվարի 7-ին: Մասնակցում էին 9 բուհերի թիմեր: Թեժ մրցակցության արդյունքում ԵՊՀ-ն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ եզրափակչում հաղթելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմին: ԵՊՀ վոլեյբոլի թիմի պատասխանատու, մարզիչ, սպորտի վարպետ Կարեն Շահբազյանը նշում է, որ «Դասախոսական գավաթ» ամենամյա մրցումներում միշտ եղել է վոլեյբոլի մարզաձևը, և ԵՊՀ թիմը որքան մասնակցել է առաջնությանը, միշտ հաղթանակ է գրանցել:

«Մենք շատ գոհ ենք արդյունքներից, դժգոհելու ոչ մի պատճառ չունենք: Բավականին հետաքրքիր պայքար էր»,- նշեց Կարեն Շահբազյանը և հավելեց, որ ԵՊՀ թիմի կազմում, բացի իրենց ամբիոնի աշխատակիցներից, ընդգրկվել էր նաև Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Ռաֆֆի Քարամյանը, ով իր ուսանողական տարիներին մասնակցել է վոլեյբոլի խմբակի մարզումներին:

Նշենք նաև, որ «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթով, հավաստագրերով և նվերներով: 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրաված թիմերը ստացել են հավաստագրեր և նվերներ:


Միլենա Մկրտչյան