15.02.2018
ԱՆԻ ՕՐԴՅԱՆ. «ԼԵՌՆԵՐՈՒՄ ԵՄ ԶԳՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ՆԵՐՔԵՎՈՒՄ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ»
Անի Օրդյանը սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Ապագա աշխարհագրագետը ցանկանում է բացահայտել իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի աշխարհագրական ռեսուրսներն ու դրանք հայտնի դարձնել աշխարհին:

Պարից էներգիա ստացող Անին, ով նաև ստեղծագործում է, ամեն կերպ փորձում է իր սովորած յուրաքանչյուր նոր բան հասանելի դարձնել սահմանամերձ շրջանում ապրող իր հայրենակիցներին:


Պատմում է ինքը՝ Անին:


Մասնագիտության ընտրության մասին…


Սկզբում ցանկանում էի տուրիզմի բաժին ընդունվել, որովհետև այդ ոլորտն ինձ շատ էր դուր գալիս: Սակայն հետո հասկացա, որ բնության նկատմամբ տածած իմ մեծ սերն ավելի ուժեղ է, և միայն աշխարհագրության բաժնում կարող եմ անվերջ ուսումնասիրել ու բացահայտել այն: Բուհի ընտրությունը, անկեղծ ասած, պատահական է ստացվել: Ես Տավուշի մարզից եմ՝ Շամշադինի տարածաշրջանի Այգեձոր գյուղից, և այնտեղ մեզ այդքան էլ հասանելի չեն բուհերի վարկանիշները: Այժմ, սակայն, հաստատ կարող եմ ասել, որ Մայր բուհն իսկապես իմ երկրորդ տունն է: Ես շատ եմ սիրում մեր համալսարանը: Առաջին քայլերս, որ արել եմ Երևանում, եղել են համալսարանում ու համալսարանի օգնությամբ: Այսինքն՝ կարող եմ ասել, որ համալսարանն է կերտել ինձ ու դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա կամ: Առաջիկայում ցանկանում եմ ուսումնառությունս շարունակել ԵՊՀ-ում և ուզում եմ բացահայտել Տավուշի մարզի աշխարհագրական ռեսուրսները:


Պարն ինձ համար էներգիայի հզոր աղբյուր է…

Երբ եկել էր բարձրագույն կրթություն ստանալու ժամանակը, ես մեկ այլ ցանկություն էլ ունեի. ուզում էի պարուհի դառնալ, այսինքն՝ պարարվեստը հենց որպես մասնագիտություն ընտրել, բայց հարազատներս ու ընկերներս պնդեցին, որ դա հեռանկարային չէ: Ես էլ հաստատ որոշեցի. ուսմանս զուգահեռ՝ պարի դասերի կհաճախեմ: Եկա համալսարան և իմացա, որ այստեղ գործում է Մշակույթի կենտրոն, որի կազմում կա աղջիկների պարային համույթ, ու շատ ուրախացա: Ուրախությունս առավել կրկնապատկվեց, երբ իմացա, որ համույթի գեղարվեստական ղեկավարն Իռեն Ուլիխանովան է, ում դեռ մանկուց շատ եմ սիրել, հետևել գործունեությանն ու փորձել ինքնուրույն սովորել նրա պարերը: Դասերին զուգընթաց՝ սկսեցի հաճախել նաև պարի խմբակ: Ճիշտ է, արդեն համույթի գեղարվեստական ղեկավարը փոխվել է, բայց, միևնույնն է, ես նույն խանդավառությամբ եմ հաճախում պարապմունքներին: Ի դեպ, այժմ պարի մի քանի խմբակներ եմ այցելում, որոնցից մեկը «Սասուն» ազգագրական երգի ու պարի խմբակն է: Սիրում եմ հայկական ժողովրդական ու ազգային պարերը: Ամեն անգամ բեմ դուրս գալիս նոր զգացողություն եմ ունենում ու փորձում եմ պարզապես վայելել բեմում անցկացրած րոպեները:


Մրցանակներն իմ երազանքների մարմնացումներն են…

2016 թ.-ին համալսարանը ներկայացրել եմ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որն ինձ համար մեծ պատիվ էր: Շնորհակալ եմ նաև Իռենին, որ ինձ համապատասխան պար էր բեմադրել, ինչի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրի: Նույն պարով մասնակցել եմ նաև «Ունիվերսիադա-2016» մրցույթին, որտեղ նույնպես երկրորդ տեղը գրավեցի: 2017 թ.-ին արդեն մեր խմբով մասնակցեցինք մրցույթին ու երկրորդ հորիզոնականը զբաղեցրինք: 2016 թ.-ին Մոսկվայում մասնակցել եմ նաև «Հայկական երանգ» փառատոնին: Հիմա գրեթե համոզված եմ, որ եթե պարի դասերի չհաճախեի, ապա մասնագիտական հաջողություններ էլ չէի ունենա:


Գտել եմ նաև ուժեղանալու բանաձևը…

Ես հետաքրքրասեր եմ, սիրում եմ նոր բաներ փորձել ու ձգտում եմ դրանք անպայման հաջողությամբ ավարտել: Մասնակցում եմ տարբեր սեմինարների: Վերջին երկու տարում որպես կամավոր ընդգրկվել եմ նաև «Հայկական աշխարհագրական նախագիծ» զբոսաշրջային կազմակերպության կողմից կազմակերպվող արշավներին, որոնց շրջանակում բարձրանում ենք սարեր, բացահայտում նոր վայրեր, դրանց ներուժը, աշխարհագրական նոր օբյեկտներ ու այդ ամենի մասին հոդվածներ ենք գրում: Ամեն անգամ մի նոր սար բարձրանալիս զգում եմ, թե ինչպես եմ ուժեղանում: Ընդ որում, ուժեղանում եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Լեռներում եմ զգում իրական ազատությունն ու տեսնում այն, ինչ ներքևում չի երևում:


Եթե հասկանանք բնությունը, կհասկանանք նաև իրար…

Սիրում եմ ընթերցել: Ճիշտ է, հիմնականում մասնագիտական գրականություն եմ հասցնում կարդալ: Վերջերս ընթերցեցի «Ստամբուլի բիճը» վեպը, որը շատ հավանեցի: Ստեղծագործությունը շատ հուզիչ է ու անսպասելի ավարտով:

Ինքս էլ գրում եմ արձակի ժանրում: Գրում եմ մի պատմվածք, որտեղ համեմատում եմ մարդուն և բնությանը: Հասկացել եմ, որ մարդկային հարաբերություններն էլ գործում են բնության օրենքներին ու կանոններին համապատասխան, և եթե կարողանանք հասկանալ բնությանը, կհասկանանք նաև իրար: Ստեղծագործությանս մեջ բնությունը խոսում է մարդու հետ:


Երազանքս ծննդավայրս խաղաղ ու զարգացած տեսնելն է…

Հաճախ եմ վերադառնում Տավուշ ու փորձում կիրառել սովորածս: Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, աղջիկներին պարի դասեր եմ տալիս ու ամեն կերպ փորձում եմ երեխաներին հասանելի դարձնել այն, ինչը հասանելի չի եղել ինձ: Ամենամեծ երազանքս այն է, որ խաղաղություն լինի: Խաղաղություն ոչ միայն աշխարհում, այլև մեր ներսում: Դրա համար պետք է, որ ամեն ոք չարությունից մաքրի իր ներսը: Եթե մեր ներսում մաքուր ու խաղաղ լինի, ապա կկարողանանք մեր շրջապատն էլ մաքրել ու խաղաղեցնել: Մի երազանք էլ ունեմ. ուզում եմ Տավուշում տիեզերական մարմինների տեսքով հյուրանոց ունենալ, որը կգործի այնպես, ինչպես արեգակնային համակարգը, այսինքն՝ մոլորակները կպտտվեն Արեգակի շուրջը և այլն: Ու դա պետք է լինի հենց իմ ծննդավայրում, որպեսզի աշխարհին հայտնի դարձնի այդ փոքրիկ անկյունը:

Քնար Միսակյան