11.05.2018
«ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
Դասախոսների որակավորման բարձրացումը ԵՊՀ-ում կրթության որակի ապահովման և լրացուցիչ կրթության համակարգի կայացման երաշխիքն է: Այդ իսկ պատճառով համալսարանում 1968 թ.-ից իրականացվող ծրագիրը պարբերաբար կատարելագործվում է: Վերջին փուլի պատմությունը սկսվում է 2011 թ.-ից, երբ ԵՊՀ-ում մեկնարկեց կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիրը, որն էապես նպաստում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կրթական և հետազոտական-մեթոդական գործունեության ակտիվացմանը:

Երկու՝ կրթական և հետազոտական կառուցամասեր ներառող ծրագրի շրջանակում հաշվառվում են դասախոսի՝ նաև հիմնական ծրագրից դուրս ձեռք բերած կրեդիտները: Այսինքն՝ դասախոսը ոչ միայն կուտակելու, այլև իր վաստակած կրեդիտները փոխանցելու հնարավորություն ունի: Կրեդիտային համակարգի շնորհիվ դասախոսն իրեն հարմար ժամկետում անհատական ծրագրով մասնագիտական և մանկավարժական հմտություններ է ձեռք բերում: Անհատական ծրագրով աշխատելը ԵՊՀ հիմնական դասախոսական կազմին (շուրջ 900 հոգու) ծրագրում լիարժեքորեն ընդգրկվելու հնարավորություն է տվել:

2016-2017 ուստարվանից սկսվել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի երկրորդ փուլը (2016-2021 թթ.):

«2002 թ.-ից ԵՊՀ-ում լրացուցիչ կրթությունը թևակոխեց զարգացման նոր փուլ, որը լի էր ժամանակակից ծրագրերով: Դրանք իրականացնելու համար ստեղծվեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը, որը ներկայումս ունի երկու ծրագիր՝ դասախոսների որակավորման բարձրացում և մասնագետների վերապատրաստում: Մասնագետների վերապատրաստման ծրագրով մեզ են դիմում այլ կազմակերպություններ, որոնք որևէ առարկայի շրջանակում դասընթացներ կազմակերպելու և իրենց մասնագետներին վերապատրաստելու ցանկություն ունեն: Մեզ համար, այնուամենայնիվ, ամենակարևորը դասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրերն են: Ուստի մեր վարչության գոյության ընթացքում մշտապես նոր, ժամանակի պահանջներին և բուհի զարգացման ռազմավարական ծրագրին համահունչ կրթական ծրագրեր են իրականացվել»,- պատմում է ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

Դասախոսների կատարելագործման 2011-2016 թթ. ծրագրում 3 կարևոր բաղադրիչներ կային, որոնք նորույթ էին հետբուհական լրացուցիչ կրթության ոլորտում՝ կրեդիտային համակարգ, ուսուցման անհատական պլան (բացի պարտադիր դասընթացներից՝ դասախոսը հնարավորություն ուներ ընտրելու նաև այն ծրագրերը, որոնց ուզում է մասնակցել) և հետազոտական աշխատանք (դասախոսը կրեդիտներ է կուտակում գիտական գործունեության արդյունքներով): Տիկին Աղասյանի խոսքով, ծրագրի 1-ին փուլի ամփոփման արդյունքում արձանագրվել են մի քանի կարևոր փաստեր. դասախոսների մի հատված օտարված էր գիտական գործունեությունից, իսկ ոմանք էլ չէին կարողացել հաղթահարել անգլերենի քննությունը. «Շատ դասախոսների գիտական գործունեությունը մղված էր հետին պլան, սակայն 2-րդ փուլի ընթացքում, թեև ավարտվում է դեռևս երկրորդ տարին, պատկերն արդեն փոխվել է»:

Բաց հասարակության ինստիտուտի կողմից իրականացված նախագծի շրջանակում փորձագետները գնահատել և վերլուծել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի՝ կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիրը: Ներկայացված արդյունքները հիմնված էին ունկնդիր դասախոսների կարծիքների վրա: Նրանց մի մասը դժգոհություն էր հայտնել՝ նշելով, որ ծրագրի պարտադիր բաղադրիչները պետք է ավելի քիչ լինեն, իսկ կամընտրականը՝ շատ: Այս և այլ քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ համապատասխան փոփոխություններ են արվել ծրագրի երկրորդ փուլում:

«Կատարելագործման ծրագրի 2-րդ փուլին մասնակցում են 1957 թ.-ին և դրանից հետո ծնված ԵՊՀ հիմնական կազմի դասախոսները: Նոր ծրագրի համաձայն՝ 5 տարվա ընթացքում դասախոսը դարձյալ պարտավոր է հավաքել 30 կրեդիտ: Սակայն կրթական կառուցամասից պարտադիր է մնացել երկու դասընթաց՝ «Անգլերենը ակադեմիական միջավայրում» և «Մասնագիտության արդի հիմնախնդիրները»: Մենք գիտակցում ենք, որ առավել տարեց դասախոսների համար դժվար է յուրացնել օտար լեզուն, սակայն գիտության ժամանակակից լեզուն անգլերենն է, և եթե դասախոսն ուզում է հետազոտական աշխատանք կատարել, ապա պետք է տիրապետի անգլերենին: Միաժամանակ դասախոսից պահանջվում է 5 տարվա ընթացքում մեկ մակարդակով բարելավել անգլերենի իմացությունը: Կարծում եմ՝ այդ ժամկետը բավարար է քննությանը պատրաստվելու համար»,- ասում է Ժասմեն Աղասյանը և հավելում, որ Հայաստանը՝ ի դեմս Մայր բուհի, ներառված է միջազգային կրթական գործընթացներում, ինչի արդյունքում ակտիվացել է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությունը:

Անգլերենի քննությունն իրականացվում է ԱՄՆ Բոստոնի համալսարանի ծրագրով: Ընտրությունը պայմանավորված է Բոստոնի համալսարանի կողմից առաջարկվող թեստավորման թղթային տարբերակով, քանի որ մեծահասակ դասախոսները դժվարանում են աշխատել էլեկտրոնային հարթակում:

«Բուհը մեծ գումարներ է ծախսում, որպեսզի դասախոսներին միջազգային փաստաթուղթ շնորհի: Այն հավասարազոր է «TOEFL»-ին կամ «IELTS»-ին: Բնականաբար, այն երիտասարդ դասախոսները, ովքեր արդեն քննություններ են հանձնել այդ ծրագրերով, կարող են փոխանցել իրենց կրեդիտները»,- փաստում է Ժասմեն Աղասյանը:

Վարչության պետն ընդգծեց, որ երիտասարդ դասախոսների համար պարտադիր առարկաներ են համարվում նաև «Դասավանդման մեթոդների, ուսումնառության և գնահատման հիմունքները» ու «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաները»:

2016-2021 թթ. համար նախատեսված ծրագրի գլխավոր նպատակը դասախոսական կազմի ներուժի՝ մասնագիտական և անձնային որակների զարգացումն է:

«1-ին փուլի ընթացքում վարչության հետ համագործակցող ֆակուլտետային պատասխանատուների հետ քննարկումներ ունեցանք. արդյունքում պարզվեց՝ որոշ դասախոսներ ոչ միայն դասավանդման մեթոդների, այլև գիտելիքների թարմացման խնդիր ունեն: Այդ մասին են վկայում նաև ուսանողական հարցումները»,- նշում է Ժ. Աղասյանը:

ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետն ընդգծում է նաև, որ ծրագրի իրականացման 1-ին փուլում ԵՊՀ դասախոսների հիմնական մասի համակարգչային ընդհանուր մակարդակը գրեթե անմխիթար էր. ոմանք չէին տիրապետում նույնիսկ տարրական հմտություններին: Եվ չնայած հիմա պատկերը փոխվել է, սակայն խնդիրը, այնուամենայնիվ, շարունակում է արդիական մնալ. «Գիտելիքներն ամրացնելու համար կիրառություն է պետք: Ցավոք, հարցումների արդյունքում պարզվել է, որ դասախոսներից շատերը նույնիսկ իրենց էլեկտրոնային փոստի հասցեն չեն հիշում»:

Գիտական աշխատանքների գնահատման առումով նույնպես որոշ փոփոխություն է եղել՝ հօգուտ դասախոսների: «Ծրագրի հետազոտական յուրաքանչյուր բաղադրիչ բարձր կրեդիտ է ապահովում դասախոսի համար: 30 ընդհանուր կրեդիտից 10-ը կուտակվում է պարտադիր բաղադրիչներից. 3 կրեդիտ անգլերենից է, 2-ը՝ «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ» դասընթացից, իսկ 5-ը՝ հետազոտական աշխատանքից: Համեմատության համար նշեմ, որ նախկինում հոդվածի համար հեղինակը վաստակում էր հիմնականում մեկ կրեդիտ: Եվ այդ ամենը, կրկնում եմ, 5 տարվա ընթացքում»,- փաստում է տիկին Աղասյանը և ավելացնում, որ մնացած 20 կրեդիտը դասախոսը կարող է հավաքել կամընտրական բաղադրիչների շրջանակում:

Ժասմեն Աղասյանը դասախոսներին կոչ է անում ավելի ակտիվ լինել հատկապես վիրտուալ հարթակում՝ մատնանշելով այն հանգամանքը, որ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունն ունի նաև կայք (http://extension.ysu.am/), ինչպես նաև ֆեյսբուքյան էջ (ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն), որոնց միջոցով օգտատերերը կարող են իրենց հուզող հարցերն ուղղել վարչության աշխատակիցներին:

Հավելենք նաև, որ դասախոսների կատարելագործմանն ուղղված կրթական ծրագրերը հեռահար նպատակներ ունեն: «ERASMUS+»-ի հերթական նախագծի շրջանակում ներկայումս իրականացվում է «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» ծրագիրը: ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից կյանքի կոչվող նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Ժամանակակից աշխարհում դա գերխնդիր է նաև բարձրագույն կրթության գլոբալ համակարգում։

Նպատակին հասնելու համար կիրականացվեն մի շարք գործընթացներ՝ ուղղված դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացմանը, գործընկեր բուհերի դասախոսական կազմի կարողությունների բարձրացմանը՝ զարգացնելով նրանց դասավանդման նորարարական հմտությունները: Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։

Այնպես որ՝ ԵՊՀ դասախոսները պետք է օգտագործեն կատարելագործման բոլոր հնարավորությունները՝ և՛ որակավորման բարձրացման ընթացիկ ծրագիրը, և՛ սպասվող վիրտուալ ակադեմիան, և՛ իհարկե ամենակարևորը՝ ինքնակրթությունը:


Վարդուհի Զաքարյան