25.05.2018
«Ա՛Յ ԱՂՋԻԿ, ՈՐ ԲԱՑԱԿԱ ԵՍ, ԱՅՍՏԵՂ ՉԵՍ, ՈՒՐԵՄՆ ԲԱՑԱԿԱ ԵՍ…»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը երկու հիշարժան դրվագ է ներկայացնում երջանկահիշատակ լեզվաբան, ԵՊՀ դասախոս Ռաֆայել Իշխանյանի մանկավարժական գործունեությունից:

***

Ռաֆայել Իշխանյանը մոլեռանդ, ծայրահեղության հասնող հայասեր ուսուցիչ էր, հայագետ և չէր հանդուրժում, որ որևէ ուսանող իր խոսքում ռուսերեն անգամ մեկ բառ ասեր, որովհետև այդ ժամանակ շատ մեծ վտանգ կար ռուսերենի լայնածավալ տարածումից: Ընդ որում, նա խստորեն պատժում էր այդ ուսանողին:

Կուրսում մի շատ լավ սովորող ունեինք` Թադևոս Տոնոյանը (ներկայումս՝ բանաստեղծ, երգահան, գիտությունների թեկնածու): Եվ ահա մի օր ուշացած եկավ Իշխանյանի դասին և ասաց, թե քննության է.


- Ընկե՛ր Իշխանյան, ես «զաչոտնիկս» մոռացել եմ տանը:


- Դո՛ւրս կորիր, ա՛յ տղա,- ասաց,- «զաչոտնիկ», ի՞նչ է նշանակում «զաչոտնիկ», դո՛ւրս կորիր, 2:


Եվ անբավարար նշանակեց բոլոր քննությունները գերազանց ստացած ուսանողին: Հաջորդ անգամ նորից եկավ քննության: Անընդհատ կրկնել էր, որ «զաչոտնիկ» չասի, այլ ստուգման գրքույկ ասի: Ներս մտավ թե.


- Ընկե՛ր Իշխանյան, ստուգման գրքույկը բերել եմ, բայց «վեդըմստում» անունս չկա գրած:


Երկրորդ անգամ Իշխանյանն ուղղակի խելագարվեց: Եվ Տոնոյանն ունեցավ մի 4 գնահատական, այն էլ Իշխանյանից՝ ոչ հայալեզու «զաչոտնիկ»  և «վեդըմստ»  բառերի համար:

 

***

Իշխանյանը ծանր էր լսում և երբեմն, ասենք, հարցեր էր տալիս ու պատասխանը դժվար էր ընկալում: Նա ներկա-բացակա անող դասախոս էր և ազգանուններով էր կարդում: Սակայն քանի որ լավ չէր լսում, ասում էր` ձե՛ռք բարձրացրեք: Հաճախ, իհարկե, խաբում էին ուսանողները. նույն մարդը տեղափոխվում էր, նորից ձեռք էր բարձրացնում, և բացակաների թիվը քիչ էր լինում: Չէր նկատում, որովհետև համակ բարություն էր, ինքը մաքրություն էր և չէր մտածում, որ ուսանողները կարող են այդքան անազնիվ լինել:


Կուրսում մի տարեց աղջիկ ունեինք, մեզնից մի հինգ տարի մեծ` Զաքարյան Մարիետան: Շատ լավ աղջիկ էր` Շամշադինից: Սակայն որ տարիքային տարբերություն կար, դժվար էր հաշտվում կուրսի հետ: Երբ Իշխանյանն անուն-ազգանունը կարդաց` Զաքարյան Մարիետա, վերջում նստած` ինչ-որ բանով էր զբաղված: Նա այնտեղից մեխանիկորեն ձեռք բարձրացրեց, ասաց՝ ես եմ:


Իշխանյանն ասաց` բացակա՞: Մարիետան ասաց` ներկա, իսկ Իշխանյանը, որ չլսեց, գրեց բացակա: Աղջիկը տեղից բարձրացավ և ասաց.


- Ընկե՛ր Իշխանյան, ես ներկա եմ, ինձ բացակա եք դնում:


- Ի՞նչ է ուզում,- ասաց:


Ես ավագն էի, սովորաբար թարգմանում էի, ասացի.


- Ընկե՛ր Իշխանյան, նա ներկա է, Դուք բացակա եք դրե՞լ:


Նորից չլսեց: Ասաց.


- Ա՛յ աղջիկ, որ բացակա ես, այստեղ չես, ուրեմն բացակա ես, էլ ո՞ւր ես վիճում:


Եվ բացական դրեց. նկատի ուներ, իհարկե, որ նա ձեռք չի բարձրացրել, բայց խոսքը հանգում էր այս զավեշտին:

 

Պատրաստեց Լիլիթ Ազատյանը