31.05.2018
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է 1519 ԴԻՄՈՐԴ
Բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 5-ին, ավարտվեց հունիսի 1-ին: Այս փուլում բուհեր են դիմել դպրոցների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։

«Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519 դիմորդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2632 դիմորդ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Նա նշեց, որ ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ պահանջված են հետևյալ մասնագիտությունները՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, տեղեկատվական անվտանգություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, սերվիս, հանրային կառավարում, լրագրություն, կառավարում, ֆինանսներ:

«Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ մտահոգիչ վիճակում են քիմիա, սննդի անվտանգություն, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա, երկրաբանություն, կենսաբանություն, կենսաքիմիա, աստվածաբանություն, եկեղեցաբանություն մասնագիտությունները: Այս մասնագիտություններն ունեն շատ քիչ դիմորդներ»,- ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 24-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը: Այդ փուլին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները, ամռանը ՀՀ ԶՈՒ-ից զորացրված քաղաքացիները։

Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց նաև, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են ԶՈՒ-ից զորացրված դիմորդների համար:

«Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է. ունենք շուրջ 9600 շրջանավարտ: Այս տարի նվազել է նաև միասնական քննությունների համակարգով ԳԹԿ-ում հայտագրված դիմորդների թիվը. անցած տարի հայտագրված է եղել մոտ 9600 դիմորդ, իսկ այս տարի՝ 4500 դիմորդ: Դիմորդների նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումային տարին է»,- ասաց Վ. Գալստյանը և հավելեց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին առաջիկա ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը հայտնեց, որ միասնական քննություններով ընդունելության մրցույթին մասնակցում են շուրջ 80 պետական և մասնավոր բուհեր, որտեղ անվճար ու վճարովի տեղերի թիվը հասնում է շուրջ 20 հազարի։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համար անվճար տեղեր չեն հատկացվել, քանի որ ՊՆ-ի կողմից իրականացվում է «Պատիվ ունեմ» ծրագիրը։

Խոսելով ԵՊՀ ուսման վարձաչափերի մասին՝ Վ. Գալստյանը փաստեց, որ Մայր բուհում ուսման վարձերը՝ բացառությամբ մագիստրոսական մեկ ծրագրի, չեն թանկացել, մնացել են նույնը։

Ի դեպ, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ընդգծեց՝ հանրապետությունում ընդունելության դաշտը, այնուամենայնիվ, միասնական չէ. «Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանները տարվա ընթացքում առանձին կազմակերպում են ընդունելություն իրենց բուհի նախապատրաստական կուրսերից։ Ընդունելության դաշտը հավասար մրցակցային չէ, ինչից տուժում են ՀՀ պետական բուհերը: Հուսով ենք, որ նոր ձևավորված ՀՀ Կառավարությունը հավասար պայմաններ կստեղծի ՀՀ բոլոր բուհերի համար, և ՀՀ-ում գործող բոլոր բուհերի քննությունները կանցկացվեն միասնական ձևաչափով»։


Նադեժդա Տեր-Աբրահամյան