16.05.2018
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ 19-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերն այս տարի մեկնարկել են մարտից: Խաղերին ակտիվորեն մասնակցել են նաև ԵՊՀ ուսանողները:

19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի նպատակն է ուսանողության շրջանում արմատավորել առողջ կենսակերպ, նրանց ներգրավել մարզական-մասսայական միջոցառումներին, ինչպես նաև նպաստել ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը և առողջության ամրապնդմանը: Խաղերի առաջին փուլն անցկացվել է մարտ-մայիս ամիսներին:

ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, Մարզական ակումբի նախագահ Հենրիկ Թումանյանը, կարևորելով խաղերի անցկացումը, նշեց, որ ուսանողական մարզական ստուգատեսի նպատակն է նաև ակտիվացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզական ակումբների գործունեությունը, ի հայտ բերել լավագույն ուսանող-մարզիկներին:

Մարզական խաղերի ընդհանուր ղեկավարումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ մարզական խաղերի անմիջական կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը դրված է «ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի վրա:

Նշենք, որ մրցանակակիր թիմերը պարգևատրվել են ֆեդերացիայի կողմից սահմանված գավաթներով և պատվոգրերով, իսկ անհատական մրցաշարերի մրցանակակիրները՝ մեդալներով և հավաստագրերով, մարզիչները՝ հավաստագրերով: Մայր բուհի՝ մրցանակային տեղեր գրաված մարզիկները ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից խրախուսվել են նաև դրամական պարգևով:

Մրցումներին մասնակցել են Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու նրանց մասնաճյուղերի թիմերը և մարզիկները: Խաղերի առաջին փուլում համալսարանականները հանդես են եկել հետևյալ մարզաձևերում՝ սեղանի թենիս, բազկամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտզալ և ձյուդո:

ԵՊՀ սեղանի թենիսի թիմի մարզիչ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ աղջիկների թիմը գրավել է մրցանակային 3-րդ տեղը, իսկ տղաների թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

«Ես շատ բավարարված եմ աղջիկների թիմի արդյունքից: Համոզված եմ, որ մյուս տարիներին մեր թիմերն ավելի լավ արդյունքներ կգրանցեն: Ամեն օր մարզվում ենք, որպեսզի գալիք մրցումներին և՛ տղաների, և՛ աղջիկների թիմերն իրենց դիրքերը բարելավեն: Անցած տարի ԵՊՀ աղջիկների թիմն այս մարզական խաղերում գրավել էր երկրորդ հորիզոնականը, իսկ 17-րդ խաղերում՝ առաջին տեղը»,- հավելեց Արթուր Պողոսյանը:

Ինչ վերաբերում է բազկամարտի առաջնությանը, ապա դրան մասնակցել են 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մրցաշարին տարբեր քաշային կարգերում ԵՊՀ-ից մասնակցել է 15 մարզիկ:

ԵՊՀ բազկամարտ սպորտաձևի մարզիչ Աշոտ Սարգսյանի խոսքով, 90+ քաշային կարգում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սերոբ Ժամկոչյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, նույն քաշային կարգում Հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սամվել Եղիազարյանը՝ 3-րդ հորիզոնականը: 80 կգ քաշային կարգում նույնպես 3-րդ տեղն է գրավել Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արշակ Հայրապետյանը:

«Հանրապետական ուսանողական մարզական խաղերում 12 տարի այս սպորտաձևն ընդգրկված չի եղել, այդ իսկ պատճառով այս տարի բազկամարտի մրցաշարում թիմային պայքար չի եղել: Բուհերի թիմերը նախապես պատրաստված չեն եղել այս մարզաձևի մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց ԵՊՀ բազկամարտի մարզիչ Աշոտ Սարգսյանը:

ԵՊՀ վոլեյբոլի տղաների թիմն էլ հանրապետական մարզական ստուգատեսում գրավել է 2-րդ հորիզոնականը: ԵՊՀ վոլեյբոլի թիմի մարզիչ, սպորտի վարպետ Երվանդ Զաքարյանը հայտնեց, որ եզրափակչում համառ պայքարում պարտվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հավաքականին: Վոլեյբոլի մրցաշարին մասնակցել են 10 բուհերի թիմեր: Երվանդ Զաքարյանի հավաստմամբ, ԵՊՀ թիմն առաջին տեղը զբաղեցնելու մեծ հնարավորություն ուներ, սակայն սպորտում լինում են նաև անակնկալներ. «Մենք ակտիվ մարզումները շարունակում ենք, և համոզված եմ, որ ԵՊՀ վոլեյբոլի տղաների թիմը մյուս տարի զբաղեցնելու է առաջին հորիզոնականը»:

Բասկետբոլի առաջնությունում, որին մասնակցել են 8 բուհերի թիմեր, նույնպես 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԵՊՀ աղջիկների թիմը: Եզրափակչում ԵՊՀ թիմը պարտվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հավաքականին:

«Ես շատ գոհ եմ մեր թիմի արդյունքներից և համոզված եմ, որ առաջիկա մրցումներին մենք ավելի բարձր հորիզոնական կգրավենք: Այս տարի թիմի հիմնական մարզիկներից մի քանիսը տարբեր պատճառներով չեն մասնակցել մրցումներին, դրա համար չհաջողվեց առաջին հորիզոնականը զբաղեցնել: Մյուս տարի մենք շարունակելու ենք մեր համառ պայքարն առաջին տեղը գրավելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ բասկետբոլի աղջիկների թիմի մարզիչ Լուսինե Մելքոնյանը:

19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերում ընդգրկված ձյուդո մարզաձևի մրցաշարին ԵՊՀ-ից մասնակցել են 4 մարզիկներ, որոնցից 3-ը՝ Արման Ազատյանը (60 կգ քաշային կարգ), Սամվել Մանուկյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (60 կգ), գրավել են մրցանակային 3-րդ տեղը:

ԵՊՀ ձյուդոյի մարզիչ Արարատ Հարությունյանը նշեց, որ մրցաշարին չի մասնակցել ԵՊՀ ուսանող, բարձրակարգ մարզիկ Գուրգեն Աբելյանը, քանի որ տվյալ ժամանակահատվածում մասնակցելու էր ՌԴ-ում կայանալիք Եվրոպայի առաջնությանը. «Եթե Գուրգեն Աբելյանը մասնակցեր, ապա համոզված կարող եմ ասել, որ նա կգրավեր առաջին հորիզոնականը»:

Ինչ վերաբերում է ֆուտզալի մրցաշարին, ապա այդ ստուգատեսին մասնակցել են 17 թիմեր: ԵՊՀ հավաքականի արձանագրած արդյունքը համեստ է. զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

ԵՊՀ ֆուտզալի թիմի մարզիչ Յուրի Մուրադյանի հավաստմամբ, այդ արդյունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՊՀ ֆուտզալի թիմը նորաստեղծ է, որում ընդգրկված են հիմնականում 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ, իսկ փորձը շատ մեծ նշանակություն ունի. «Այս նորաստեղծ թիմը խոստումնալից է, հետագայում ավելի լավ արդյունքներ կունենանք»:

Հ.Գ.: 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի երկրորդ փուլն անցկացվելու է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:


Նադեժդա Տեր-Աբրահամյան