23.05.2018
ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՈՒ՞Մ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԱՅՆ
Սիրիան իսլամի ու քրիստոնեության գրեթե բոլոր ճյուղերն ընդգրկող «կաթսա» է, էթնիկական առումով՝ բավականին խայտաբղետ: Այնուամենայնիվ, մինչ հակամարտության գոտու վերածվելը այն ներքաղաքական առումով կայուն, բարգավաճ ու անվտանգ երկիր էր: Ըստ այդմ՝ ո՞ւմ էր ձեռնտու սիրիական ճգնաժամը: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1992-98 թթ. Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ իրավիճակ էր Սիրիայում մինչ պատերազմական թատերաբեմ դառնալը:

- Սիրիան աշխարհի ամենահին պետություններից է: Ունենալով խաչմերուկային դիրք՝ այն, բնականաբար, մշտապես եղել է տարբեր պետությունների, գերտերությունների շահերի բախման կիզակետում: 20-րդ դարում էլ Սիրիան անցավ, այսպես ասած, քաղաքական մի շարք վայրիվերումների միջով՝ 1-ին համաշխարհային պատերազմից հետո՝ 1920 թ.-ին, Սայքս-Պիկո համաձայնագրով այդ երկրի կառավարման մանդատի հանձնումը Ֆրանսիային, 2-րդ աշխարհամարտից հետո անկախություն ձեռք բերելը, 1958 թ.-ին Արաբական Միացյալ Հանրապետության կազմի մեջ մտնելը, 1970 թ.-ի հեղաշրջումը: Սակայն հեղաշրջման արդյունքում 1971 թ. մարտի 12-ին նախագահ դարձավ ԲԱԱՍ կուսակցության (Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցություն) անդամ Հաֆեզ ալ-Ասադը, և կարճ ժամանակահատվածում անկայուն ու թույլ տնտեսությամբ երկիրը թևակոխեց զարգացման ու կայունացման շրջան: Ալ- Ասադը երկրի զարգացման հիմքում դրեց արաբական միասնության ու սոցիալիստական գաղափարախոսությունը, և Սիրիան դարձավ տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը: Կարելի է արձանագրել, որ 1990-ական թթ. Սիրիան լուծել էր իր պարենային ու էներգետիկ անվտանգության խնդիրները և ներքաղաքական առումով կայուն, բարգավաճ ու անվտանգ երկիր դարձել:


- Այդ դեպքում ի՞նչ հիմքեր ունեին ներքաղաքական ընդվզումները:

- Սիրիան «կաթսա» է, որտեղ ապրում են իսլամի ու քրիստոնեության գրեթե բոլոր ուղղությունների համայնքներ՝ իրենց ներքին ու արտաքին հակասություններով:

Էթնիկական առումով նույնպես բավականին խայտաբղետ է: Ուրեմն այդ բարդ խճանկարը ներդաշնակ ու կայուն պահելու համար անհրաժեշտ է կենտրոնական իշխանության հզորությունը, ինչը Հաֆեզ ալ-Ասադի օրոք ապահովված էր: Ճիշտ է, այդ ժամանակաշրջանում նույնպես կային խնդիրներ. օրինակ՝ 80-ական թթ. սկզբին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից խռովություններ ու ահաբեկչություններ տեղի ունեցան, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին: Այնուամենայնիվ, «արաբական գարունն» այդ երկրում իրական քայքայիչ ազդեցություն չէր ունենա, եթե չլիներ դրսի ուժերի միջամտությունը: Հիշեցնեմ՝ ընդվզման առաջին օջախը Դարայում էր, որը գտնվում է Հորդանանի սահմանին, մյուսը՝ Թուրքիայի սահմանին (ի դեպ, Դարայից ցույց էին տալիս բազմամարդ հանրահավաքի կադրեր, սակայն այդ քաղաքում այդքան բնակչություն չկա): Այսինքն՝ ներքաղաքական ցնցումների կազմակերպիչները նախ և առաջ այն երկրներն էին, որոնք ձգտում էին իրենց վերահսկողությունը հաստատել Սիրիայի վրա: Պետք է հաշվի առնել, որ Սիրիայում իշխանությունն ալավիների ձեռքին էր, որոնք շիական դավանանքի ընդհանուր գծից անջատված, բայց շիական պատկանելիությունը պահպանող մի ուղղություն է: Նրանք Սիրիայի բնակչության փոքրամասնություններից են, միշտ ճնշված են եղել, և սուննի-ալավի հարաբերությունները շատ ծանր, դաժան պատմություն ունեն: Մեծամասնությունը սուննիներ են: Եվ ահա վերջին գործոնն ակնհայտորեն օգտագործել ցանկացող 2 հարևան երկիր կա: Մեկը Թուրքիան է, որտեղ նաև սուֆիական եղբայրների միջոցով կապեր կան սիրիական սուննիականության ու թուրքական սուֆիականության միջև: Բացի դրանից՝ «Մուսուլման եղբայրները», որ Թուրքիայում մշտապես ուժեղ են եղել (այսօր` առավել ևս), նույնպես կապված են սիրիական «Մուսուլման եղբայրների» հետ: Մյուս կողմից` ընդհանուր իսլամական ծայրահեղականությունը՝ հիմնված վահաբիականության հենքի վրա, որը հակադրվում է «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությանը, Հաֆեզ Ասադի մահվանից հետո ինչ-որ հենարան էր գտել Սիրիայում, ինչը ենթադրում է, որ Սաուդյան Արաբիայի համար նույնպես դուռ էր բացում այդ երկրի գործընթացների վրա ազդեցություն ունենալու առումով: Եթե ընդհանուր աշխարհաքաղաքական տեսակետից էլ դիտարկենք, ապա կնկատենք, որ կա շիական ազդեցության ներքո գտնվող մի այսպիսի աղեղ՝ Իրան, Իրաք, Սիրիա և Լիբանան: Այս տեսակետից էլ թե՛ Թուրքիան, թե՛ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար, բնականաբար, պետք է կտրեին այդ աղեղը, ինչի համար սիրիական սուննիական մեծամասնությունը և արդեն նշված մյուս ուժերի ներկայությունը կարծես թե հիմք էին այդ պետությունների գործողությունների համար: Հիմք էր նաև անկայուն վիճակը, որն առաջացել էր Բուշ Կրտսերի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում իրականացված գործողությունների արդյունքում: Ընդ որում, ԱՄՆ-ն էլ հակաիրանական իր քաղաքականության ծիրում ձգտում էր սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել այն հնարավորությունները, որոնք ընձեռվում էին վերոնշյալ աղեղի շնորհիվ: Ինչ խոսք, Սիրիան բռնապետական երկիր էր իր բոլոր թերություններով՝ կաշառակերություն, սոցիալական անհավասարություն և այլն: Եվ ասել, թե սոցիալական դժգոհության նախադրյալներ չկային, սխալ կլինի: Այդուհանդերձ դրանք չունեին այն խորությունը, որ նմանօրինակ հակամարտության հանգեցնեին:


- Այժմ սիրիական ճգնաժամին խառնված են մի շարք պետություններ, որոնց թվում՝ գերտերություններ: Ի՞նչ շահեր ունեն նրանք:

- Իմ տեսակետից՝ Ռուսաստանի շահը Միջերկրական ծովի ափին ռազմակայան ու նավահանգիստ ունենալն է, ինչն այդ տարածաշրջանում ազդեցություն և Եվրոպայի հետ այդ ուղով նավագնացություն ապահովելու միջոց է: Թուրքիայի համար դա ոչ միայն տարածաշրջանի ազդեցության, այլև անվտանգության խնդիր է քրդական հարցի համատեքստում. եթե Սիրիայում քրդերն ինքնավարություն ստանան, ապա դա նախադեպ է դառնում Թուրքիայի քրդերի համար:

Բնականաբար, տարածաշրջանում որոշակի ազդեցություն պահպանելու առումով իրենց շահերն ունեն նաև տարածաշրջանային ու եվրոպական երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ը, որը վերջին շրջանում Սիրիայում մեծացնում է իր ռազմական ներկայությունը: Չնայած այն հայտարարություններին, թե Սիրիայում ջախջախված է «Իսլամական պետությունը», այնուամենայնիվ այն դեռևս կենսունակ է և իր շահերն ունի:

Սիրիայի առկա վիճակով, այսպես ասած, ամենաերջանիկն Իսրայելն է, որովհետև Պաղեստինի հարցում նրա հիմնական դիմադրող ուժերից երկուսը՝ Իրաքն ու Սիրիան, արդեն չեզոքացվել են, մնացել է միայն Իրանը:


- Ձեր կարծիքով՝ ի՞նչ սցենարով կհանգուցալուծվի սիրիական ճգնաժամը:

- Մի քանի սցենարներ կան, օրինակ՝ մասնատելու սցենարը: Տարածաշրջանային երկրները, սակայն, Սիրիայի ամբողջականության մասին են միշտ խոսում, որովհետև մասնատելը շատ վատ նախադեպ է և կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել: Այժմ կարող ենք միայն փաստել, որ առկա վիճակը դեռ երկար է տևելու, քանի որ որևէ բանակցություն արդյունք չի տալիս: Նույնիսկ խաղաղության գոտիներում հնչում են կրակոցներ, լինում են պայթյուններ: Խնդիրը կարող է լուծվել միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ համաձայնության դեպքում:


-Սիրիական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա:

- Նախ հսկայական քանակով ՝ մոտ 20.000 հայ փախստականներ ենք ընդունել, ինչը մեր երկրի համար բավականին բարդ գործընթաց է: Այդ տեղահանության արդյունքում մենք կորցրել կամ կորցնում ենք սիրիահայ համայնքները, որոնք տարածաշրջանում մեր ազդեցության կարևոր օղակներն էին: Մյուս կողմից՝ Հայաստանը Սիրիայի հետ ուներ առևտրատնտեսական սերտ հարաբերություններ, որոնք, բնականաբար, խաթարվել են:

Սիրիահայ համայնքը միշտ շատ ուժեղ է եղել: Ճիշտ է, այսօր հսկայական համայնքից փշուրներ են մնացել, սակայն եկեղեցիներ, ակումբներ կան, որոնք դեռ գործում են: Այստեղ եկած հայերից շատերը սպասում են, որ ճգնաժամը հանգուցալուծվի, և իրենք հետ գնան, իրենց տներին, ունեցվածքին տեր կանգնեն: Ի դեպ, սիրիահայերը բավականին արժանապատիվ, աշխատասեր ու մաքուր մարդիկ են և մեր մթնոլորտն ինչ-որ առումով փոխել են:


Գեղամ Մելիքբեկյան