28.05.2018
«ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ». ԱՐՄԵՆ ԹԱԴևՈՍՅԱՆ
ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման նորաստեղծ վարչության կառուցվածքի, գործառույթների ու հետագա ծրագրերի մասին լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է վարչության պետ Արմեն Թադևոսյանի հետ:

- Պարո՛ն Թադևոսյան, ինչո՞ւ որոշվեց վերամիավորել ԵՊՀ-ում գործող երկու բաժինները և ստեղծել նոր ստորաբաժանում:


- 2015 թ.-ի դեկտեմբերի 23-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված «ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի (2016-2020 թթ.)» չորրորդ բաժինը նվիրված է համալսարանում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ծրագրով առաջադրված խնդիրները լուծելու նպատակով ԵՊՀ ռեկտորի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվեց և ԵՊՀ գիտական խորհրդի 2017 թ.-ի հուլիսի 6-ի որոշմամբ՝ հաստատվեց «ԵՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման հայեցակարգը», որով սահմանվեցին ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները:

Հայեցակարգով նախատեսվում էր ստեղծել անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող նոր ստորաբաժանում, ինչն օրենքով սահմանված կարգով իրականացվեց: Նոր ստորաբաժանման ստեղծմամբ միաժամանակ դադարեցվեց Կադրերի և Իրավաբանական բաժինների գործունեությունը:


- Ի՞նչ բաժիններից է կազմված վարչությունը, և ի՞նչ գործառույթներ են իրականացվելու:

- Վարչության կազմում ընդգրկված են Անձնակազմի կառավարման բաժինը և Իրավական ապահովման բաժինը: Առաջինն իրականացնելու է համալսարանի անձնակազմի կառավարմանն առնչվող գործառույթներ, և, պատկերավոր ասած, աշխատանքի ընդունման պահից մինչև ազատման պահն «ուղեկցելու է» աշխատողին, երկրորդն ապահովելու է համալսարանի գործունեության ֆորմալ իրավական հենքը:


- Կա՞ն արդյոք ոլորտներ, որոնք առավել խոցելի են և որոնց ուղղությամբ վարչությունը հատուկ քաղաքականություն է իրականացնելու:

- Գաղտնիք չէ, որ արագ փոփոխվող աշխարհում արագ են փոխվում նաև աշխատանքի կազմակերպման պայմաններն ու աշխատողներին առաջադրվող պահանջները: Այս առումով համալսարանը ևս բացառություն չէ: Այն կենդանի օրգանիզմ է, և, ըստ այդմ, համալսարանական գործունեությունը ևս անընդհատ զարգացող գործընթաց է: Խոցելի չէի անվանի, բայց, որ համալսարանում անձնակազմի կառավարման որոշ գործընթացների արդիականացման և նոր մոդելների ու մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա, դա հաստատ է: Այս ուղղությամբ վարչությունը նպատակաուղղված գործունեություն է ծավալելու:


- Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված առաջիկայում:


- Ոլորտի զարգացման մեր տեսլականը բազմաբևեռ է: Բոլոր խնդիրները գույքագրված են, և առաջիկայում ձեռնամուխ կլինենք դրանց լուծմանը: Առաջին հերթին պետք է լուծենք զարգացման ռազմավարական ծրագրով նախանշված խնդիրները:

Նախատեսում ենք համալսարանում ներդնել անձնակազմի ներուժի զարգացման, նոր աշխատողների ադապտացիայի ապահովման, մոտիվացիայի բարձրացման, մասնագիտական կարողությունների զարգացման, աշխատանքի արդյունավետության գնահատման և պաշտոնեական առաջխաղացման գործուն մեխանիզմներ, մշակել պաշտոնի անձնագրեր, խթանել համալսարանում կամավորական աշխատանքի ինստիտուտի կայացումը և, իհարկե, իրականացնել համալիր գործողություններ, որոնք կնպաստեն աշխատողների կենսամակարդակի բարձրացմանը:

Վստահ եմ, որ համալսարանի մեր գործընկերների ակտիվ աջակցության շնորհիվ կկարողանանք հասնել մեր առջև դրված խնդիրների ակնկալվող արդյունքներին: