22.05.2018
«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՆԵՐՏՈՒԹՅԱՆ (ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ ԻՄ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՉՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ. ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂՎԱ ՕՐԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին գործընթացների, մասնավորապես ՀՀ սահմանադրական փոփոխությունների, ՀՀ վարչապետի ընտրությունից հետո հավանական իրավիճակների, ինչպես նաև խաղաղ զանգվածային ցույցերի վերաբերյալ լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ:

- Պարո՛ն Ղազինյան, արդյո՞ք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև երկրի խորհրդարանական կառավարման ձևին անցնելու անհրաժեշտություն կար:

- Նախ և առաջ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ընթացքում տպավորություն չի եղել, որ Սահմանադրությունը փոխվում է կոնկրետ անձի կամ կուսակցության շահերի համար: Գոնե ինձ համար այդպիսի կանխավարկած չի եղել: Սակայն հիմա արդեն շատ իրողություններ են բացահայտվել: Կարծում եմ` երկրի կառավարման ձևի փոփոխության համար օբյեկտիվ հիմքեր չկային: Այդ մասին ես բազմիցս ասել եմ ինչպես հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Խոսքն առաջին հերթին երկրում կայացած քաղաքական դաշտի առկայության մասին է՝ ի դեմս հստակ գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժերի, կուսակցությունների, որոնք ընտրությունների ժամանակ ընտրողին ներկայացնում են իրենց ծրագրերը՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու և առաջիկա հինգ տարիներին երկիրը կառավարելու համար:

Սակայն բոլորս ենք հասկանում, որ մեր իրականությունը շատ հեռու է վերը շարադրվածից: Չնայած նշված օբյեկտիվ հիմքերի բացակայությանը՝ 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցավ խորհրդարանական կառավարման համակարգին և 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն, մեծամասնություն ստանալով Ազգային ժողովում, ստանձնեց հետագա 5 տարիներին երկիրը կառավարելու ղեկը: Թվում էր, թե ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակում: Սակայն ընտրություններից մեկ տարի հետո երկրում սկիզբ առած համաժողովրդական հզոր դժգոհության ալիքը մերժեց գործող իշխանությանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները: Քանի որ երկրում իշխանությունն էլ պատկանում է ժողովրդին, համաժողովրդական ընդվզմամբ վերջինս ցույց տվեց, որ դժգոհ է իշխանություններից և հետ է պահանջում իր բնական իրավունքը: Ի վերջո, ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից: Թե ժողովուրդն ինչպես կիրականացնի իր այդ պահանջը, դա արդեն երկրորդական հարց է: Իրադարձությունները ցույց տվեցին, որ գրեթե ամեն ինչ գոնե մինչ այժմ կատարվում է օրինականության շրջանակում:


- Առկա իրավիճակում ի՞նչ հնարավոր գործընթացներ կարող են ծավալվել առաջիկայում:

- Այժմ վարչապետն ընտրված է: Վարչապետ, ով խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչն է: Դա ծուղակային իրավիճակ է, քանի որ խորհրդարանում իշխանությունն ու ազդեցության լծակները դեռևս հանրապետական մեծամասնության ձեռքին են:

Չեմ ցանկանա վատ կանխատեսումներ անել: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այսօր ձևավորված օբյեկտիվ իրողությունների վրա հիմնված ցանկություններ արտահայտել: Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ առաջին հերթին խորհրդարանում ներկայացված (այդ թվում՝ հանրապետական մեծամասնությունը), իսկապես շահագրգիռ են անվտանգ, կայուն, ինքնիշխան, տնտեսապես զարգացած երկիր ունենալու առումով (ինչի մասին բոլորն անխտիր հայտարարում են, իսկ ես ուզում եմ հավատալ, որ դա այդպես է), ուրեմն պետք է մի կողմ դնեն անձնական, կլանային, կուսակցական և այլ շահեր ու առաջնորդվելով բացառապես պետության շահերով՝ միասին քայլեր կատարեն՝ ի նպաստ երկրի և հասարակության:

Դա էլ նշանակում է կատարել անհրաժեշտ օրենսդրական և այլ նախապատրաստական աշխատանքներ, դրանց հիման վրա իրականացնել ազատ և արդար արտահերթ ընտրություններ ու ամրագրել ժողովրդի իրական կամքը:

- Ինչպե՞ս կգնահատեք երիտասարդների դերն անհնազանդության զանգվածային գործողությունների ընթացքում:

- Մեր իրականության մեջ այս շարժումն իր ծավալով իսկապես աննախադեպ էր: Ոչ ոք, այդ թվում՝ նաև ներկա վարչապետը, կարծում եմ, չէր էլ պատկերացնի, որ մի քանի հոգով սկսված շարժումն այդպիսի ծավալներ կընդունի: Այս տարիների ընթացքում տպավորություն էր ստեղծվել, թե ամեն ինչ այնքան «կայուն է», որ փոփոխությունների ոչ մի հեռանկար չկա: Թվում էր, թե բոլորը համակերպվել էին ստեղծված իրավիճակի հետ: Երբ ժողովուրդը գլուխ էր բարձրացնում, անմիջապես առաջ էին քաշում Արցախի հիմնահարցը, երկրի կայունության ու անվտանգության խնդիրները: Այո՛, կարծում եմ՝ այդ խնդիրներն առաջնային են, սակայն ոչ բավարար ու հիմնավոր՝ ժողովրդի ձայնը լռեցնելու համար: Սակայն պահը հասունացել էր, և հասարակությունը չհանդուրժեց իշխանության կամայականությունները: Նիկոլ Փաշինյանի քայլը մի կայծ էր, որին սպասում էր ամբողջ ժողովուրդը: Այս իրավիճակում մենք հարյուրավոր կիլոմետրերով առաջ ենք մեր հարևան երկրներից և հետխորհրդային շատ պետություններից: Ժողովրդավարության հաստատմանն ուղղված այս շարժումը պետք է իր տրամաբանական ավարտն ունենա: Եթե այն ընդհատվի, ամեն ինչ կդառնա ինքնանպատակ, որն էլ ժողովրդի շրջանում խորը հիասթափության առիթ կդառնա: Դա էլ կնշանակի, որ հասարակության լայն շերտերը և հատկապես երիտասարդները կհուսախաբվեն ու կրկին անտարբեր կդառնան իրենց վաղվա օրվա ու հայրենիքի ապագայի նկատմամբ: Դա ամենավատ ու սարսափելի բանն է, որ կարող է լինել: Բավականին երկար ժամանակ այն տպավորությունն ունեի, որ մեր հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունն անտարբեր է նայում երկրում կատարվող իրադարձություններին ու ընդհանրապես տիրող իրավիճակին: Այդ անտարբերությունը, անկասկած, իր օբյեկտիվ պատճառներն ուներ. տոտալ անվստահություն բոլոր պետական կառույցների և պաշտոնյաների նկատմամբ:

Այսօր ուրախ եմ, որ իներտության (անտարբերության) մասին իմ կասկածները չհաստատվեցին. նրանք բոլորին ապացուցեցին, որ իրենք են պետության վաղվա օրը: Դա հիանալի և մեծ հույսեր ներշնչող փաստ է:


- Պարո՛ն Ղազինյան, այդ գործընթացներն ի՞նչ ազդեցություն ունեցան Հայաստանի միջազգային վարկանիշի և ընդհանրապես հեղինակության վրա:

- Անկասկած, միջազգային արձագանքները նույնպես աննախադեպ ու բացառիկ էին: Մեզ համար խիստ դրական ու բարենպաստ գնահատականներ եղան միջազգային հանրության կողմից: Սակայն նաև նկատելի էր, որ դրանք բավականին զգուշավոր ու սպասողական էին: Մարդիկ իրենց դժգոհություններն արտահայտեցին բացառապես խաղաղ ձևով, առանց զոհի, արտառոց իրավիճակների և լուրջ բախումների: Այս պարագայում պետք է ընդգծել նաև արդեն նախկին իշխանության պատշաճ պահվածքը: Քաղաքական վերջին իրողություններն իսկապես բարձրացրին մեր երկրի վարկանիշն ու հեղինակությունը, ինչը, համոզված եմ, չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ մեր երկրի միջազգային, դիվանագիտական, տնտեսական և այլ հարաբերությունների վրա: Գործընթացների՝ մեզ համար ցանկալի զարգացումների դեպքում, վստահ եմ, միջազգային հարթակներում հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: