14.05.2018
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՅՈԹ ՆՈՏԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԱՌՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ». ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Անի Քոչարյանն առաջին մասնագիտությամբ մշակութաբան է, իսկ այժմ սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսում: Արդեն 5 տարի է, ինչ Անին Մշակույթի կենտրոնի սան է, որտեղ իրականացրել է իր մանկության երազանքը՝ հանդես գալով և՛ երգչախմբում, և՛ որպես անհատ կատարող: Երաժշտությունը հրաշք համարող ուսանողուհին նաև ստեղծագործում է՝ գրելով տարբեր թեմաների ու իրավիճակների մասին: Արդեն հստակ իմանալով, թե ինչ է ուզում կյանքում, նա վստահ քայլերով գնում է դեպի իր երազանքը՝ ամեն օր ավելի ու ավելի սիրելով կյանքը:
Պատմում է ինքը՝ Անին:

ԵՊՀ-ում սովորելու երազանքը և մասնագիտությունների ընտրությունը

Առաջին մասնագիտությանս ընտրությունը պայմանավորված էր իմ ունեցած մեծ հետաքրքրությամբ: Ճիշտ է, պատմություն չէի սիրում, բայց մշակույթը սրտիս մոտ է: Պետք է խոստովանեմ, որ ընդունելության քննությունների արդյունքներս բարձր չէին, և ես այդ ժամանակ հնարավորություն ունեի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղ կարող էի անվճար հիմունքներով սովորել, բայց ընտրեցի ԵՊՀ-ն, որովհետև այստեղ սովորելը երազանք էր: Այսօր հպարտ եմ իմ ընտրության համար: Բակալավրիատի՝ մշակութաբանության բաժնում ուսանելու տարիներս իմ կյանքում շատ բան են փոխել։ Ավարտելով բակալավրիատը՝ հասկացա, որ ինչքան էլ սիրեմ իմ մասնագիտությունը, միևնույնն է, ինձ այդ ոլորտում չեմ տեսնում: Մշակութաբանը պետք է ավելի շատ անցյալ վերադառնա, փորփրի, գտնի ու պահպանի. դա ինձ համար բարդ գործընթաց է: Մասնագիտական երկրորդ ընտրությունս՝ հասարակայնության հետ կապերը, ավելի գիտակցված է։ Սպասելիքներս համընկնում են կրթական ծրագրի, բովանդակության և մեթոդների հետ: Ճիշտ է, դեռ չեմ գտել երկու մասնագիտությունների կապը, բայց մտածում եմ այդ ուղղությամբ ու վստահ եմ, որ անպայման կգտնեմ:

Չէի էլ երազի, որ այսքան հետաքրքիր ուսանողական կյանք կունենամ

Ներհամալսարանական կյանքս շատ բուռն է: Ու հիմա համոզվում եմ, որ պատահական ոչինչ չի լինում: Հետաքրքիր է, թե փոքր թվացող ընտրությունից ինչքան մեծ բան է կախված: Այսինքն՝ եթե ես ընտրեի մեկ այլ բուհ, մեկ այլ ֆակուլտետ, այսօր իմ ընկերական շրջապատը լրիվ այլ մարդկանցից կազմված կլիներ, ուրիշ գիտելիք, ուրիշ փորձ կստանայի, ու գուցե ես էլ ուրիշ մարդ լինեի: Արդեն 5 տարի է, ինչ Մշակույթի կենտրոնի սան եմ: Այս կենտրոնը վաղ տարիքի երազանքներիս իրականություն դառնալու հնարավորություն է տվել: Երբ փոքր էի, շատ էի սիրում երգել: Հիշում եմ, երբ հյուրեր էինք ունենում, ծնողներս ինձ կանգնեցնում էին սեղանին, ես էլ հաճույքով երգում էի: Ժամանակի ընթացքում հայացքներս փոխվեցին, և բեմում երգելու երազանքս էլ կարծես մոռացվեց, ու հենց Մշակույթի կենտրոնում այն վերածնվեց ու իրականություն դարձավ:

Երաժշտությունն ինձ համար հրաշք է

Գիտություն, արվեստ, թե մեկ այլ երևույթ է այն, չգիտեմ, բայց երաժշտությունն ընդամենը յոթ նոտաների միջոցով վերարտադրում է մարդու հոգին և հասկանալի դառնում բոլորին: Սկզբում Մշակույթի կենտրոնում երգչախմբի անդամ էի, հետո դարձա նաև անհատ կատարող: Երգչախումբը մի ուրիշ աշխարհ է: Դրա արվեստը քչերն են հասկանում: Այն սեր է պահանջում: Հետաքրքիր է, խումբ է երգում, բայց կարծես մի մարմնից մի ձայն է հնչում: Միշտ հպարտությամբ եմ նշում, որ այն երգչախմբի անդամն եմ, որի գեղարվեստական ղեկավարը՝ Կարեն Սարգսյանը, և խմբավարը` Ռուբեն Կարասեֆերյանը, Հայաստանի լավագույն մասնագետներից են:

Հույս ունեմ, որ բեմելը երբեք սովորական չի դառնա ինձ համար

Ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզվում եմ: Կարծում եմ՝ եթե այդպիսի զգացումներ չունենամ, այլևս հաճույք էլ չեմ ստանա ու կկորցնեմ մի շատ կարևոր աստիճան իմ կյանքում: Առաջին մեծ բեմը, որտեղ ելույթ եմ ունեցել, եղել է Մարզահամերգային համալիրը (2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին կայացած «Անկախության սերունդ» խորագրով համերգի շրջանակում): Մշակույթի կենտրոնի երգչախումբն էլ պատիվ ունեցավ մասնակցելու այդ համերգին։

Ստեղծագործում եմ վաղ հասակից

Սկսել էի գիրք գրել ու ինչ-որ պահի կիսատ թողեցի, չնայած հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ ու կավարտեմ: Ինքս ինձ համար ստեղծագործում էի թե՛ արձակի, թե՛ պոեզիայի ժանրում և շատ հազվադեպ էի ինչ-որ մեկին ցույց տալիս: Միայն 2016 թվականին, երբ ԵՊՀ-ում Մշակույթի կենտրոնի ջանքերով կազմակերպվեց «Անկախության սերնդի ձայնը» մրցույթը, ընկերուհիս հորդորեց, որ ես էլ անպայման մասնակցեմ: Համոզվեցի և տասը գործ ուղարկեցի մրցույթի կազմակերպիչներին: Պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից իմ աշխատանքներից մեկը ճանաչվեց որպես լավագույն չափածո ստեղծագործություն: Ստեղծագործելու համար անպայման ինչ-որ բանից պետք է ազդվեմ, բայց պարտադիր է նաև, որ արդեն խաղաղված լինեմ։ Տագնապը միայն խանգարում է: Երբ խաղաղվում եմ, երևույթին ու իրերին այլ տեսանկյունից էլ եմ սկսում նայել, այլ կերպ եմ զգում ու այդ ժամանակ ավելի գեղեցիկ եմ գրում: Բանն այն է, որ երբ բառերը ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին չենք ասում, որոշ ժամանակ անց մեր մեջ կռիվ է գնում, սկսում ենք ասել այն, ինչ չհասցրինք, հնարավորություն չունեցանք կամ չէինք էլ մտածել։ Այդ ժամանակ լավագույն լուծումը թղթին հանձնելն է։ Թուղթը դառնում է իմ չասված խոսքերի, չբացահայտված զգացողությունների դարակը։ Ստեղծագործում եմ տարբեր թեմաներով: Շատ եմ կարևորում Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի կարծիքը, քանի որ նա միշտ անկեղծ է ու միշտ ամեն կերպ փորձում է օգնել: Հետևում եմ նաև հայրիկիս և մայրիկիս խորհուրդներին: Ստեղծագործություններիցս մեկը հիմա պատրաստվում եմ տպագրել: Դժվարանում եմ ասել, թե ինչ ժանրի ստեղծագործություն է այն. մտքերի հո՞սք, թե՞ ուղղակի մտածողություն, չգիտեմ: Ես դեռ մանկուց շատ եմ սիրել փողոցային լապտերներ, որոնք տեսել էի մուլտֆիլմերի ու գրքերի մեջ (այդ ժամանակ դրանք այսքան տարածված չէին): Ժամանակի ընթացքում լապտերներին սկսեցի նմանեցնել մարդկանց. լինում է, չէ՛, երբ ասում ենք «լույս մարդ» կամ փորձում գտնել մարդու ներքին լույսը: Զգացի, որ այս թեմայի հետ կապված անընդհատ մտքեր են պտտվում գլխումս, անընդհատ համեմատություններ են ծնվում, ու որոշեցի թղթին հանձնել դրանք: Նախկինում երբևէ չեմ մտածել, թե ինչ գրական ուղի պետք է նախանշեմ ինձ համար, բայց հիմա գուցե սկսեմ մտածել:

Մրցույթները կարևոր են, որովհետև դրանց շնորհիվ դու աճում ես

2016 թվականին մասնակցել եմ Կոմիտասին նվիրված միջբուհական մրցույթի, որին ներգրավված էին նաև երաժշտական կրթօջախների սաներ: Ի զարմանս ինձ՝ ժողովրդական ժանրում գրավեցի երրորդ հորիզոնականը, ընդ որում, դրանից առաջ այդ ժանրում կատարումներս շատ չեն եղել, պարզապես միշտ մեծ սեր է եղել՝ ընտանիքից սերված: Մրցույթներում ինձ համար կարևորը մրցանակը չէ, այլ արդարությունն ու պատմությունը: Մրցույթները կարևոր են, որովհետև դրանց շնորհիվ դու աճում ես, մի նոր աստիճան բարձրանում: Եթե ամեն անգամ մրցույթի մասնակցես միայն մրցանակի համար, դու ձեռնունայն կմնաս, իսկ հակառակ դեպքում մի օր անպայման կվերադառնաս՝ մրցանակը ձեռքիդ:

Գնում եմ երազանքիս հետևից

Մինչև վերջերս ապագային առնչվող շատ հարցեր աղոտ էին ինձ համար: Սակայն հիմա արդեն գտել եմ երազանքս: Հասկացա, որ պետք չէ շատ փնտրել ու սպասել: Փնտրելու ու սպասելու արանքում մի շատ գեղեցիկ ու տիեզերական բանաձև կա՝ ապրել է պետք, բնությանը մոտ ապրելուց կյանք վաստակել, վատ մտքերը քամուն տալ, լավերը՝ արևին, որ ջերմ մնան ու շողան։ Մեզ պետք է վստահենք բնությանը. բնությունն այն հրաշք օրգանիզմն է, որը սխալ թույլ չի տա։ Հիմա գնում եմ երազանքիս հետևից, որին հասնելու համար դեռ ժամանակ ու տքնաջան աշխատանք է պետք: Այժմ ձգտում եմ անել շատ ավելին, քան առաջ, փորձում եմ նոր իրողություններ ու երևույթներ բացահայտել, ավելի շատ սովորել՝ ունեցածս անգնահատելի դարձրած գնահատելով, ամեն օր ավելի ու ավելի սիրելով կյանքը:

Քնար Միսակյան