12.05.2018
«ՀԱՅԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆ». ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ ամբիոնի աշխատողներից բաղկացած արշավախումբը ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի, Ռումինիայի հայոց միության, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հովանավորությամբ 2012 թ.-ից պարբերաբար այցելել է Ռումինիա, հաշվառել ու ուսումնասիրել տեղի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազմաթիվ անհայտ ստեղծագործություններ:

Ողջ Եվրոպայի տարածքում հայերը չունեն մշակութային ու հոգևոր այնպիսի հարուստ ժառանգություն, ինչպիսին Ռումինիայում է: Եվրոպայի ամենահին հայկական համայնքը գտնվում է այդ երկրում, որտեղ հայերի մասին առաջին տեղեկությունները հասնում են 10-րդ դար` Բյուզանդական կայսրություն, երբ այդտեղ 5-7-րդ դարերում բնակություն են հաստատել հայերի հոծ զանգվածներ: Այդ մասին է վկայում նաև տարբեր հայկական տեղանունների գոյությունը:

«Ռումինիայի բոլոր այն նահանգներում, որտեղ ապրել են հայերը, ծաղկել է ոչ միայն առևտուրը, արդյունաբերությունը, մշակույթը, այլև հոգևոր կյանքը: Հայերը ոչ միայն զարգացրել են առևտուրն Արևելքի ու Արևմուտքի միջև, այլև խթանել են արվեստների զարգացումը»,- փաստում է արշավախմբի ղեկավարը և նշում, որ ուսումնասիրություններն աննախադեպ են, քանի որ դրանք երբեք չեն ուսումնասիրվել հայ գիտնականների կողմից:

Տրանսիլվանիայում հայերը հաստատվել են դեռևս 10-14-րդ դարերի ընթացքում: Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Սրբազանի պնդմամբ՝ Տրանսիլվանիայի տարածքում հայերի գոյության ամենակարևոր վկայությունը 1700 թ.-ին հիմնված Արմենոպոլիս քաղաքն է՝ Գեռլա գյուղի մոտ, որտեղ ժամանակին իրենց իսկ գնած հողատարածքի վրա հաստատվել են Մոլդովայից գաղթած 3.000 հայեր: Հայերի հաջորդ մեծ հոսքը սկսվել է 1890-ականներից՝ հատկապես 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, երբ տասնյակ հազար հայեր ապաստան են գտել Ռումինիայում:

Ռումինիայում շուրջ 6 տարի շարունակվող ուսումնասիրությունները սկիզբ են առել Բուխարեստի Դուդյան թանգարանի հայկական սրբապատկերների, արծաթե իրերի, եկեղեցական հին հանդերձների, ծածկոցների և այլ գործերի հետազոտություններով:

Այնուհետև համալսարանականներից բաղկացած արշավախումբը (Լ. Չուգասզյան, Ս. Մանուկյան, Մ. Վարդանյան, Լ. Սարգսյան, Ն. Սմբատյան) եղել է Տրանսիլվանիայում, ծանոթացել Կլուժ-Նապոկա (Cluj-Napoca) և Գեռլա (Gherla) քաղաքներում պահվող հայ մշակույթի, մասնավորապես արվեստի քիչ հայտնի գործերի հետ: Հայերի կողմից 1700 թ.-ին հիմնված նախկին Արմենոպոլիսում` Գեռլայում, հայ հետազոտողների խումբը ծանոթացել է տեղի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության եկեղեցու հայկական արձանագրություններին, պատմական Հայաստանից, Կիլիկիայից, Կիպրոսից, Մուշից և այլ քաղաքներից տարված սրբապատկերներին, դիմանկարներին, ձեռագիր և հնատիպ գրքերին, արծաթե իրերին, եկեղեցական հին հանդերձներին, ծածկոցներին, փայտե արձաններին և այլ գործերի, ուսումնասիրել դրանց պահպանման վիճակը:

Նշենք, որ Գեռլայի Սուրբ Երրորդության եկեղեցում պահվում են 17-20-րդ դարերի 424 գրքեր, որոնցից 254-ը հնատիպ են: Այդտեղ կան նաև որոշ ձեռագիր մատյաններ: Դրանց մեծ մասը տեղափոխվել է Կլուժ-Նապոկա, որի համալսարանի գրադարանում կա Գեռլայից տարված հայկական 57, իսկ տեղի քաղաքային արխիվում` 157 ձեռագիր մատյան:

Խումբն այցելել է նաև Գեռլայի Սուրբ Սողոմոն եկեղեցի, որը, ըստ արձանագրության, 1723 թ.-ին սկսել են կառուցել Սողոմոն և Ասվադուր Շիմայանները և ավարտել են 1732 թ.-ին: Նրանց որմնանկարը պահպանվել է խորանի կողքի պատին: Արշավախմբի անդամներն ուսումնասիրել են հայկական արձանագրությունները, ներսում պատերը զարդարող մյուս որմնանկարները, սրբապատկերները, իսկ Հայկական ծխական կենտրոնում և Հայոց միության ակումբում դիտարկել են հայկական յուղաներկ պատկերները, գորգերը, գրքերի հավաքածուները: Նրանք շրջել են նաև քաղաքի երբեմնի հայաբնակ փողոցներով, որտեղ քաղաքային քանդակների, կամարակապ դարպասներով տների, հայկական կրթօջախների, բարեգործական և այլ հաստատությունների շենքերի միջոցով պահպանվում է հայկական շունչը:

Պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի խոսքով` հայկական գաղթօջախների ուսումնասիրված մշակույթը, պատմությունը, ինչպես նաև թանգարաններում հավաքված արվեստի նմուշները մեր արվեստի պատմության ու մշակույթի մի փոքր մասն են կազմում:

«Հայերն ուր գնացել են, իրենց հետ տարել են իրենց ձեռագրերը, իրենց արծաթե իրերը, եկեղեցական հագուստները, աշխատել են այդ երկրներում, խաչքարեր, եկեղեցիներ են կառուցել, քաղաքներ են հիմնել, ինչպես Ռումինիայում Գեռլա քաղաքը` Արմենոպոլիսը: Ամեն տեղ գանձերի փոքր կղզիներ կան»,- ասում է Լևոն Չուգասզյանը և հավելում, որ հայությունը գրեթե ամբողջությամբ ձուլվել է, և եթե հետազոտական այս գործընթացը ձգձգվեր, տասը տարի հետո Ռումինիայում այլևս ոչ մի հայախոս մարդ չէր լինի, մինչդեռ Ռումինիայի հայ գաղթօջախը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բավականին հայախոս էր, մարդաշատ ու ակտիվ:

«Ամենուր, ուր այցելում է մեր արշավախումբը, խանդավառություն է սկսվում բնակիչների շրջանում: Հայեր, ովքեր հայերեն արդեն չեն խոսում, որոնց հետ նույնիսկ ոչ մի եվրոպական լեզվով շփվել չի ստացվում, քանի որ ռումինախոս կամ հունգարախոս են, մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ են մեզ ընդունում, քանի որ տվյալ տարածքներում հայ մասնագետներ երբեք չեն եղել, ուսումնասիրություններ չեն իրականացրել և չեն շփվել հայ համայնքի հետ»,- պատմում է արվեստագետը:

Ամբիոնի վարիչը վստահեցնում է, որ Ռումինիայի հայ մշակույթի ուսումնասիրությունը հատուկ կարևորություն ունի, որովհետև հայ ժողովուրդը դարեր շարունակ իր ներդրումն է ունեցել այդ երկրում:

«Մեր երկրի թանգարաններում հավաքվածը մեր մշակույթի ու արվեստի մի փոքր մասն է,- ասում է Լևոն Չուգասզյանը և հավելում,- Աստված տա, նաև այլ երկրներում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու հնարավորություն լինի, որովհետև հայերն ամբողջ աշխարհում մշակութային մեծ ժառանգություն ու ներդրում ունեն»:

Լևոն Չուգասզյանն ավելացրեց, որ առաջիկա ծրագրերում ներառված է նաև Ռումինիայում գտնվող հայկական գերեզմանների տապանաքարերի ուսումնասիրությունը:

Հավելենք, որ Ռումինիայի գիտությունների ազգային ակադեմիայի օժանդակությամբ Ռումինիայում կազմակերպվել են հայ-ռումինական պատմական, գեղարվեստական առնչություններին և նշանավոր հայագետ, արևելագետ Հակոբ Սիրունու գործունեությանը նվիրված գիտաժողովներ: Պրոֆեսորն ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է հրատարակել նշված գիտաժողովների ընթացքում ներկայացված զեկուցումների առանձին ժողովածուները:


Վարդուհի Զաքարյան