20.06.2018
«ՄԵՆՔ ԼԱՎ ԿԱԴՐԵՐ ՈՒՆԵՆՔ, ԱՐԴԻԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, ՄԵԾ ՆԵՐՈՒԺ, ԻՍԿ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ». ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ սկզբունքորեն փոխվում են սարքավորումները. եթե նախկինում դրանք բաղկացած էին մեխանիկական և էլեկտրական դետալներից, ապա ներկայում բարդ համակարգեր են՝ հագեցած սենսորներով, հիշողությամբ, միկրոպրոցեսորներով, ծրագրային ապահովմամբ և այլն, որոնք կարող են կուտակել, վերլուծել և փոխանցել ցանկացած ծավալի տվյալներ: Այդ «խելացի» տեխնիկան, որի անքակտելի մասն են կազմում նաև կիսահաղորդչային տվիչները (սենսոր), մրցակցային պայքարում ազդարարեց մի նոր դարաշրջանի սկիզբը:

Հայաստանում՝ մասնավորապես Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում, ինչպես նաև ամբիոնին կից ժամանակակից սարքավորումներով հագեցած «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների» գիտական կենտրոնում ստեղծվել ու շարունակվում են նախագծվել տարբեր բնագավառներում կիրառություն ունեցող ժամանակակից սենսորներ:

«Այսօր կիսահաղորդչային տվիչները լայն կիրառություն ունեն ցանկացած բնագավառում՝ բժշկություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, շինարարություն, ռազմական ոլորտ և այլն: Այս բոլորի սկիզբը դրել են ճապոնացի գիտնականները: 1984 թ.-ին ԵՊՀ-ի կողմից գործուղվել էի ամերիկյան Ստենֆորդի համալսարան, գրադարանում ձեռքիս տակ հայտնվեց քիմիական սենսորներին նվիրված առաջին գիտաժողովի նյութերը, տպավորությունը մեծ էր»,- պատմում է Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը:

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ԵՊՀ-ում սկսվում են «իոն սելեկտիվ տրանզիստորների» (մի շարք իոնների տարբերակման միջոցով գերզգայուն սարքեր) ստեղծման աշխատանքները: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզման և Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում էլեկտրոնային արդյունաբերության կաթվածահար լինելու պատճառով, փորձարարական գործունեությունը կասեցվում է: Հետագայում համալսարանական երիտասարդ կադրերից մեկն այդ աշխատանքները հաջողությամբ շարունակեց գերմանական խոշոր գիտական կենտրոններից մեկում:

«Ներկայում կիսահաղորդչային սենսորները հաջողությամբ են օգտագործվում մասնավորապես բժշկության ոլորտում: Սենսորային սարքերի օգնությամբ հնարավոր է վերականգնել լսողությունը, տեսողությունը, համի և հոտի զգայարանները: Օրինակ՝ եթե վնասված է մարդու միայն տեսողական համակարգի որևէ օրգան, իսկ ուղեղում գոյություն ունեցող և տեսողության համար պատասխանատու շուրջ 24 կենտրոններին կապվող նյարդաթելերն առողջ են, ուստի կարելի է սենսորների օգնությամբ վերականգնել տեսողությունը, իհարկե՝ ոչ ամբողջությամբ: Սենսորները ստացված ինֆորմացիան գրանցելու և ուղեղի համապատասխան կենտրոն փոխանցելու հնարավորություն են տալիս: Այժմ ԱՄՆ-ում ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ: Սենսորների օգնությամբ կույր մարդը կարողանում է տեսնել խոշոր ծավալներով առարկաներ, սակայն դա դեռ սկիզբն է»,- վստահեցնում է ակադեմիկոսը:

Այժմ ԵՊՀ գիտնականներն աշխատում են տարբեր գազային զանգվածների հանդեպ զգայուն սենսորների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես սենսորային սարքավորումների միջոցով հնարավոր է գրանցել ջրածնային կուտակումները, ինչը արտադրական վթարների կանխման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

«Օրինակ՝ Չերնոբիլի ատոմակայանի հայտնի վթարը տեղի ունեցավ հենց ջրածնի կուտակման պատճառով: Ատոմակայանի աշխատակիցները խնդիրը չէին նկատել, ինչն էլ հետագայում պայթյունի պատճառ էր դարձել: Արդի սենսորները, սակայն, կարողանում են արձանագրել նույնիսկ շատ քիչ քանակությամբ ու խտությամբ գազերը, այդ թվում՝ նաև ջրածնի կուտակումը:

«Մենք բավականին լավ արդյունքներ ենք գրանցել այդ ոլորտում,- փաստում է Վ. Հարությունյանը և հավելում,- աշխատանքներ են տարվում նաև կիսահաղորդչային օքսիդների պատրաստման ուղղությամբ. սարքեր, որոնք զգայուն են սպիրտի կամ ացետոնի նկատմամբ: Մեր մատչելի սարքը ոստիկանական ուժերի կողմից կարող է լայնորեն կիրառվել ոգելից խմիչք օգտագործած վարորդների հայտնաբերման գործում, սակայն մեր պետությունն արտասահմանից անհամեմատ ավելի թանկ սարքեր է ձեռք բերել: Տվյալ սենսորները կարող են օգտակար լինել նաև «Շտապ օգնություն» ծառայությանը. օրինակ՝ դրսում ընկած մարդու վիճակը պարզելու համար՝ արդյոք նա հարբած է, թե սրտի խնդիր ունի: Սակայն այս ամենը զուտ տեսական դաշտում է մնում, քանի որ պետական աջակցությունը չի բավականացնում: Միայն Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրված փոքր ֆինանսավորմամբ այդպիսի հարցեր չեն լուծվում»:

Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի ու կենտրոնի մասնագետները միայն վերջերս են ավարտել ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են պատերազմական գործողությունների ընթացքում կիրառվող, սակայն արգելված քիմիական զենքերի հայտնաբերման համար նախատեսված սենսորները:

«Արդյունքները շատ գոհացնող են: Այսինքն՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները ժամանակակից և որակյալ սարքավորումներ ստեղծելու համար: Ժամանակին բազմիցս դիմել եմ թե՛ ՀՀ նախկին նախագահին, թե՛ ՊՆ ղեկավարությանը, առաջարկել եմ ռազմական նշանակություն ունեցող սենսորների ստեղծման մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել, սակայն՝ ապարդյուն: Մենք Հայաստանում համապատասխան քիմիական գազեր չունենք՝ հետազոտություններ անցկացնելու համար, քանի որ չի թույլատրվում, ուստի Չեխիայի հետ ենք աշխատում. իրենց ռազմական ակադեմիայում ստուգում են արդյունքներն ու հաստատում: Հուսանք, որ նոր Հայաստանում նոր քաղաքականություն կորդեգրվի, նոր պայմաններ կլինեն, և հաջողությամբ կկարողանանք լուրջ նախագծեր և արտադրություն իրականացնել»,- նշում է պրոֆեսորը:

Ամբիոնը համագործակցում է նաև «Ռոշե» շվեյցարական կազմակերպության հետ, որը համալսարանական գիտնականներին առաջարկել է աշխատանքներ իրականացնել ջրածնի պերօքսիդի՝ հանրությանն առավել հայտնի «перекись»-ի (քիմ. բանաձևը՝ H2O2) հանդեպ զգայուն սենսորների ստեղծման նպատակով: Դրանք կկիրառվեն դեղերի արտադրության մեջ:

Հավելենք նաև, որ ներկայումս Պրահայի Կառլով համալսարանի 3 ստաժոր ԵՊՀ լաբորատորիայում աշխատում են նոր սենսորների նախագծման ուղղությամբ:

«Հետազոտությունների նպատակն է օպտիկական տարբերակով, այսինքն՝ առանց ծակելու և արյուն վերցնելու, պարզել մարդու օրգանիզմում առկա և վաղ փուլում գտնվող շաքարային դիաբետի ախտանիշները: Առաջիկայում Հայաստան կժամանի նաև նրանց գիտական ղեկավարը, ում հետ կքննարկվեն համագործակցության ընդլայնման և ֆի-նանսական աջակցություն ստանալու նպատակով այլ շահագրգիռ կողմերի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր»,- փաստում է Վ. Հարությունյանը և ավելացնում, որ առաջիկա ծրագրերում ընդգրկված է նաև շնչառության միջոցով մարդու օրգանիզմում առկա ջրածնի պերօքսիդի որոշակի քանակը պարզելու նախագիծը, ինչը թույլ կտա ժամանակին ախտորոշել այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին է լեզվի քաղցկեղը:

Միջազգային ակադեմիական միջավայրում մեծ հեղինակություն վայելող համալսարանականները՝ ի դեմս ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի, մի շարք ծրագրեր ունեն, որոնք, սակայն, պետական հոգածության և ֆինանսավորման կարիք ունեն:

«Դրսում բավականին լավ են արձագանքում մեր կողմից իրականացված ծրագրերին, մեր գիտական հոդվածները մեծ թվով հղումներ ունեն: Օրինակ՝ իմ 6 աշխատանքների վրա արված հղումները գերազանցում են 1.000-ը: Միայն դա արդեն վկայում է, որ աշխատանքներն ու գիտական արդյունքներն ինքնանպատակ չեն: ԵՊՀ ղեկավարությունն էլ մեզ տրամադրել է բոլոր հնարավորությունները, մասնավորապես՝ լաբորատորիա, որտեղ մենք նույնիսկ որոշակի քանակով արտադրություն կարող ենք կազմակերպել: Մենք կարող ենք ու պատրաստ ենք անհրաժեշտ սենսորներն արտադրել ու ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ՝ սպառողների ու պատվերների պակաս չենք ունենա: Ամբիոնը և կենտրոնը լավ կադրեր ունեն, արդի սարքեր, մեծ ներուժ, իսկ առկա խնդիրները գիտական դաշտից դուրս են»,- ամփոփեց ակադեմիկոսը:


Վարդուհի Զաքարյան