20.06.2018
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԶԱՏ՝ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ». ԷԼԻՆԱ ԱՍՐԻՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանի հետ փորձել ենք բացահայտել հայ ժամանակակից երիտասարդի կերպարը, մշակութային ճաշակն ու աշխարհընկալման կերպը:

Սահմանման դժվարության մասին

Շատ դժվար է բնորոշել հայ ժամանակակից երիտասարդին: Դա նույնն է, ինչ փորձես բնորոշել առհասարակ մարդու կերպարը: Իհարկե, կլինեն ինչ-որ բնորոշումներ և բնութագրիչներ, որոնք երիտասարդներին կառանձնացնեն տարիքային մյուս խմբերից, բայց հարցը պետք է հստակեցնել: Այն շատ ավելի գլոբալ է, քան կարող է թվալ առաջին հայացքից. չէ՞ որ կան անձնային տիպեր, անձի սոցիալականացման առանձնահատկություններ, որոնցով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ հայ երիտասարդները կարող են տարբեր լինել: Երրորդ գործոնն ընտրած մասնագիտացումն է, որը ևս իր հետքն է թողնում անձի կայացման և սոցիալականացման վրա: Եվ այդ առումով շատ դժվար է բնորոշել, թե ով է երիտասարդը և մասնավորապես հայ երիտասարդը: Սակայն միևնույն ժամանակ այդ հարցը կարելի է դիտարկել ուսանողի իրավունքների և պարտականությունների համատեքստում:
Երբ ինքս էի շատ տարիներ առաջ ուսանող, ես և ընկերներս ավելի շատ գիտեինք մեր պարտականությունների մասին, իսկ մեր իրավունքների մասին՝ ավելի քիչ: Մեր պարտականությունը լավ սովորելն էր, հարգալից վերաբերմունքը դասախոսի, ուսման, նաև գրքի հանդեպ և այլն, իսկ թե որոնք էին մեր իրավունքները, մենք դժվարանում էինք գիտակցել և ասել:

Այժմ, երբ որպես դասախոս եմ նայում երիտասարդներին, հասկանում եմ, որ այսօրվա ուսանողը շատ լավ տիրապետում է իր իրավունքներին: Եվ շատ հաճախ ուսանողները հստակ տիրապետում են իրենց իրավունքներին, բայց չեն գիտակցում իրենց պարտականությունները և պատասխանատվությունը: Շատ ավելի արդյունավետ կլինի այն ուսանողը, ով լավ կգիտակցի երկու կողմն էլ:

Ուսումնական գործընթացն ու ժամանակակից հայ ուսանողը

Մի հետաքրքիր դիտարկում ևս. փոխվել է վերաբերմունքն ուսումնական գործընթացի հանդեպ: Այսօր ուսանողները շատ ավելի պրագմատիկ են, և դա բավականին դրական է:

Եթե մի քանի տարի առաջ ուսանողը հանգիստ ընդունում էր այն առարկաների գոյությունը, որոնք, իր կարծիքով, այնքան էլ չէին առնչվում ընտրած մասնագիտության հետ, ապա այսօր նա հստակ հարցադրումներ է անում՝ ինչ է մեզ տալու այս կամ այն առարկան: Սա մի կողմից նշանակում է, որ ուսանողը փնտրում է ստացած գիտելիքի հնարավոր կիրառական ելքը, իսկ մյուս կողմից նշանակում է, որ ուսումնական գործընթացը պետք է ուղղված լինի ոչ միայն գիտելիքների, այլև, ինչն ավելի կարևոր է, մասնագիտական հմտությունների ձևավորմանը: Ապագայի պահանջը մասնագիտական կիրառական հմտություններն են:

Մյուս կողմից էլ կարծես հետին պլան է անցել ընդհանուր էրուդիցիայի հիմնախնդիրը, ինչով խորհրդային դպրոցը միշտ աչքի էր ընկնում և հպարտանում, ինչով նաև տարբերվում էր արևմտյան դպրոցից: Արևմտյան պրագմատիզմը կարծես թե փափուկ ուժի ներգործության միջոցով ներթափանցել է մեր կրթական համակարգ և ոչ միայն այդտեղ:

Հաջորդ հարցը, որն այսօր շատ է հուզում մեր երիտասարդներին, բարձրագույն կրթության նշանակությունն է և իմաստը: Նրանց առջև այնպիսի անձանց կերպարներն են որպես էտալոնային և ռեֆերենտ, որոնք առանց բարձրագույն կրթության առկայության հաջողել են իրենց ոլորտներում, ունեն ֆինանսական կարողություններ և հայտնի անձինք են: Դա փոխակերպել է կրթություն ստանալու մոտիվացիան:

Փոխվել է աշխարհընկալման ձևը, և այս դեպքում հնարավոր չէ թերագնահատել ժամանակակից տեխնոլոգիաների դերը, այսինքն՝ երեխան ծնված օրվանից ավելի շատ ներառված է տեխնիկայի հետ շփման գործընթացի մեջ, ինչը հաղորդակցման նոր ձևաչափ է: Պատահական չէ, որ այսօր երեխաներն ավելի ուշ են խոսում, քան նախկինում: Փոխվել են նույնիսկ խոսքի զարգացման շեմերը: Հաղորդակցման ձևի փոփոխումն ինքնին ձևափոխում է նաև ընկալման գործընթացը՝ իր բոլոր բնութագրիչներով:


Հակասությունների մասին

Հակասությունը սկսվում է այն տեղից, որտեղ կրթության ձևաչափը շատ դեպքերում նույնն է մնացել, մինչդեռ ընկալողն է փոխվել: Այսինքն՝ հաղորդակցության մի կողմը՝ ռեցիպիենտը, և նրա ընկալման առանձնահատկությունները փոփոխվել են, իսկ կոմունիկատորը և հաղորդակցության ձևաչափը մնացել են նույնը: Ընկալողն այլևս պատրաստ չէ հաղորդակցվել այնպես, ինչպես դա հնարավոր և արդյունավետ էր պատմական նախորդ փուլերում: Հաղորդակցության, ուսումնական նյութի մատուցման ձևաչափերի փոփոխման խնդիրներ կան:

Իհարկե, դա անցումային ժամանակներին բնորոշ խնդիր է ու նաև հեշտ լուծելի, պարզապես ցանկացած խնդրի լուծման համար նախ պետք է այդ խնդիրը գիտակցել: Հենց որ խնդրի գիտակցումը զանգվածային լինի, ամեն ինչ իր տեղը կընկնի:


Մշակութային ճաշակի մասին

Այսօր արևմտյան մշակույթը բավականին մեծ տարածում ունի մեր երիտասարդների շրջանում (երբեմն ավելի շատ, քան մեր մշակույթը): Այս երևույթն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: Առավելությունն այն է, որ գլոբալ հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից երիտասարդների համար ավելի հեշտ ու արագ կլինի նույն նշանային համակարգի համատեքստում հաղորդակցվել արևմտյան հասարակությունների ներկայացուցիչների հետ:

Մյուս կողմից, սակայն, գլոբալիզացումը կարող է սպառնալ հայրենի մշակութային ժառանգության պահպանմանը: Մշակութային արմատներն անձի համար շատ կարևոր հոգեբանական ռեսուրս են: Անձի համար մեծ կորուստ կլինի, եթե նա մի օր մոռանա դրանք: Պետք չէ թույլ տալ, որ արևմտյան մշակույթը մեր աչքերը փակի:


Սոցիալական խմբերին անդամակցելու մասին

Կենսաբանորեն ապացուցված է, որ տղաներն առավել հակված են առաջընթացին: Բոլոր գենային մուտացիաները տեղի են ունենում նախ նրանց մոտ: Կինը կենսաբանական մակարդակում ավելի պահպանողական է: Նա պատասխանատվություն է կրում ապագա սերնդի համար: Միևնույն ժամանակ սոցիալական մակարդակում զարգացման հանդեպ հակումը բնորոշ է երկու սեռերին, բայց՝ տարբեր կերպ: Հայ իրականության մեջ ուսման նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն ունեն աղջիկները: Նրանք ավելի պարտաճանաչ ու պատասխանատու են: Առաջընթաց ունենալու ձգտումը տղաների շրջանում նույնպես կա, միայն թե դրա դրսևորման ձևերն են տարբեր:


Կրոնական մշակույթի մասին

Վերջին շրջանում բավականին նորաձև է դարձել աթեիստ լինելը: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե դա ինչ է նշանակում, բայց տուրք տալով միտումներին՝ իրենց աթեիստ են համարում:

Եվ չնայած նկատվող միտումներին՝ իրականում մեր բնակչության մեծամասնությունը հավատում է Աստծուն, տոնում է քրիստոնեական տոները: Սա հետաքրքիր ուսումնասիրության թեմա է, քանի որ այս ամենը ոչ միշտ է արվում գիտակցված, կամ ոչ միշտ է այն գիտակցված ընտրության արդյունք: Հիմնականում դա արվում է, որովհետև վարքի մոդելների սոցիալական ուսուցման գործընթացում հոգևոր մշակույթը յուրացվում է առանց գիտակցվելու:


Դրականի մասին

Դրական ամենակարևոր միտումն իր իրավունքի գիտակցումն է: Դա շատ կարևոր է ժողովրդավարական ու իրավագրագետ հասարակություն ունենալու համար: Սակայն մյուս կողմից երևույթը պետք է բալանսավորել, այսինքն՝ իրավունքներից զատ՝ շատ կարևոր է նաև անձնական պատասխանատվության գիտակցումը:

Բաբելոնում և Հին Եգիպտոսում հայտնաբերվել են Ք.ա. գրվածքներ, որոնց ընդհանուր իմաստն այն է, որ երիտասարդությունն այլևս առաջվանը չէ, և դա աշխարհին սպառնում է ճգնաժամով: Մինչդեռ իրականում նոր սերունդը միշտ էլ ավելի լավն է լինում, քան նախորդ սերունդները: Այն կրում է հինը և գումարում է նոր արժեքներ, ինչով էլ զարգացում է ապահովում: Մեր նոր սերունդն ունի աշխարհընկալման ուրույն ձև, չի վախենում նոր մարտահրավերներից, կոնսերվատիզմը թոթափելուց ու փոփոխություններից: Վստահ եմ, որ նոր սերունդը մեր հասարակության համար զարգացում կապահովի:


Անի Պողոսյան

Տարվա այլ հրապարակումներ