- Ծննդյան թիվը և վայրը…
- Ծնվել եմ 1980 թ.-ի սեպտեմբերի 14-ին Գյումրիում:
- Ծնողները…
- Մայրս մասնագիտությամբ ուսուցչուհի է: Երկար ժամանակ աշխատել է ուսումնական հաստատություններում: Հայրս մասնագիտությամբ ինժեներ է, ճանապարհային շինարար:
- Կրթությունը…
- Հաճախել եմ Գյումրիի ռուսական թեքումով դպրոց, այնուհետև 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով մի ժամանակահատված սովորել եմ Երևանում, ապա նորից վերադարձել Գյումրի: Մինչև 8-րդ դասարան հաճախել եմ ֆիզմաթ. թեքումով վարժարան: Այնուհետև ընդունվել եմ ԵՊՀ և մինչ այժմ այստեղ եմ: Մասնագիտության ընտրությունը դժվար չի եղել, քանի որ նախասիրություններիցս ակնհայտ էր, որ բարձրագույն կրթություն պետք է ստանամ կա՛մ ֆիզիկա, կա՛մ ռադիոֆիզիկա մասնագիտություններով: Ընտրեցի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, քանի որ այն ավելի կիրառական թվաց, և այսօր կարող եմ ասել, որ չեմ սխալվել:
- Աշխատանքային փորձը…
- 2006 թ.-ից աշխատում եմ որպես դասախոս: Դրանից առաջ աշխատել եմ որպես ասիստենտ: 2012 թ.-ից ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ եմ: Բացի դրանից՝ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ եմ աշխատել: Որպես ինժեներ-հետազոտող մի քանի տարի էլ աշխատել եմ ՏՏ ոլորտում:
- Ձեր երկրորդ կեսը…
- Չգիտեմ՝ կեսն է, թե կեսից ավելին, բայց ունեմ: Բնականաբար կինս է՝ Լուսինե Հարոյանը, ում հետ ծանոթացել եմ համալսարանում: Հանդիպել ենք ասպիրանտուրայի փիլիսոփայության դասընթացների ժամանակ:
- Ձեր զավակները…
- Ունեմ 6 ամսական աղջիկ:
- Փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ:
- Երազանքներս անընդհատ փոխվել են: Ինչ-որ պահ ցանկացել եմ շախմատիստ դառնալ, հետո՝ բժիշկ, բայց փոխեցի որոշումս, երբ իմացա՝ այդքան պետք է սովորել: Չնայած ստացվեց այնպես, որ էլի շատ սովորեցի: Երազել եմ հայր դառնալ ու դարձել եմ:
- Ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
- Այս պահին հստակ չեմ հիշում, բայց կան սկզբունքներ, որոնցով հստակ առաջնորդվում եմ: Օրինակ՝ մարդկանց հետ վարվում եմ այնպես, ինչպես կցանկանայի, որ նրանք ինձ հետ վարվեն: Աստվածաշնչյան այս ոսկե կանոնը միանշանակ ճշմարտություն է: Իմ կյանքում կան հեղինակություններ, որոնց խոսքերն ու խորհուրդները կարևոր են ինձ համար:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Չգիտեմ: Դժվար է այդ հարցին պատասխանել: Եթե կյանքս ապրած լինեի և ամփոփեի, այդ ժամանակ կասեի, թե ինչ չեմ արել երբեք:
- Ինչի՞ց եք վախենում:
- Շատ բաներից: Օրինակ՝ սեփական ես-ը կորցնելուց կամ շփոթմունքի մեջ ընկնելուց: Շատ եմ վախենում Աստծուն բարկացնելուց: Իհարկե կան վախեր, որոնք միանգամից կամ աստիճանաբար հաղթահարելի են:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Ե՛վ արած, և՛ չարած շատ բաների համար:
- Զգացողություն, որ կուզենայիք ապրել:
- Այս պահին կցանկանայի գրկել աղջկաս:
- Սիրած գիրքը…
- Դժվար հարց է: Ամեն տարիք իր գիրքն ունի: Մի գիրք, երբ շատ մեծ տպավորություն է թողնում, տարիներ անց վերընթերցելիս այլևս նույն զգացողությունները չի կարող պատճառել: Ամեն դեպքում նշեմ, որ ժամանակին մեծ տպավորություն է թողել Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը:
- Կարդացած վերջին գիրքը…
- Մասնագիտական: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ գեղարվեստական գիրք կարդացել:
- Տարվա սիրած եղանակը…
- Հայաստանյան աշունը. ո՛չ շատ շոգ է, ո՛չ ցուրտ: Սիրում եմ աշնան արևը:
- Սիրած մարզաձևը…
- Ընդհանրապես սպորտ սիրում եմ: Առաջինը՝ իհարկե ֆուտբոլ: Մի ժամանակ սիրողական մակարդակով զբաղվել եմ: Սիրում եմ շախմատ, որով արդեն ավելի լուրջ եմ զբաղ-վել ու մանկության տարիներին հաջողություններ գրանցել: Այժմ երբեմն փորձում եմ ֆուտբոլ խաղալ և իհարկե դիտել:
- Սիրած տոնը…
- Ամանոր և Սուրբ ծնունդ: Սակայն պետք է խոստովանեմ, որ տոներ շատ չեմ սիրում:
- Սիրած երգը, երաժշտությունը…
- Չունեմ: Մեծ հաճույքով լսում եմ ցանկացած լավ երաժշտություն:
- Սիրած ուտեստը և հատկապես ո՞ւմ պատրաստածը…
- Սիրած ուտեստս խինկալին է՝ պատրաստված ծնողներիս կողմից: Մայրիկիս և կնոջս պատրաստած ամեն ինչ հաճույքով եմ ուտում:
- Ինչո՞վ կամ ումո՞վ եք այսօր հպարտանում:
- Չեմ սիրում հպարտանալ: Գուցե զգացողություններ ունենում եմ, բայց երբեք չեմ արտահայտվում:
- Ամենաշատ գործածվող արտահայտությունը Ձեր խոսքում…
- Չգիտեմ: Ուշադիր չեմ եղել, երևի շրջապատիցս պետք է հարցնել:
- Նախընտրած հանգստի վայրը և ձևը…
- Ծովափնյա հանգստի ձևն եմ նախընտրում. ցանկացած ծովափ, որը մաքուր է և հաճելի: Երբեմն նախընտրում եմ նաև բազմոցը՝ հեռուստացույցի դիմաց (ժպտում է):
- Սիրած քաղաքը…
- Գյումրին՝ ծննդավայրս ու մանկությանս քաղաքը:
- Սիրած կառույցը Հայաստանում և Հայաստանից դուրս…
- Երբ Գյումրիից եկա, դժվար էր հարազատ որևէ կառույց գտնել: Հետո տեսա համալսարանը ու միանգամից սիրեցի: Ինչ-որ հետաքրքիր բան կա այս կառույցի մեջ, մանավանդ, երբ առջևից ես նայում: Հայաստանում և Հայաստանից դուրս սիրում եմ եկեղեցիները: Ճամփորդելիս սովորություն ունեմ անպայման այցելելու այդ երկրի, քաղաքի եկեղեցիները: Դրանք հետաքրքիր են թե՛ որպես ճարտարապետական կառույց, թե՛ իրենց աուրայի ու թե՛ տվյալ ժողովրդի հոգևոր մշակույթին ծանոթանալու և ճանաչելու տեսանկյունից: Մեծապես տպավորվել եմ Սանկտ Պետերբուրգի Աստվածամոր և Մարսելի Մարիամ Աստվածածնին նվիրված տաճարներից:
- Սիրած կենդանին…
- Կենդանիներ սիրում եմ՝ բացի սողուններից: Եթե որևէ կենդանի պահելու լինեի, կնախընտրեի ձուկը. ո՛չ խոսում է, ո՛չ աղմկում, ո՛չ էլ պահանջում (ժպտում է):
- Նախընտրած փոխադրամիջոցը…
- Ինքնաթիռ: Նստում ես, հետո շատ արագ հայտնվում լրիվ այլ վայրում: Երևանում նախընտրում եմ ոտքով քայլել:
- Նախընտրած հագուստի ոճը…
- Չունեմ: Հագնվում եմ՝ կախված իրավիճակից և իրադրությունից, չմոռանալով նաև հարմարավետության մասին:
- Խոստովանություն, որ երբևէ չեք արել:
- Շատ խոստովանություններ չեմ արել: Չգիտեմ՝ հետո կանեմ, թե չէ:
- Եթե Աստծուն հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կհարցնեիք:
- Չգիտեմ, թե հարցնելու պահին մտքիս ինչ կլինի: Միգուցե հարցնեի՝ այսքան ապրածս իմաստ ունե՞ր:
- Բոլոր ժամանակների նկարիչներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը:
- Չգիտեմ, բայց հաստատ ավելի ռեալիստական ոճով կնախընտրեի:
- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
- Այո՛: Այս պահին՝ այո՛:
Քնար Միսակյան