27.06.2018
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՏ ԱԿՏԻՎ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ծաղկաձո՞ր, Հանքավա՞ն, թե՞ Բյուրական… ԵՊՀ ուսումնաարտադրական երեք բազաներից ո՞ր մեկն է պատրաստ լիարժեք ամառային հանգիստ ապահովել համալսարանականների համար: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը մեզ տված հարցազրույցում անդրադարձել է ամառային հանգստի կազմակերպման՝ ԵՊՀ-ի ընձեռած հնարավորություններին և առկա խնդիրներին:

- Պարո՛ն Ավետիսյան, ԵՊՀ-ն իր աշխատակիցներին և ուսանողներին հանգստի ի՞նչ հնարավորություններ է առաջարկում:

- Տարիներ շարունակ ԵՊՀ-ն ունեցել է երեք ուսումնաարտադրական բազա և մեկ մարզաառողջարանային ճամբար: Երեք ուսումնաարտադրական բազաները տեղակայված են Բյուրականում, Հանքավանում և Ծաղկաձորում, իսկ մարզաառողջարանային ճամբարը՝ Դիլիջանում:

Այսօր Երևանի պետական համալսարանի ուսումնաարտադրական երեք բազաներից և մարզաառողջարանային ճամբարից գործում է միայն մեկը՝ Ծաղկաձորինը: Ցավոք, Բյուրականի և Հանքավանի ուսումնաարտադրական բազաներն ու Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարը չեն շահագործվում, որովհետև, մեղմ ասած, գտնվում են անբարեկարգ վիճակում: Ընդ որում, դա շա՜տ մեղմ է ասված: Մարզաառողջարանային ճամբարն ամբողջովին ավերված վիճակում է, Հանքավանինը և Բյուրականինը՝ կիսավեր, բայց շահագործման ենթակա չեն, չկան կոմունալ տարրական պայմաններ: Այսօրվա դրությամբ գործում է միայն Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազան:

Բացի Ծաղկաձորից՝ մենք այսօր, ցավոք սրտի, այլ բան չենք կարող առաջարկել: Արհեստակցական կազմակերպությունն այս տարի ևս ԵՊՀ սոցիալապես անապահով աշխատակիցներին ամառային հանգստի ուղեգրերը տրամադրում է 50 տոկոս զեղչով: Ուսանողների համար, սակայն, մենք չենք կարող զեղչեր սահմանել, որովհետև նրանք Արհեստակցական կազմակերպության անդամ չեն, պարզապես իրենց ուղեգիրը տրամադրում ենք սահմանված կարգով:

Ի դեպ, ինչպես ավագ սերնդի, այնպես էլ դեռ իմ ուսանողական տարիներին գործում էր Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարը` հայտնի Բլդանչայը՝ ամառային հանգստի այդ գողտրիկ վայրը: 10 տարուց ավելի է, ինչ այդ ճամբարը չի շահագործվել:

- Ի՞նչ է պետք դրանց վերաշահագործման համար:

- Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարի դեպքում այն պետք է հիմնահատակ քանդել, որովհետև այնտեղ 60-ականներին կառուցված փայտե տնակներ են, որոնք արդեն փտել են: Քարից միայն ճաշարանի շինությունն է: Ճիշտն ասած, տարիներ առաջ կար վերականգնման նախագիծ, որը, սակայն, շատ գումար էր պահանջում: Ինչ վերաբերում է Հանքավանին և Բյուրականին, ապա Հանքավանում էլ կան փայտե տնակներ, որոնք պետք է հիմնահատակ քանդել, իսկ քարե շինությունները պետք է նոր տանիքներ ունենան, փոխվեն ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը: Այսինքն՝ պետք է հիմնանորոգել:

Ծաղկաձորը լավ է աշխատում: Պայմանները լավ են: Դժգոհություններին արագ արձագանքում են: Մի քանի խնդիրներ կան, որոնք հիմնականում վերաբերում են ազատ ժամանցի կազմակերպմանը՝ լողավազանի, խաղահրապարակի բացակայություն և այլն: Սենյակներն ու գույքը ժամանակ առ ժամանակ թարմացվում են: Համալսարանական կոլեկտիվը շատ ակտիվ օգտվում է հնարավորություններից: Ձմռանը շատ ակտիվ են դասախոսները, իսկ ամռանը՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները:

- Ինչո՞վ են տարբերվում ուսումնաարտադրական բազան և մարզաառողջարանային ճամբարը:

- Ուսումնաարտադրական բազան, ինչպես անունն է հուշում, ծառայում է ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպմանը, իսկ ուսումնաարտադրական պրակտիկաների ավարտից հետո դասախոսները, նրանց ընտանիքների անդամները և ուսանողներն իրենց ամառային, ինչու ոչ, նաև ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն են ունենում: Ներկայումս Ծաղկաձորում ուսումնաարտադրական պրակտիկա է, և դրա ավարտից հետո համալսարանի աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները և ուսանողները կարող են արդեն այնտեղ հանգստանալ:

Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարը՝ Բլդանչայը, նախատեսված չի եղել ուսումնաարտադրական պրակտիկայի համար, այլ աշխատողների և ուսանողների համար ի սկզբանե եղել է որպես մարզաառողջարանային ճամբար:

- Հետաքրքիր է՝ այս տարի Դուք որտե՞ղ եք կազմակերպելու Ձեր ամառային հանգիստը:

- Ես ամեն տարի իմ ամառային հանգիստը կազմակերպում եմ իմ ծննդավայրում՝ Ջավախքում, այնտեղ ես հանգստանում եմ նաև հոգեպես:


Հ.Գ.: Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում հանգստյան մեկ օրվա արժեքը համալսարանականների համար 8000 դրամ է:


Անի Պողոսյան

Տարվա այլ հրապարակումներ