27.06.2018
ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
Տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրության մասին միշտ է խոսվում: Թերևս ամենաճշգրիտ բնորոշումներից մեկը տվել է Դմիտրի Մենդելեևը. «Տեսությունը, որ չի ստուգվում փորձով, իր հայեցակարգի գեղեցկությամբ հանդերձ՝ կորցնում է կշիռը, չի ընդունվում. պրակտիկան, որի հիմքում չկա կշռադատված տեսություն, կորստի ու պարտության մեջ է»:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակումից, ֆակուլտետային մեթոդական խորհուրդների աշխատանքների համակարգումից զատ, կազմակերպում է նաև ուսանողների պրակտիկաները:

Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս: Տեսողական ընկալումների և տեսական գիտելիքների համադրությամբ ուսանողը ստանում է իր ապագա մասնագիտության ամբողջական պատկերը:

Իրենց պրակտիկայի արդյունավետության վերաբերյալ ուսանողները տարբեր կերպ են արձագանքում: Մենք զրուցեցինք մի շարք ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողների հետ, ովքեր պատմեցին իրենց թե՛ մանկավարժական, թե՛ արտադրական պրակտիկաների մասին:

Այսպես՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Ատլուկյանը պատմեց, որ առաջին կուրսում պրակտիկան անց է կացվում թանգարաններում, սերվիսային օբյեկտներում (մոլեր, այգիներ), ինչպես նաև լինում են երթուղիներ, որոնք ընդգրկում են զբոսաշրջային ուղղություններ։ Խոսելով խնդիրներից՝ նա նշեց «ուսանողների անհատական ներգրավվածության պակասն այս կամ այն աշխատանքներն իրականացնելու ժամանակ»:

Երկրաբանության բաժնի՝ անհայտ մնալ ցանկացող ուսանողն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Արցախում անցկացվող երթուղիները Քառօրյա պատերազմից հետո չեն իրականացվում, ինչպես նաև դժգոհեց գործածվող խորհրդային սարքերից, քանի որ աշխատանքի անցնելուց հետո նոր սարքերի կիրառությունը յուրացնելու կարիք է լինում:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոս, տեխն. գիտ. թեկնածու Սարգիս Քելյանը ներկայացրեց իրենց ամբիոնի մասնագիտական պրակտիկան, որն անցկացվում է 3 փուլով՝ նախապատրաստական, մեթոդաբանական, անհատական։ Առաջին՝ նախապատրաստական փուլն անցկացվում է ԵՊՀ-ում, մեթոդաբանականը՝ Հարավային Հայաստանում, անհատականը՝ 22 սերվիսային հիմնարկձեռնարկություններում՝ ըստ ավարտական աշխատանքների թեմաների։

Անդրադառնալով մյուս ամբիոնների ուսումնաարտադրական և մանկավարժական պրակտիկաներին՝ նա նշեց, որ դրանք անցկացվում են ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, Հայաստանի բնապահպանական կազմակերպություններում ու մարզպետարաններում, Հայպետհիդրոմետի առանձին բաժանմունքներում, ինչպես նաև արտասահմանում՝ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում և ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական ջրաօդերևութաբանական համալսարանում:

Սարգիս Քելյանի համոզմամբ՝ պետք է անել ամեն ինչ՝ պրակտիկաների արդյունավետությունը բարձրացնելու և տևողությունն ավելացնելու համար. «Ուսումնական պրակտիկան առավել արդյունավետ դարձնելու նպատակով խմբերը պետք է կազմվեն ըստ մասնագիտական առանձնահատկությունների, ավելի փոքր մարդաքանակ ներառեն: Ընդհանրապես պրակտիկաներն ուսանողներին տալիս են թիմային աշխատանքի, շփման, հետազոտություն կատարելու հմտություններ։ Ուսանողները ձեռք են բերում soft skill-եր, բարձրանում է նրանց հայրենաճանաչողության մակարդակը»։ Խոսելով պրակտիկաների անցկացման խնդիրների մասին՝ Քելյանը նշեց, որ դրանք կազմակերպչական և ֆինանսական բնույթ ունեն։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ Աննա Կարապետյանը ներկայացրեց ուսումնական պրակտիկան, որի շրջանակում ուսանողները ծանոթանում են կենդանական աշխարհի բազմազանությանը և ուսումնասիրում կենսամիջավայրի էկոլոգիական առանձնահատկությունները: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք են բերում դաշտային հետազոտություններ կատարելու և նյութը լաբորատորիայում մշակելու հմտություններ: Արտադրական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելում են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Կենդանաբանական այգի. «Այս տարի պայմանավորվածություն ունենք նաև պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հետ»:
Աննա Կարապետյանն ընդգծեց, որ բոլոր կենտրոնները պատրաստակամ և շահագրգիռ են երիտասարդների հետ աշխատելու առումով:

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Սեմերջյանն էլ շեշտեց արտադրական կազմակերպություններ այցելելու կարևորությունը. «Ուսանողներն այցելում են մսամթերքի, պահածոների և կաթնամթերքի գործարաններ, այնտեղի լաբորատորիաներ և ձեռք բերում նեղ մասնագիտական գիտելիքներ, ծանոթանում են ստանդարտներին, սննդի անվտանգության նրբություններին»: Խնդիրների մասին խոսելիս Ինեսա Սեմերջյանը նշեց միայն կազմակերպչական մանր բարդությունները՝ կապված տրանսպորտի հետ:

Մեր զրուցակից դասախոսները փաստեցին, որ ուսանողները մեծ խանդավառությամբ են մասնակցում մանկավարժական պրակտիկային, անգամ աշակերտների համար այցեր են կազմակերպում ֆակուլտետ:

«Շատ կարևոր են մանկավարժական պրակտիկան և մանկավարժի որակավորումը: Գիտական մեծ պաշար ունենալն ու դասավանդման մեթոդներին տիրապետելը ուսանողներին մրցունակ ուսուցիչ են դարձնում»,- նշեց Աննա Կարապետյանը:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը, խոսելով իր արտադրական պրակտիկայի մասին, անդրադարձավ բուն պրակտիկայի արդյունավետության և անցկացման ընթացակարգի խնդիրներին՝ ընդգծելով, որ որոշակի գիտական ու հասարակական գործունեություն իրականացնող ուսանողին պրակտիկան սկզբունքորեն նոր բան չի տալիս: Դավիթը պրակտիկայի ընթացքում հայ փիլիսոփայությանն առնչվող ձեռագրերի կամ կարևոր նշանակություն ունեցող այլ գիրգրականության ուսումնասիրություններ ու հետազոտություններ իրականացնելու ցանկություն հայտնեց: Ի դեպ, նա փաստեց, որ ուսանողները հաճախ ստիպված են լինում իրենց ծանոթությունների միջոցով գտնել այնպիսի հիմնարկներ, որոնք իրենց կընդունեն պրակտիկայի ընթացքում։

Հոգեբանության բաժնի շրջանավարտ Մարիամ Մանուկյանը, ում գիտական հետաքրքրությունը որոշման կայացման արդյունավետությունն է, 3-րդ կուրսում պրակտիկայի փոփոխված կարգի՝ ազգանվան առաջին տառով բաշխման արդյունքում հայտնվեց այլ՝ Անձի հոգեբանության ամբիոնում և ստիպված եղավ պրակտիկան անցնել մանկապարտեզներում և դպրոցներում։ 4-րդ կուրսի մանկավարժական պրակտիկայի մասին Մարիամն ասաց, որ այն իրեն նոր գիտելիքներ չի տվել։

Պրակտիկայի վերաբերյալ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների արձագանքը տարբեր էր: Հանրային կապերի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գայանե Ավդալյանը պրակտիկան արդյունավետ համարեց և ընդգծեց, որ արդյունավետությունը հիմնականում կախված է ուսանողից։ Նույն ֆակուլտետի շրջանավարտ Լաուրա Մարտիրոսյանն էլ խոսեց պրակտիկայի կազմակերպման բացերի մասին՝ առանձնացնելով անհետևողականությունը, ինչը խոչընդոտ է մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ճանապարհին։

Պրակտիկայի մասին առանձնահատուկ սիրով խոսեց Պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի շրջանավարտ Անի Քոչարյանը, ում պրակտիկան անցել է 3 մասով՝ հնագիտական, թանգարանային և մանկավարժական։ Հնագիտական պրակտիկայի ընթացքում ուսանողները դասախոսների հետ 20 օր շարունակ ուղևորվել են Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարանային պրակտիկայի ժամանակ՝ այցելություններ Հայաստանի թանգարաններ։

Անին կարևորեց պրակտիկայի հետևողական և պատշաճ անցկացումը, քանի որ ուսանողը հնարավորություն է ստանում՝ ընտրած մասնագիտության շրջանակում ինքն իրեն տեսնելու և հասկանալու՝ արդյոք ճիշտ տեղում է:

Ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի ուսանողները մանկավարժական պրակտիկա են անցնում դպրոցներում: Շրջանավարտներ Գոհար Հովհաննիսյանը և Մարիա Հովակիմյանը, սակայն, նաև գիտական կենտրոններում պրակտիկա անցնելու և գիտնականների հետ ծանոթանալու, արդիական սարքեր կիրառելու հնարավորություն ունենալու ցանկություն հայտնեցին: Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի ուսանողուհիներ Ռոզա Սիմոնյանը և Անուշ Մաթևոսյանը պրակտիկա են անցել Բյուրականի աստղադիտարանում, ծանոթացել են դիտակներին, միգամածություններ ու աստղակույտեր դիտել: Նրանք իրենց պրակտիկան արդյունավետ են համարում. այն մասնագիտական գիտելիքները խորացնելու հնարավորություն է տվել:

Միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Գոհար Հովհաննիսյանը մեզ ներկայացրեց պրակտիկայի վայրերը՝ Մեծամորի ատոմակայան, Ֆիզիկայի ինստիտուտ, CANDLE (Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն), Կոսմիկական ճառագայթների կենտրոն և այլ գիտական հաստատություններ: Ըստ նրա՝ ուսանողները հիմնականում ակնկալում են, որ միանգամից աշխատելու են այդ հաստատությունների սարքերով, սակայն չեն պատկերացնում, որ դեռևս համապատասխան հմտություններ չունեն:

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը պրակտիկաներ անցկացնում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում՝ Եգիպտոսում, Քուվեյթում ու Հորդանանում՝ 6-12 ամիս ժամկետով։ Մինչև պատերազմը պրակտիկա էր լինում նաև Սիրիայում։ Հայաստանում պրակտիկան անց է կացվում Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններում, Ազգային ժողովում, Մատենադարանում։ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ Սոնա Ներսեսյանը լեզվի զարգացմանն ուղղված պրակտիկայի շրջանակում մեկ տարի սովորել է Քուվեյթում։

«Ես երեք կիսամյակ սովորել եմ Քուվեյթի համալսարանի գրականության ֆակուլտետին կից լեզվի կենտրոնում։ Ամեն օր՝ առավոտյան, դասի էինք գնում, օրական 2-3 ժամ արաբերեն էինք անցնում, ինչպես նաև ճարտասանություն, արաբական գրականություն, քերականություն, կրոնի ու մշակույթի պատմություն»,- պատմեց Սոնան։ Խնդիրներից նա առանձնացրեց արհեստական խոչընդոտները՝ հիմնականում փաստաթղթերի հետ կապված։ Այդ պրակտիկան Սոնայի համար երազանք էր՝ ամբողջ մեկ տարի ապրել արաբական միջավայրում։

Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, խոսելով ուսանողների որոշակի դժգոհությունների մասին, ասաց. «Դժգոհությունը հարաբերական երևույթ է: Ուսանողները հաճախ կենտրոնանում են պրակտիկայի միայն նյութական բաղադրիչի և ժամանցի հնարավորության վրա: Ես էլ, պրակտիկայի ղեկավար Արա Աթոյանն էլ, համալսարանի ղեկավարությունն էլ այն կարծիքին ենք, որ պրակտիկաները պետք է դարձնել ժամանակակից, այսօրվա հնարավորություններին համահունչ: Շատ լավ է, երբ պրակտիկաները շատ են, ուսանողին տարբեր տեղեր այցելելու, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տրվում»:

Ցույց տալով տարիների ընթացքում պրակտիկաների թե՛ բովանդակային, թե՛ դրանց հանդեպ վերաբերմունքի փոփոխությունները՝ Հրանտ Ժամհարյանը նշեց, որ բովանդակային առումով կան խնդիրներ, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Հիշեցնենք, որ փոփոխվել է ԵՊՀ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կարգը: Բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորման շնորհումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2015 թ. հուլիսի 3-ի թիվ 674-Ա/Ք հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի համաձայն:

Մանկավարժի որակավորում շնորհելու համար սահմանվել է «240 կրեդիտ + 30 կրեդիտ» համակարգը, որը գործողության մեջ է դրվել 2017-18 ուսումնական տարվանից: Մանկավարժի որակավորում ստանալու համար ուսանողները բակալավրիատի 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում պետք է գրանցվեն մանկավարժական կրթաբլոկի ծրագրում՝ դիմում ներկայացնելով ֆակուլտետի դեկանատ մինչև տվյալ ուսումնական տարվա ապրիլի 1-ը:

Նշենք, որ այսուհետ պրակտիկան լինելու է ուսումնական, մասնագիտական և մանկավարժական: Վերջինս կազմակերպվելու է կամավորության սկզբունքով:


Մարի Ռաֆյան

Տարվա այլ հրապարակումներ