27.06.2018
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հունիսի 15-ին հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին, հունիսի 25-ին՝ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը, իսկ հունիսի 27-ին՝ Սանկտ Պետերբուրգի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրինա Գանուսի գլխավորած պատվիրակությանը:

ԵՊՀ էր այցելել Թաներ Աքչամը


Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը և նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը, Արամ Սիմոնյանը նախ հյուրին ներկայացրեց ԵՊՀ-ի հիմնադրման համառոտ պատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացներն ու միջազգային համագործակցությունը:

«Մայր բուհը գրեթե մեկդարյա պատմություն ունի: ԵՊՀ-ն հանրապետության ամենամեծ և գլխավոր բուհն է, որը տալիս է երկրի գիտական արդյունքի շուրջ 1/3-ը: Համալսարանի զարգացման համար բուհի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային կապերի հաստատմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք արտասահմանյան հեղինակավոր բուհերի հետ գիտական կապերի ընդլայնումը»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ ծանոթ է թուրք հայտնի պատմաբանի գրքերին, և մեծ պատիվ է Մայր բուհում նրան հյուրընկալելը:

Այնուհետև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հյուրին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի գիտական աշխատանքները, անդրադարձավ ֆակուլտետի գործունեությանը, ներկայացրեց կառուցվածքը, ֆակուլտետում դասավանդվող առարկաները:

Թաներ Աքչամն էլ հետաքրքրվեց, թե ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ինչ ուսումնասիրություններ են իրականացվում, արդյոք ԵՊՀ-ում օսմաներեն դասավանդվում է, և ուսանողները տիրապետում են այդ լեզվին: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ, այո՛, դասավանդվում է, և կան ուսանողներ, ովքեր լավ տիրապետում են:

Հանդիպման ավարտին թուրք հայտնի պատմաբանը ԵՊՀ ռեկտորին շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու և Մայր բուհում դասախոսություն կարդալու համար:


ԵՊՀ-ում Չինագիտության կենտրոն կբացվի

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Սուն Չժուանչժին, ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց Մայր բուհի ուսումնագիտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև բուհի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները. «Գիտական արտադրանքի ծավալով զիջելով միայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային՝ ԵՊՀ-ն տալիս է երկրի համախառն հետազոտական արդյունքի 1/3-ը, որն ավելին է, քան մյուս բուհերինը միասին վերցրած»:

Արամ Սիմոնյանը չինացի գործընկերներին ասաց նաև, որ համալսարանի ուսանողների շրջանում չինարենը և չինական մշակույթը մեծ հետաքրքրություն են վայելում. «Մեր համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը, որն իրականացնում է չինարենի դասընթացներ. կենտրոնի սաներն ուսումնասիրում են ոչ միայն չինարենը, այլև չինական մշակութային արժեքներն ու ավանդույթները»:

Այնուհետև ԵՊՀ ղեկավարությունը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակության անդամները քննարկեցին ԵՊՀ-ում չինարենի և չինագիտության կենտրոն ստեղծելու հարցը և որոշեցին, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կբացվի կենտրոն, որը գիտական ուղղվածություն կունենա:

Կենտրոնը, ըստ նախնական պայմանավորվածության, կբացվի աշնանը: Այն կունենա համահամալսարանական բնույթ, որտեղ գործունեություն կիրականացնեն տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Չինացի գործընկերները պատմեցին, որ մի շարք երկրներում արդեն բացվել են նմանօրինակ կենտրոններ, որոնց կայացման գործում իրենք մեծ ներդրում են ունեցել, և այժմ էլ կարող են իրենց փորձով և խորհուրդներով օգտակար լինել ԵՊՀ-ում կենտրոնի գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:

Երկու համալսարանների ներկայացուցիչները որոշեցին առավել մանրամասն քննարկել կենտրոնի գործունեության աշխատանքները և ներկայացնել դրա ստեղծման ու կայացման ճանապարհային քարտեզը:


«ԵՊՀ-ն այն բուհն է, որից վերցնելու և սովորելու շատ բան ունենք». Իրինա Գանուս


Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանն ու Գեղամ Գևորգյանը, Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը՝ հատկապես կարևորելով ռուսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ փոխգործակցությունը:

«Մենք բաց ենք համագործակցության համար: Վստահ եմ, որ արդյունավետ և ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա ոչ միայն վերականգնելու երբեմնի պայմանավորվածությունները, այլև ծավալելու մի շարք ուղղություններով նոր համագործակցություն»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Ա. Սիմոնյանը հավելեց, որ ԵՊՀ-ն ակտիվ գործունեություն է ծավալում բուհը խոշոր գիտահետազոտական կենտրոն դարձնելու ուղղությամբ, իսկ այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունն է:

Սանկտ Պետերբուրգի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատվիրակության ղեկավար Իրինա Գանուսն էլ, ներկայացնելով Սանկտ Պետերբուրգի մի շարք առաջատար բուհերի, գիտահետազոտական կենտրոնների և բարձրագույն դպրոցների հիմնական ուղղվածությունները, ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է այցելել հետխորհրդային տարածաշրջանում հայտնի և ներկայումս էլ մեծ հեղինակություն վայելող Երևանի պետական համալսարան՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ ու հեռանկարային:

«Վստահ ենք, որ ԵՊՀ-ն այն բուհն է, որից վերցնելու և սովորելու շատ բան ունենք: Ուրախ ենք, որ փոխադարձ հետաքրքրություն ենք ցուցաբերում, ինչն էլ հեռանկարային գործընկերություն ծավալելու լավագույն նախադրյալն է»,- նշեց տիկին Գանուսը:

Կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկա հանդիպումների, համատեղ ծրագրերի և մի շարք միջոցառումների մասնակցության վերաբերյալ, որից հետո հուշանվերներ փոխանակեցին:


Պատրաստեց

Գեղամ Մելիքբեկյան

Տարվա այլ հրապարակումներ