Հայաստանում՝ մասնավորապես Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում, ինչպես նաև ամբիոնին կից ժամանակակից սարքավորումներով հագեցած «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների» գիտական կենտրոնում ստեղծվել ու շարունակվում են նախագծվել տարբեր բնագավառներում կիրառություն ունեցող ժամանակակից սենսորներ:
«Այսօր կիսահաղորդչային տվիչները լայն կիրառություն ունեն ցանկացած բնագավառում՝ բժշկություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, շինարարություն, ռազմական ոլորտ և այլն: Այս բոլորի սկիզբը դրել են ճապոնացի գիտնականները: 1984 թ.-ին ԵՊՀ-ի կողմից գործուղվել էի ամերիկյան Ստենֆորդի համալսարան, գրադարանում ձեռքիս տակ հայտնվեց քիմիական սենսորներին նվիրված առաջին գիտաժողովի նյութերը, տպավորությունը մեծ էր»,- պատմում է Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, կենտրոնի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը:
Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ԵՊՀ-ում սկսվում են «իոն սելեկտիվ տրանզիստորների» (մի շարք իոնների տարբերակման միջոցով գերզգայուն սարքեր) ստեղծման աշխատանքները: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզման և Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում էլեկտրոնային արդյունաբերության կաթվածահար լինելու պատճառով, փորձարարական գործունեությունը կասեցվում է: Հետագայում համալսարանական երիտասարդ կադրերից մեկն այդ աշխատանքները հաջողությամբ շարունակեց գերմանական խոշոր գիտական կենտրոններից մեկում:
«Ներկայում կիսահաղորդչային սենսորները հաջողությամբ են օգտագործվում մասնավորապես բժշկության ոլորտում: Սենսորային սարքերի օգնությամբ հնարավոր է վերականգնել լսողությունը, տեսողությունը, համի և հոտի զգայարանները: Օրինակ՝ եթե վնասված է մարդու միայն տեսողական համակարգի որևէ օրգան, իսկ ուղեղում գոյություն ունեցող և տեսողության համար պատասխանատու շուրջ 24 կենտրոններին կապվող նյարդաթելերն առողջ են, ուստի կարելի է սենսորների օգնությամբ վերականգնել տեսողությունը, իհարկե՝ ոչ ամբողջությամբ: Սենսորները ստացված ինֆորմացիան գրանցելու և ուղեղի համապատասխան կենտրոն փոխանցելու հնարավորություն են տալիս: Այժմ ԱՄՆ-ում ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ: Սենսորների օգնությամբ կույր մարդը կարողանում է տեսնել խոշոր ծավալներով առարկաներ, սակայն դա դեռ սկիզբն է»,- վստահեցնում է ակադեմիկոսը:
Այժմ ԵՊՀ գիտնականներն աշխատում են տարբեր գազային զանգվածների հանդեպ զգայուն սենսորների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես սենսորային սարքավորումների միջոցով հնարավոր է գրանցել ջրածնային կուտակումները, ինչը արտադրական վթարների կանխման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:
«Օրինակ՝ Չերնոբիլի ատոմակայանի հայտնի վթարը տեղի ունեցավ հենց ջրածնի կուտակման պատճառով: Ատոմակայանի աշխատակիցները խնդիրը չէին նկատել, ինչն էլ հետագայում պայթյունի պատճառ էր դարձել: Արդի սենսորները, սակայն, կարողանում են արձանագրել նույնիսկ շատ քիչ քանակությամբ ու խտությամբ գազերը, այդ թվում՝ նաև ջրածնի կուտակումը:
«Մենք բավականին լավ արդյունքներ ենք գրանցել այդ ոլորտում,- փաստում է Վ. Հարությունյանը և հավելում,- աշխատանքներ են տարվում նաև կիսահաղորդչային օքսիդների պատրաստման ուղղությամբ. սարքեր, որոնք զգայուն են սպիրտի կամ ացետոնի նկատմամբ: Մեր մատչելի սարքը ոստիկանական ուժերի կողմից կարող է լայնորեն կիրառվել ոգելից խմիչք օգտագործած վարորդների հայտնաբերման գործում, սակայն մեր պետությունն արտասահմանից անհամեմատ ավելի թանկ սարքեր է ձեռք բերել: Տվյալ սենսորները կարող են օգտակար լինել նաև «Շտապ օգնություն» ծառայությանը. օրինակ՝ դրսում ընկած մարդու վիճակը պարզելու համար՝ արդյոք նա հարբած է, թե սրտի խնդիր ունի: Սակայն այս ամենը զուտ տեսական դաշտում է մնում, քանի որ պետական աջակցությունը չի բավականացնում: Միայն Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրված փոքր ֆինանսավորմամբ այդպիսի հարցեր չեն լուծվում»:
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի ու կենտրոնի մասնագետները միայն վերջերս են ավարտել ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ուսումնասիրվել են պատերազմական գործողությունների ընթացքում կիրառվող, սակայն արգելված քիմիական զենքերի հայտնաբերման համար նախատեսված սենսորները:
«Արդյունքները շատ գոհացնող են: Այսինքն՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները ժամանակակից և որակյալ սարքավորումներ ստեղծելու համար: Ժամանակին բազմիցս դիմել եմ թե՛ ՀՀ նախկին նախագահին, թե՛ ՊՆ ղեկավարությանը, առաջարկել եմ ռազմական նշանակություն ունեցող սենսորների ստեղծման մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել, սակայն՝ ապարդյուն: Մենք Հայաստանում համապատասխան քիմիական գազեր չունենք՝ հետազոտություններ անցկացնելու համար, քանի որ չի թույլատրվում, ուստի Չեխիայի հետ ենք աշխատում. իրենց ռազմական ակադեմիայում ստուգում են արդյունքներն ու հաստատում: Հուսանք, որ նոր Հայաստանում նոր քաղաքականություն կորդեգրվի, նոր պայմաններ կլինեն, և հաջողությամբ կկարողանանք լուրջ նախագծեր և արտադրություն իրականացնել»,- նշում է պրոֆեսորը:
Ամբիոնը համագործակցում է նաև «Ռոշե» շվեյցարական կազմակերպության հետ, որը համալսարանական գիտնականներին առաջարկել է աշխատանքներ իրականացնել ջրածնի պերօքսիդի՝ հանրությանն առավել հայտնի «перекись»-ի (քիմ. բանաձևը՝ H2O2) հանդեպ զգայուն սենսորների ստեղծման նպատակով: Դրանք կկիրառվեն դեղերի արտադրության մեջ:
Հավելենք նաև, որ ներկայումս Պրահայի Կառլով համալսարանի 3 ստաժոր ԵՊՀ լաբորատորիայում աշխատում են նոր սենսորների նախագծման ուղղությամբ:
«Հետազոտությունների նպատակն է օպտիկական տարբերակով, այսինքն՝ առանց ծակելու և արյուն վերցնելու, պարզել մարդու օրգանիզմում առկա և վաղ փուլում գտնվող շաքարային դիաբետի ախտանիշները: Առաջիկայում Հայաստան կժամանի նաև նրանց գիտական ղեկավարը, ում հետ կքննարկվեն համագործակցության ընդլայնման և ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով այլ շահագրգիռ կողմերի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր»,- փաստում է Վ. Հարությունյանը և ավելացնում, որ առաջիկա ծրագրերում ընդգրկված է նաև շնչառության միջոցով մարդու օրգանիզմում առկա ջրածնի պերօքսիդի որոշակի քանակը պարզելու նախագիծը, ինչը թույլ կտա ժամանակին ախտորոշել այնպիսի լուրջ հիվանդություն, ինչպիսին է լեզվի քաղցկեղը:
Միջազգային ակադեմիական միջավայրում մեծ հեղինակություն վայելող համալսարանականները՝ ի դեմս ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի, մի շարք ծրագրեր ունեն, որոնք, սակայն, պետական հոգածության և ֆինանսավորման կարիք ունեն:
«Դրսում բավականին լավ են արձագանքում մեր կողմից իրականացված ծրագրերին, մեր գիտական հոդվածները մեծ թվով հղումներ ունեն: Օրինակ՝ իմ 6 աշխատանքների վրա արված հղումները գերազանցում են 1.000-ը: Միայն դա արդեն վկայում է, որ աշխատանքներն ու գիտական արդյունքներն ինքնանպատակ չեն: ԵՊՀ ղեկավարությունն էլ մեզ տրամադրել է բոլոր հնարավորությունները, մասնավորապես՝ լաբորատորիա, որտեղ մենք նույնիսկ որոշակի քանակով արտադրություն կարող ենք կազմակերպել: Մենք կարող ենք ու պատրաստ ենք անհրաժեշտ սենսորներն արտադրել ու ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ՝ սպառողների ու պատվերների պակաս չենք ունենա: Ամբիոնը և կենտրոնը լավ կադրեր ունեն, արդի սարքեր, մեծ ներուժ, իսկ առկա խնդիրները գիտական դաշտից դուրս են»,- ամփոփեց ակադեմիկոսը:
Վարդուհի Զաքարյան