27.06.2018
«ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ՀՈԳ ՏԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». ԴԻԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Դիաննա Սահակյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Մշակութաբանություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտ է: Արդեն 4 ամիս է, ինչ փոխանակման ծրագրով նա ուսանում է Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում: Ձեռք բերելով նոր հմտություններ ու սովորելով նոր մեթոդներ՝ Դիաննան հուսով է, որ իր ներդրումը կունենա հայ մշակութային ժառանգության պահպանման գործում և կբարելավի Արցախի խաղաղ կյանքը:

Դիաննա Սահակյանը, 2013 թ.-ին ավարտելով Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի Վ. Թեքեյանի անվան համար 1 դպրոցը, ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժինը: Անչափ սիրելով մասնագիտությունն ու Հայաստանում կարևորելով հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը և այդ ոլորտում իր կողմից ներդրում ունենալու մեծ ցանկությունը՝ Դիաննան կրթությունը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի և Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի պրոֆեսոր Միքելե Նուչոտիի համագործակցության արդյունքում էլ մշակվել է ուսանողական փոխանակման ծրագիր, որը ֆինանսավորվել է «Էրազմուս+» ծրագրի կողմից: Եվ ահա դրան մասնակցելու հնարավորություն է ընձեռվել նաև Դիաննային:

«Արդեն 4 ամիս է, ինչ սովորում եմ Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում` մեծ հպարտությամբ ներկայացնելով ԵՊՀ-ն: Այստեղ սովորում եմ այնպիսի նոր մեթոդներ, ինչպիսիք են թեթև հնագիտությունը և հանրային հնագիտությունը: Հուսով եմ՝ սովորածս մեթոդների կիրառմամբ իմ ներդրումը կունենամ հայ մշակութային ժառանգության զարգացման գործում»,- մեզ հետ զրույցում ասաց Դիաննան:

Մասնագիտության ընտրությունը դեռևս դպրոցական տարիներին է կատարել. «Բերձորում տեսնելով կողքիս ավերակները, ապրելով այդ միջավայրում՝ որոշեցի դառնալ մշակութաբան: Սովորելու ընթացքում հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, իմ նպատակներին համահունչ կրթություն եմ ստանում»:

Իտալիայում Դիաննան սովորում է հանրային հնագիտություն. «Դրա միջոցով սովորում ենք, թե ինչպես կարելի է համայնքի, հասարակության կյանքը զարգացնել տուրիզմի, հնագիտական հուշարձանների շնորհիվ։ Հենց դա էլ մտադիր եմ անել Արցախում։ Պատրաստվում եմ կատարել դաշտային հետազոտություններ, այնուհետև հնագիտական հուշարձանների հետ կապված կազմել զարգացման ծրագրեր, որոնք կխթանեն ոչ միայն տուրիզմի զարգացումը, այլև տվյալ համայնքի մշակութային կյանքը։ Իմ նպատակն է հոգ տանել Արցախի մշակութային ժառանգության մասին և ներդնելով նոր գիտելիքներս՝ բարելավել Արցախի խաղաղ կյանքը»:

Դիաննայի հավաստմամբ՝ Իտալիայում հասկացել է, որ ԵՊՀ-ն իրականում շատ հնարավորություններ է տալիս. «Սակայն մենք՝ ուսանողներս, սովորաբար սիրում ենք բողոքել, բայց վստահ կարող եմ ասել, որ խնդիրը համալսարանը չէ, այլ ուսանողներն են: Հայաստանում ուսանողական ակտիվությունը, ըստ իս, շատ բարձր մակարդակի վրա չէ: Այստեղ ուսանողներն իրենք են նախաձեռնում և կազմակերպում հետաքրքիր միջոցառումներ, ապա դրանք իրականացնում համալսարանի հովանավորությամբ»:

ԵՊՀ ուսանողուհին նշում է, որ Հայաստանում շատ են կարդում, բայց գիտելիքները գործնականում կիրառելու խիստ սահմանափակ հնարավորություններ կան:

«Պրակտիկան մեզ մոտ շատ-շատ քիչ է: Առաջին բանը, որ կուզենայի ինձ հետ բերել ԵՊՀ, ուսանողի ակտիվությունն ու համալսարանի հետ ճիշտ համագործակցությունն է: Այստեղ ուսանողները լիարժեք ներգրավված են համալսարանական կյանքում: Համալսարանը միայն լսարանում դասախոսություն լսելով չի սահմանափակվում: Ուսանողի և դասախոսի հարաբերությունները չեն ավարտվում լսարանում: Ուսանողները լիարժեք հնարավորություններ ունեն օգտվելու համալսարանի լաբորատորիաներից, լաբորատորիաներում հենց իրենց նախաձեռնությամբ կազմակերպում են հետաքրքիր ծրագրեր»,- ասում է Դիաննան ու վստահեցնում, որ Հայաստան գալուց անմիջապես հետո պատրաստվում է ուշադիր հետևել այդ ամենին և լինել առավել ակտիվ ու նախաձեռնող:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ