19.06.2018
«ՄԻՇՏ ՍԻՐԵԼ ԵՄ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ, ՔԱՆԻ ՈՐ ՄԻՇՏ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՄ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ». ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Միքայելյանն ուսման տարիներին միշտ հետևել է իր մարզավիճակին և հաճախել ԵՊՀ մի շարք մարզական խմբակներ:

Մինչ Երևանի պետական համալսարան ընդունվելն Էմմա Միքայելյանը միշտ ցանկացել է ունենալ ակտիվ ուսանողական առօրյա: Նա դեռևս դպրոցական տարիներից հետևել է իր մարզավիճակին և զբաղվել սպորտով, համալսարանական կյանքի առաջին իսկ օրերից ընդգրկվել է ԵՊՀ թեթև աթլետիկայի խմբակում:

«Երբ առաջին կուրսում էի սովորում, ԵՊՀ վազքի թիմը, որում ընդգրկված էի նաև ես, մասնակցեց միջբուհական վազքի մրցույթին և գրավեց առաջին հորիզոնականը: Այնուհետև անդամակցեցի ԵՊՀ հրաձգության խմբակին, քանի որ դեռևս մանկուց ես կրակել սովորել էի ԵԿՄ պատանիների ակումբում, որտեղ նույնիսկ սերժանտի կոչում էի ստացել: 2015 թ.-ին միջբուհական հրաձգության մրցույթում ԵՊՀ թիմը, որում ընդգրկված էին երկու տղա և ես, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ աղջիկների անհատական պայքարում ես գրավեցի 3-րդ տեղը: Մեր թիմն իր առջև նպատակ դրեց, որ հաջորդ տարի նույն մրցույթին պետք է զբաղեցնի առաջին տեղը, և այդպես էլ եղավ: Ես էլ անհատական պայքարում մեկ միավորի տարբերությամբ գրավեցի 2-րդ հորիզոնականը: Մեր թիմն իր առջև նպատակ դրեց առաջին տեղը պահպանել նաև 2017 թ-ին. այդ նպատակն էլ իրականացրինք: Անհատական պայքարում ես կրկին զբաղեցրի երկրորդ հորիզոնականը»,- պատմում է Էմման:

Նա փաստում է, որ սպորտով զբաղվելը ոչ մի դեպքում չի խոչընդոտում ուսմանը, իսկ իր ֆակուլտետի դասախոսներն էլ մշտապես աջակցում և ընդառաջում են՝ գիտենալով, որ ինքն անդամակցում է ԵՊՀ մարզական մի շարք ակումբների և մասնակցում տարբեր միջբուհական մրցաշարերի:
Էմմա Միքայելյանը պատմում է, որ երկրորդ կուրսում բռնցքամարտի ձեռնոցներ է նվեր ստացել, ինչից հետո նաև ԵՊՀ բռնցքամարտի ակումբ հաճախելու միտք է ծագել՝ մարզաձևին ծանոթանալու համար:

«Պարապմունքների ընթացքում մարզիչը միշտ նշում էր, որ այդ մարզաձևն ինձ շատ հարմար է, սակայն մրցումների չէի ցանկանում մասնակցել, զուտ սիրողական նպատակներով էի հաճախում ակումբ: Շուրջ մեկ տարի բռնցքամարտի ակումբ հաճախելուց հետո որոշեցի հաճախել նաև ԵՊՀ «Ապառաժ» ժայռամագլցման ակումբ: Նայում եմ ժայռամագլցման հատուկ պատին, և թվում է, թե շատ հեշտ է այն բարձրանալ, սակայն, երբ սկսեցի բարձրանալ, տեսա, որ լավ էլ դժվար մարզաձև է այն: Միայն բազմաթիվ պարապմունքներից հետո ես սկսեցի շատ հեշտորեն բարձրանալ այդ պատը: Այս տարվա մարտին մասնակցեցի ԵՊՀ-ում կազմակերպված ժայռամագլցման բաց առաջնությանը. շուրջ 50 մասնակիցներից 10-ն անցան եզրափակիչ փուլ, որոնց մեջ նաև ես էի»,- հիշում է Էմման:

Խոսելով իր ֆիզիկական պատրաստության մասին՝ ԵՊՀ ուսանողուհին նշեց, որ այժմ ֆիզիկապես շատ կոփված է, ինչը, ըստ նրա, դա ինքնավստահություն է հաղորդում:

«Ես բոլոր համալսարանականներին խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով: Հրաշալի է այն փաստը, որ ԵՊՀ-ում բոլոր մարզական խմբակներն անվճար են, և ուսանողները դրանց անդամակցելու լայն հնարավորություններ ունեն: Վերանորոգված, գեղեցիկ ու լուսավոր մարզասրահներում շատ հաճելի է պարապմունքներ անցկացնելը: Ես զարմանում եմ, թե ուսանողներն ինչպես չեն օգտվում իրենց ընձեռված բոլոր հնարավորություններից: Եթե զբաղվում ես սպորտով, պետք է ճիշտ զբաղվես, ոչ թե մի քանի օր հաճախես ինչ-որ ակումբ ու այլևս չգնաս. այդպես կարող ես ինքդ քեզ վնասել: «Ֆիզիկական դաստիարակություն» առարկան շատ կարևոր է, պետք չէ այդ առարկային թերահավատորեն մոտենալ: Ես այժմ անդամակցում եմ ԵՊՀ «Ապառաժ» ժայռամագլցման և հրաձգության ակումբներին»,- եզրափակելով խոսքը՝ Էմման հավելեց, որ միշտ սիրել է սպորտով զբաղվելը, քանի որ միշտ ցանկացել է ուժեղ լինել:


Նադեժդա Տեր-Աբրահամյան

Տարվա այլ հրապարակումներ