ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, ֆիզ.մաթ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս 1948-1978 թթ.
  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)` լինելով ԲԱ հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկը։

  • 1955 թ-ին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950 - 1966 թթ. ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967 - 1973 թթ.՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973 - 1978 թթ. ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978 - 1992 թթ. եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979 թ-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992 - 2004 թ-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962 թ-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965 թ-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986 թ-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

    ԵՊՀ-ում դասախոսել է (1948 - 1978) դասընթացներ` տեսական աստղաֆիզիկա, երկնային մեխանիկա, արտամթնոլորտային աստղագիտություն:

    Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Կանխատեսել է մագնիսական դաշտի դերը մոլորակաձև միգամածություններում, մշակել սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտների, կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։

    Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ:

    Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։

    Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։

    Միջազգային աստղագիտական միության անդամ (1950); ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» (2011) և «Պատվո նշան» շքանշաններ։
  • ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
    1922-2014