ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ
Ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս


Ծնվել Է 1904թ. մարտի 4-ին Թիֆլիսում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) պոլիտեխնիկական ինստիտուտ, որն ավարտել է 1929թ.: 1927-1941թթ. աշխատել Է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:

Ա.Ալիխանովի առաջին աշխատությունները նվիրված են ռենտգենակառուցվածքային վերլուծությանը և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկային: 1932 թվականից նա զբաղվել է միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայով և ռադիոակտիվության ու միջուկների ռադիոակտիվ ճառագայթման հետազոտման ասպարեզում կատարել մի շարք աշխատանքներ, որոնք այսօր դարձել են դասական:

Ա.Ալիխանյանի և Մ.Կոզոդոևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի արձակման երևույթը, Ա.Ալիխանյանի հետ հայտնաբերել ռադիոակտիվ տարրերի (b- սպեկտորների տեսքի կախումը տարրի ատոմական համարից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ:

1940թ. Ա.Ալիխանովը կազմակերպել է էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը:

Հայրենական մեծ պատերազմի ամենածանր շրջանում` 1942թ., նա Ա.Ալիխանյանի հետ Արագածում հիմնեց գիտական կայան, իսկ ԵՊՀ-ում տիեզերական ճառագայթների ուսումնասիրման լաբորատորիա, որը ԵՊՀ կազմում վերածվեց ֆիզիակայի գիտահետազոտական ինստիտուտի` Ա.Ալիխանովի տնօրինությամբ, իսկ 1944-ին տեղափոխվեց ակադեմիայի համակարգ:

Ա.Ալիխանովն իր գործուն մասնակցությունն է ունեցել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ստեղծմանը և նրա հիմնադրման օրից դարձել ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ: Նրա գիտական ղեկավարությամբ 1949թ. ստեղծվեց ԽՍՀՄ առաջին հետազոտական միջուկային ռեակտորը` ծանր ջրի կիրառմամբ:

Նա երկար տարիներ ղեկավարել է Մոսկվայի` աշխարհում հայտնի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ ռեակտորաշինության բնագավառի աշխատանքներին զուգահեռ կատարվել են հիմնարար հետազոտություններ տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում:

Ա.Ալիխանովը մեծ ավանդ ունի նաև բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում կատարվող հետազոտությունների նյութական բազայի զարգացման գործում: Նրա ղեկավարությամբ Մոսկվայում կառուցվել է պրոտոնների արագացուցիչ` 7 ԳէՎ էներդիայով, որը դարձավ մոդել Սերպուխով քաղաքում կառուցված պրոտոնների` 70 ԳէՎ էներգիայով արագացուցչի համար, և որի նախագիծը մշակվեց Ա.Ալիխանովի ակտիվ մասնակցությամբ: Նա միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրներից է:

Ա.Ալիխանովն արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, ԽՍՀՄ Պետական մրցանակի (3), պարգևատրվել Լենինի (3) և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Վախճանվել է 1970թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում:
ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ
1904-1970