ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ
Բուսաբան,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1910թ. հունիսի 10-ին Շուշիում: 1929-1930թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1932թ. ավարտել է Թիֆլիսի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը:

1932-1935թթ. Ա.Թախտաջյանը եդել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտաշխատող, 1935-1943թթ. ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուդի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1938-1948թթ.` ԵՊՀ մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, 1943թ. ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէաբանության բաժնի վարիչ, 1944-1948թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հիմնադիր, 1949-1961թթ.`Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրակարգ բույհերի ամբիոնի պրոֆեսոր, 1951-1954թթ. նույն համալսարանի կենսաբանության և հողագիտության ֆակուլտետի դեկան, 1954-1988թթ. Լենինգրադի Վ.Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, 1963-1988թթ. նույն ինստիտուտի բարձրակարգ բուհերի ֆլորայի, կարգաբանության և էվոլյուցիայի բաժնի վարիչ, 1977-1986թթ.՝ նաև Վ.Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն:

1943թ. Ա.Թախտաջյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1944թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1945թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.` ակադեմիկոս, 1966թ.՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1972-ին՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:

Ա.Թախտաջյանը հեղինակ է շուրջ 400 աշխատության, այդ թվում 20 մենագրոլթյան, որոնք հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Առավել կարևոր են «Высшие растения» (М., 1956), «Die Evolution der Angiospermen» (Yena, 1959), «Система и филогения цветковых растений» (М., 1966), «Flowering Plants: Origin and Dispersal»(Edinburgh, 1969), «Floristic Regions of the World» (California, 1986) և այլն:

Ա.Թախտաջյանի խմբագրությամբ հրատարակվել են «Красная книга СССР», «Жизнь растений», «Флора Армении» և այլ բազմահատոր աշխատություններ ու բազմաթիվ տեղեկագրեր:

Ա.Թախտաջյանը XX գ. մեծագույն բուսաբաններից է և նշանակալի դեր է խաղացել Հայաստանում և Ռուսաստանում բուսաբանական գիտության մի շարք ճյուղերի զարգացման ու կայացման ուղղությամբ:

Նա իրավամբ համարվում է բարձրակարգ բույսերի ֆիլոգենիայի խոշորագույն մասնագետ:

Ա.Թախտաջյանը մի շարք երկրների (ՌԳ, ԱՄՆ, Գերմանիա, Նորվեգիա և այլն) ակադեմիաների իսկական անդամ է: Նա եղել է «Ботанический журнал» ամսագրի գլխավոր խմբագիր:

Ա. Թախտաջյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1967), Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումների, ԽՍՀՄ Պետական մրցանակի (1981), պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975), ժողովուրդների բարեկամության շքանշաններով, բազմաթիվ մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1947):
ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ
1910-2009