ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1904թ. նոյեմբերի 23-ին Սարիղամիշում (Կարսի մարզ): Դեռ դպրոցական տարիներից աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) դեղատանը որպես աշակերտ:

1922թ. Ա.Մնջոյանը տեղափոխվել է Երևան, աշխատել ՀԽՍՀ առողջապահության նախարարության դեղատնային
վարչությունում որպես ասիստենտ, ռեցեպտար, հսկիչ:

1928թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիադեղագործական, իսկ 1933թ.` ԵՊՀ բժշկական ֆակուլտետը: 1928-1938թթ. կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ դեղատների վարչության գիտահետազոտական արտադրական լաբորատորիան: 1937-1939թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի անօրգանական, 1937-1946թթ.` օրգանական քիմիայի, միաժամանակ 1937-1941թթ. և 1942-1951թթ.՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնների վարիչ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա.Մնջոյանը Երևանի բժշկական ինստիտուտում կազմակերպել և ղեկավարել է հատուկ քիմիական լաբորատորիա, որտեղ սինթեզվել են կարևոր դեղանյութեր ու մարտական թունանյութեր հայտնաբերող ինդիկատորներ:

1945-1950թթ. նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտը: Նրա կազմակերպած դեղագործական քիմիայի լաբորատորիայի հիմքի վրա 1955թ. ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որի գիտական ղեկավարը և տնօրենն էր Ա.Մնջոյանը մինչև կյանքի վերջը:

1950թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1953-ին՝ ակադեմիկոս: 1953-1960թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, իսկ 1964-1967թթ.` քիմիական բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար:

Ա.Մնջոյանը հեղինակ է ավելի քան 260 գիտական աշխատանքների, այդ թվում՝ բազմաթիվ մենագրությունների, որոնք վերաբերում են նոր արդյունավետ դեղանյութերի սինթեզին և օրգանիզմի վրա դրանց ներգործության ուսումնասիրմանը: Մինչև 1937թ. զբաղվել է Հայաստանի բուսական և հանքային հումքից դեղանյութեր ստանալու հետազոտություններով, իսկ 1944-ից՝ թմրեցնող նյութերի սինթեզով:

Ա.Մնջոյանի բազմաթիվ աշխատություններ նվիրված են օրգանական միացության կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապի ուսումնասիրությանը: Նա իրավամբ համարվում է Հայաստանում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի և հետազոտման ժամանակակից գիտական դպրոցի հիմնադիրը: Նրա նախաձեռնությամբ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ստեղծվել է կենսաբանական բաժին, ինչպես նաև՝ փորձնական արտադրություն: Նրա ղեկավարությամբ սինթեզվել և ուսումնասիրվել են բազմաթիվ նոր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ` դիթիլին, գանգլերոն, սուբեխոլին, արփենալ, մեսֆենալ և այլն, որոնք կիրառվում են սրտանոթային,
նյարդահոգեկան, վարակիչ և այլ հիվանդությունների, չարորակ ուռուցքների բուժման համար:

Ա.Մնջոյանը նաև տաղանդավոր ուսուցիչ էր. ստեղծել է քիմիկոսների ու դեղագետների մեծ դպրոց: Նրա ղեկավարությամբ տարիներ շարունակ հրատարակվել են «Հետերոցիկլիկ միացությունների սինթեզ» բազմահատոր պրակները, որոնք թարգմանվել են անգլերեն:

1961թ. Ա.Մնջոյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի, 1969թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Պարգևատրվել է Լենինի (3), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Վախճանվել է 1970թ. փետրվարի 21-ին Երևանում:

1972-ից ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կոչվում է Ա.Մնջոյանի անունով:
ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ
1904-1970