ԱՐՍԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆ
Գրականագետ, քննադատ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽԱՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1882թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Շուշիի հայկական սեմինարիայում: 1902թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո՝ 1905 թվականից ավելի քան կես դար նվիրվել է գիտամանկավարժական գործունեության: 1905-1907թթ. Շուշիի հոգևոր սեմինարիայում և 1909-1920թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդել է գրականության պատմություն և տեսություն:

Յուրացրած լինելով հոգեբանական դպրոցի սկզբունքները՝ նա ծավալել է գրականագիտական քննադատական գործունեություն հայ իրականության մեջ արմատավորելով և առաջինը կիրառելով պոեզիայի, արձակի և հրապարակախոսության գնահատման մեթոդաբանական տարբեր չափանիշներ: Այդ շրջանում լույս տեսան նրա «Վահան Տերյան. ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910), «Միքայել Նալբանդյան. ազգության հրապարակախոսը» (Ալեքսանդրապոլ, 1910), «Հովհաննե Թումանյան, հայրենի եզերքի քնարերգուն» (Վաղարշապատ, 1911) և այլ աշխատություններ:

1920թ. Ա.Տերտերյանը հրավիրվել է Երևանի նորաստեղծ համալսարան որպես դասախոս: 1929 թվականից մինչև կյանքի վերջը եղել է հայ գրականության իր հիմնադրած ամբիոնի վարիչ: Համալսարանում նա մեծ ջանքեր է գործադրել գրականագիտական բարձրորակ կադրեր պատրաստելու, հայ գրականության պատմության ծրագրերը մշակելու և դասավանդումը գիտական հիմքերի վրա դնելու ուղղությամբ:

1943թ. Ա.Տերտերյանին առանց ատենախոսության պաշտպանության շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նույն թվականին նա հաստատվել է նորաստեղծ ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամ:

Ա.Տերտերյանի կարևոր մենագրություններից են՝ «Շիրվանզադե. հայ ինտելիգենտի և ընտանիքի վիպասանը» (1911), «Աբովյանի ստեղծագործությունը» (Եր., 1941, 1947), «Հայ կլասիկներ» (Եր., 1944), «Շիրվանզադեի դրական տիպերի հանրագիտարան» (Եր., 1959), «Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան» (Եր., 1944), «Պերճ Պռոշյան» (Եր., 1955) և այլն:

1940թ. Ա.Տերտերյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1953թ. հոկտեմբերի 6-ին Երևանում:
ԱՐՍԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆ
1882-1953