ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1908թ. հունիսի 24-ին Գանձակում: 1931թ. ավարտել է Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) համալսարանը և աշխատանքի անցել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:

1940թ. Ա.Ալիխանյանն արժանացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճանի, 1942-ին` պրոֆեսորի կոչման: 1943թ. նա ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ էր: 1930-1943թթ. Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում եղել է գիտաշխատող, ապա`լաբորատորիայի վարիչ:

1931-1941թթ. դասախոսել է Լենինգրադի պետական համալսարանում: 1942թ. Ա.Ալիխանովի հետ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում կազմակերպել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրման լաբորատորիա, որը 1943թ. համալսարանի կազմում վերածվեց ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի: 1943-1973թթ. Ա.Ալիխանյանը, լինելով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ստեղծել է տիեզերական ճառայթների ուսումնասիրության բնագավառի գիտնականների մի ամբողջ դպրոց:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա.Ալիխանյանի կատարած մի շարք աշխատանքներ ունեցան պաշտպանական բացառիկ կարևոր նշանակություն:

1946թ. Ա.Ալիխանյանի ջանքերով ստեղծվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը:

1942թ. Ա.Ալիխանովի հետ ստեղծել է Արագածի տիեզերական ճառազայթների հետազոտման կայանը, որտեղ տիեզերական ճառագայթներում հայտնաբերել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղներ, մեծ էներգիայով պրոտոնների ուժգին հոսքեր և տիեզերական արագ նեյտրոնների ազդեցությամբ առաջացող պրոտոններ: Ա .Ալիխանյանն առաջինն է նշել տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: 1950-ականների կեսերին իր աշխատակիցների հետ նա կատարել է տարրական մասնիկների ուսումնասիրություն:

Ա.Ալիխանովի և Մ.Կոզոդոևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի առաքման երևույթը, Ա.Ալիխանովի հետ սահմանել ռադիոակտիվ տարրերի b սպեկտրների տեսքի կախումը տարրի ատոմական համարից: Հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ սիլիցիում տարրը:
Ա.Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է նաև Երևանի 6 ԳԷՎ էներգիայով արագացուցիչը:

1958թ. նա Հայաստանում հիմնադրել է Նոր Ամբերդի կայանը, միաժամանակ ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի միջազգային դպրոցը:

Ա.Ալիխանյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակների, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշանով:

Վախճանվել է 1978թ. փետրվարի 25-ին Մոսկվայում:
ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ
1908-1978