ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆ
Գրականագետ, քննադատ, թարգմանիչ
Ծնվել է 1886թ. մարտի 23-ին Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Նախնական կրթությունը ստացել է տեղի ուսումնարանում: 1905թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1912թ.` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Ց.Խանզադյանը գրական ասպարեզ է իջել 1910-ական թվականներին: Նրա առաջին հրապարակումները լույս են տեսել իր ճեմարանական դասընկերներ Վահան Տերյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Կարապետ Կուսիկյանի հետ հրատարակած «Գարուն» ալմանախում: Լինելով բազմագիտակ ու նրբաճաշակ գրականագետ` Ց.Խանզադյանը մասնակցել է Մ.Գորկու և Վ.Բրյուսովի կազմած ու խմբագրած հայ գրականության անթոլոգիաների ստեղծմանը:
Մոսկվայից տեղափոխվելով Բաքու` Ց.Խանզադյանն աշխատակցել է «Բաքվի ձայն» թերթին, «Գործ» ամսագրին:
1922թ. նա հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել հասարակական ֆակուլտետի դեկան, ապա երկար տարիներ գլխավորել ռուս գրականության ամբիոնը, բացառիկ վարպետությամբ կարդացել ռուս և անտիկ գրականության դասընթացներ:
Ց.Խանզադյանը լինելով ժամանակի եռանդուն քննադատներից մեկը` հաճախ հանդես է եկել «Գրասեր» ծածկանունով: Նրա հրատարակած հոդվածները վերաբերում են գրականության պատմության ու տեսության, գեղագիտության ու ընթացիկ հայ գրականության տարաբնույթ հարցերին:
Դասախոսական բեղմնավոր գործունեության հետ մեկտեղ Ց.Խանզադյանը զբաղվել է նաև գիտահետազոտական և գրականստեղծագործական աշխատանքով: Մ.Նալբանդյանի, Րաֆֆու, Գ.Սունդուկյանի, Ալ.Շիրվանզադեի, Հ.Հովհաննիսյանի, Հովհ.Թումանյանի, Ալ.Ծատուրյանի, Վ.Տերյանի և հայ մյուս դասականների ստեղծագործություններին նվիրված նրա ուսումնասիրություններն ու քննադատական հոդվածները այսօր էլ պահպանում են իրենց գիտական ու պատմաճանաչողական արժեքը: Կյանքի վերջին տարիներին Ց.Խանզադյանը զբաղվել է Վ.Ի.Լենինի երկերի հայերեն թարգամանությամբ:
Վախճանվել է 1935թ. սեպտեմբերի 19-ին Երևանում: