ԴԱՎԻԹ ԶԱՎՐԻՅԱՆ
Քիմիկոս, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1889թ. հունիսի 23-ին Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույնը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Դ. Մենդելեևին: Դեռևս համալսարանում ուսանելիս Զավրիյանը մեկնել է արտասահման և գիտական հետազոտություններ կատարել Փարիզի համալսարանում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ և անօրգանական քիմիայի դասախոս ու շարունակել գբաղվել գիտահետազոտական աշխատանքով: Դ. Զավրիյանը հիմնականում զբաղվել է անօրգանական քիմիայով, սակայն նրան հետաքրքրել են նաև ֆիզիկական քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, ինչպես նաև նավթի երկրաբանությանը վերաբերող հարցեր: Բացի իր բուն մասնագիտությունից նա զբաղվել է նաև հնագիտության ու լեզվաբանության հարցերով:

1921թ. Դ.Զավրիյանը Թիֆլիսից փոխադրվել է Երևան և նշանակվել ԵՊՀ տեխնիկական (բնագիտական) ֆակուլտետի դեկան: Նա մեծ աշխատանք է կատարել այդ ֆակուլտետի համար դասախոսական կադրեր հավաքագրելու, ինչպես էլ լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: 1921-ի վերջերին և 1922-ի սկգբին մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտոր, ապա համալսարանի գործերով մեկնել Մոսկվա ու Պետերբուրգ և չի վերադարձեր 1922թ. գարնանից աշխատանքի է անցել Թիֆլիսի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ: Իր գիտական գործունեության հետագա շրջանում նա սերտ կապերի մեջ է եղել ԵՊՀ-ի, Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտությունների ակադեմիայի հետ:

1939թ. Դ. Զավրիյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1957թ. օգոստոսի 11-ին Թբիլիսիում:
ԴԱՎԻԹ ԶԱՎՐԻՅԱՆ
1889-1957